HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողի մայր․ «Պարտակել են 25-ամյա երիտասարդի խմբակային սպանությունը»

Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի սպանության գործով Վերաքննիչ դատարանում լսվում են երկու կողմերի բողոքները: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի կողմից գործի քննությունից ու դատավճռից դժգոհ են թե՛ պաշտպանական, թե՛ տուժող կողմերը: Պաշտպանական կողմը գտնում է, որ 11 տարվա ազատազրկումը սպանության համար դատապարտված Արթուր Մարտիրոսյանի համար խիստ պատիժ է, իսկ տուժող կողմը՝ հակառակը, գտնում է, որ Արթուր Մարտիրոսյանը միակ մեղավորը չէ, որ նախաքննական մարմինը և դատարանը կոծկել են խմբակային սպանություն:

Հիշեցնենք, որ մոտ 4 տարի առաջ՝ 2014 թ-ի հոկտեմբերի 29-ին Արտյոմ Ադանալյանի հոր՝ Ավետիք Ադանալյանի՝ Գյումրիում գտնվող տնակում տեղի ունեցած ճաշկերույթը ողբերգական ավարտ է ունեցել: Ըստ մեղադրանքի, ժամը 20:30-ի սահմաններում Արտյոմը դիտողություն է արել հորը՝ կենացները ձգձգելու համար: Արթուր Մարտիրոսյանը միջամտել է՝ Արտյոմին անվանելով «Արտյոմիկ»: Վերջինս Արթուրին նույն կերպ է պատասխանել՝ անվանելով «Արթուրիկ», ինչի պատճառով սկսվել է քաշքշուկ: Ըստ դատավճռի, ապացուցված է համարվել, որ Արթուր Մարտիրոսյանը դանակով հարվածել է Արտյոմ Ադանալյանին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննությունը, որը տևել էր 3 տարի, ամիսներ առաջ ավարտվել է միակ մեղադրյալ Գյումրի քաղաքի Տեքստիլ թաղամասի բնակիչ Արթուր Մարտիրոսյանի 11 տարվա ազատազրկմամբ:

«Հետքը» դեռևս նախաքննության փուլից հետևում է այս քրեական գործի ընթացքին, մենք գրել ենք գործով խախտումների մասին: Ըստ երկու կողմերի էլ, խախտումներ են եղել նաև Շիրակի մարզի դատարանում:

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, նախ լսվեց պաշտպանական կողմի բողոքը: Արթուր Մարտիրոսյանը չէր մասնակցում նիստին. նա միջնորդել էր դատարանին առանց իր ներկայության լսել բողոքը՝ ակնկալելով դատարանից գթասրտություն և արդարադատություն: Արամայիս Հայրապետյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը՝ պահանջելով արդարացնել Արթուր Մարտիրոսյանին կամ արարքը վերաորոկել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, կամ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, կամ նշանակել մեղսագրված արարքի համար սահմանված նվազագույն պատիժ:

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը նշեց, որ այս գործի դատական քննությունը տևել է մոտ 3 տարի, ուստի խախտվել է իր պաշտպանյալի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, դատարանը անտեսել է կալանավորված Մարտիրոսյանի շահերը: Պաշտպանը նշեց, որ խախտվել է նաև հակընդդեմ հարցման իրավունքը: Արթուր Մարտիրոսյանը չի կարողացել հարցեր ուղղել իր դեմ վկայած անձանց: Գործի քննությամբ ներգրավված է եղել 22 վկա, դատարանը լսել է 13 վկաների, որոնցից, ըստ պաշտպանի, միայն 2-ն են կարևոր տեղեկություններ հայտնել դեպքի վերաբերյալ:

Պաշտպանն իր բողոքում շեշտեց, որ դատարանը քննության առարկա չի դարձրել անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակի սահմանազանցման հարցը: Նշենք, որ ըստ գործի նյութերի, Արթուր Մարտիրոսյանը ստացել է վնասվածքներ՝ գլխի, ոտքերի, աչքի շրջանում: Սակայն համալիր դատահոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու՝ պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

Այնուհետև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրեց իր բողոքը, որի պահանջն է՝ դատավճիռը բեկանել, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Արայիկ Պապիկյանը նույնպես անդրադարձավ վկաների հարցաքննությանը: Տուժող կողմը միջնորդել է դատարան հրավիրել ու հարցաքննել դեպքին ականատես վկաների, սակայն դատարանը մերժել է միջնորդությունները:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը նշեց, որ տուժողի սրտի ու թոքի շրջաններում առկա են եղել տարբեր չափսերի վնասվածքներ: Այսինքն՝ ըստ տուժող կողմի, հնարավոր է՝ տարբեր գործիքներով են նրան վնասվածքներ պատճառել, ինչը, սակայն, գործի քննությամբ չի պարզվել:

Ըստ տուժողի իրավահաջորդ, Արտյոմի մոր՝ Ռուզաննա Ադանալյանի, առաջին ատյանում գործը քննած դատավոր Աշոտ Մանուկյանը «բացառապես իրականացրել է դատախազության պատվերը»: Սպանված երիտասարդի մայրը, ինչպես նախաքննության սկզբում, այնպես էլ հիմա, երբ առաջին ատյանում գործի քննությունն ավարտվել է, պնդում է՝ «պարտակել են 25-ամյա երիտասարդի խմբակային սպանությունը, որը կրում է պատվիրված բնույթ»:

Ինչպես դատաբժիշկները, այնպես էլ դատահետքաբանները  դատարանում չեն կարողացել պատասխանել իրենց առաջադրված թվով 26 և ավելի հարցերին: Վերջիններս չէին պատասխանել նաև քննիչի որոշմամբ առաջադրված հարցերին, որոնց պատասխանները կհանգեցնեին Արտյոմ Ադանալյանին խմբի կողմից կատարված սպանությանը: Բացի այդ, Արտյոմի մայրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ տղայի հագուստների վրա 8 վնասված հատված է եղել, իսկ մարմնական վնասվածքները, ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության 2-ն են եղել: Ամենաուշագրավն այն է, որ փորձաքննությունը չի ունեցել լուսանկարների հավելված:

Ռուզաննա Ադանալյանը նշում է, որ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի քննության ընթացքում դատավոր Աշոտ Մանուկյանին վկաները դիմում էին «Հոպար ջան», իսկ նմանատիպ դիմելաձևը չէր սաստվում դատավորի կողմից:

Բողոքների քննությունը կշարունակվի հուլիսի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter