HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կարո Եղնուկյանը շարունակում է պահանջել, որ իր գործն անջատեն «Սասնա ծռեր»-ի այլ անդամների գործից

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստին փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ միջնորդություններով։

Փաստաբանը միջնորդեց որ Կարող Եղնուկյանի գործն առանձնացվի 11 անդամների գործից եւ առանձին քննվի, նշեց, որ մեղադրանքի հիմքում մի քանի հեռախոսազանգեր են, որոնց մասին մի քանի անգամ հայտարարել է։ Հայրապետյանը միջնորդեց նաեւ, որպեսզի Կարո Եղնուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, նշեց, որ թեեւ Եղնուկյանը գրավի դիմաց գտնվում է ազատության մեջ, սակայն չի կարողանում լքել երկրի սահմանները։ Ըստ փաստաբանի՝ եթե գործն առանձնացվի, ապա մի քանի նիստի ընթացքում կկարողանան լսել այն հեռախոսազանգերի վերծանումները, որոնց հիման վրա էլ առաջադրվել է Եղնուկյանի մեղադրանքը։ Փաստաբանը հայտնեց, որ Եղնուկյանի 83-ամյա մայրը ԱՄՆ-ում է, սրտի վիրահատության պատճառով չի կարողանում Հայաստան գալ եւ 2016թ.-ից հետո որդուն չի տեսել, ուստի սա եւս պատճառ է, որպեսզի Եղնուկյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվի։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդության քննությունը պետք է հետաձգվի, քանի որ գործում առկա ապացույցները չեն հետազոտվել եւ պարզ չէ, թե արդյոք Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքները այլ անձանց մեղադրանքներին կապվա՞ծ են, թե՞ ոչ։ Ըստ դատախազի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր առկա չեն։ Ինչ վերաբերում է ընտանիքի անդամներին տեսակցելու եւ տնտեսական գործունեություն ապահովելու մասին, Պետրոսյանը նշեց, որ չկա որեւէ ապացույց, որ Եղնուկյանի մայրը գտնվում է ԱՄՆ-ում եւ չի կարողանում Հայաստան գալ, ինչպես նաեւ չկա որեւէ փաստաթուղթ Եղնուկյանի աշխատանքի վերաբերյալ։ Ուստի հայտնեց, որ միջնորդության քննությունը պետք է հետաձգվի։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց գործից մաս անջատելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգել մինչեւ ապացույցների հետազոտությունը, իսկ ընտանիքի անդամներին տեսակցելու եւ տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ պահանջեց ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։ Դատավորը նշեց, որ այդ միջնորդությանը կանդրադառնան ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո։

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Հովհաննես Վարդանյանը լավ չէր զգում իրեն, եւ նրա համար շտապօգնության մեքենա հրավիրվեց դատարան։ Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին։

Հիշեցնենք, որ Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող գործով «Սասնա ծռեր»-ի 11 անդամներն էլ գտնվում են ազատության մեջ, քանի որ նրանց նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter