HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրագիտական թանգարանի տնօրեն. «Ծայրամասերում պետք է լինեն գործարանները, ոչ թե թանգարանները»

1930թ.-ին ստեղծված Շիրակի երկրագիտական թանգարանը, որտեղ պահվում է 30 հազար ցուցանմուշ, 30 տարի է` զրկված է շենքային եւ գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից: Թանգարանը շենքային պայմանների խնդիր ունեցել է նաեւ խորհրդային տարիներին: Մինչեւ 1984թ-ը թանգարանի ցուցադրության համար տրամադրված է եղել մանկավարժական ինստիտուտի առաջին հարկն ամբողջությամբ: Շիրակի երկրագիտական թանգարանի երկարամյա տնօրեն, ներկայում գիտական աշխատող Համազասպ Խաչատրյանը (ստորև լուսանկարում) պատմում է, որ Լենինականի քաղկոմի 2-րդ քարտուղար Դոնարա Հարությունյանի ղեկավարման տարիներին փորձել են թանգարանին առանձին շենք հատկացնելու հարցին վերջնական լուծում տալ, որը սակայն կիսատ է մնացել:

«70-ականներին մեզ առաջարկում էին զբաղեցնել «Գյումրի» ռեստորանի շենքը: Շենքը ֆունկցիոնալ առումով ընդհանրապես հարմար չէր թանգարանին՝ սրահից սրահ անցումների պահով եւ այլն: Երբ որ քաղկոմի քարտուղարը Հարությունյան Դոնարան էր, էդ ժամանակ նախկին պոլիտեխնիկի մոտ գտնվող մի հատ ուսումնարան լուծարեցին՝ շենքն ազատվեց: Ես մտա իր մոտ առաջարկով, թե արի կլինի սուր շնչառական հիվանդանոցը քաղաքի կենտրոնից տեղափոխեք ծայրամաս, մեզ տվեք էդ հրաշալի ճարտարապետական կառույցը, որն ի դեպ հիմա էլ կա, երկրաշարժից չի վնասվել,-պատմում է Համազասպ Խաչատրյանը,- այնտեղ երկրագիտական թանգարանի տեղակայումը ճիշտ կլիներ հենց թեկուզ նրանով, որ հարեւանությամբ Կումայրի հնագույն բնակավայրի պեղված հատվածն էր: Բայց էդ ժամանակ հարցի լուծումը ձգձգվեց, հետո երկրաշարժ եղավ, դրանից հետո էլ Վարդան Ղուկասյանը նշածս շենքը ծախեց Կարապետյան Հրայրին, էնպես, որ հավակնություններ էլ չէինք կարող ունենալ»:

Երկրաշարժից հետո, երբ քաղաքում առաջնային խնդիրը անօթեւաններին բնակարաններով ապահովելու հարցն էր, բարձրացնել թանգարանի շենքի խնդիրը երկրագիտական թանգարանի աշխատակազմը համարեց ոչ տեղին ու որոշեց սպասել: Իր հազարավոր ցուցանմուշներով թանգարանը տեղավորվեց Գյումրու Մյասնիկյան փողոցի 118 հասցեում գտնվող «Չափ ու կշեռքի» նախկին շենքի 6 սենյակում: Ցուցանմուշները տեղավորեցին հազարավոր տուփերում՝ սպասելով առավել բարենպաստ ժամանակների:

Անցած 70 եւ ավելի տարիների ընթացքում Շիրակի երկրագիտական թանգարանում են կենտրոնացվել պատմական Շիրակ գավառի նյութական եւ հոգեւոր մշակույթն արտացոլող տասնյակ հազարավոր նյութեր, որոնցից շատերը եզակի են եւ ունեն բացառիկ գիտամշակութային արժեք: Թանգարանի ցուցանմուշներն ամփոփված են հնէաբանության, հնագիտության, մարդաբանության, ազգագրության, դրամագիտության, գեղարվեստական, նոր եւ նորագույն պատմության փաստավավերագրական նյութերի հավաքածուներում:

Թանգարանի ունեցած գեղանկարների հավաքածուի հիմքի վրա Գյումրիում 80-ականներին ստեղծվել է պետական պատկերասրահը: Հովհաննես Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Աղաջանյանի, Գաբրիել Գյուրջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Հրաչյա Ռուխկյանի եւ ժամանակի այլ հայտնի նկարիչների շուրջ 150 գործեր ապահովել են թանգարանի գեղարվեստական հավաքածուն:

«Պատկերասրահը ստեղծվեց` մեր հավաքածուի 80 տոկոսը մեզնից վերցնելով: Երկրաշարժից հետո պատկերասրահում գտնվող գործերը տեղափոխվեցին Երեւանի պետական պատկերասրահ: Բայց մեր մոտ դեռ պահպանվում են որոշ գործեր: Եթե թանգարանի շենքի հարցը լուծվի, մենք հետ կվերադարձնենք Երեւան տարված գեղանկարները եւ կունենանք էն պատկերասրահը, որի մասին անընդհատ բարձրաձայնվում է»,- շեշտում է Համազասպ Խաչատրյանը:

Երկրագիտական թանգարանի ներկայիս տնօրեն Արտաշես Բոյաջյանի ներկայացմամբ` թանգարանի ողջ հզորությունն ու ամբողջական ծավալով առկա ցուցադրություններն ապահովելու համար հարկ է առնվազն 2500-3000 քմ տարածք, որի 2/3 ծառայելու է մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունների համար, իսկ մնացածը զետեղարանների, ռեստավրացիոն եւ ֆոտո-լաբորատորիաների, գրադարանի, դահլիճի, աշխատասենյակների եւ տնտեսական կարիքների համար:

«Թանգարանի շենքային պրոբլեմներին տեղյակ են եղել ու փորձել են լուծումներ տալ մարզպետներից Ֆելիքս Փիրումյանը, Նանյան Լիդան, Ֆելիքս Ցոլակյանը, մեր նախավերջին մարզպետը՝ Արթուր Խաչատրյանը ևս հասցրեց այս հարցի հետ առնչվել եւ այլն,- ասում է Համազասպ Խաչատրյանը,-Նանյան Լիդան սփյուռքահայ բարերար Հովհաննես Օյունջյանին 2008թ.-ին համոզում էր, որ դպրոց կառուցելու փոխարեն թանգարանի համար շենք կառուցի, անգամ բերել էր պեղավայր: Ասում էր՝ պարոն Օյունջյան, դպրոցն էնպիսի բան է, որ կառավարությունն այսպես, թե այնպես կառուցելու է, դու թանգարան կառուցի, բայց դե մարդը քույրերի, իր անունը հավերժացնելու խնդիր ուներ երեւի՝ չհամաձայնվեց: «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, իմ շատ լավ բարեկամ ֆրանսիահայ Պետրոս Թերզյանը բերեց բարերար Ալբեր Պողոսյանին ողջ ընտանիքով թանգարան, որ տեսներ` ինչ վիճակում ենք, ու էդ ժամանակ դրված էր շենք կառուցելու հարցը: Ուղղակի ստացվեց այնպես, որ այս ներդրումն էլ գնաց քույր Արուսյակի հաստատության կառուցմանը, մենք էլի մնացինք սպասողական վիճակում»:

Գյումրու բժշկական կենտրոնի կառուցումից հետո բուժհիմնարկների օպտիմալացման արդյունքում շենքեր ազատվեցին, որոնք կարող էին ծառայել տարբեր նպատակների: Թանգարանի նախկին տնօրինությունն, օգտվելով հարմար առիթից, քանի որ զրոյից կառուցման տարբերակները որեւէ կերպ իրականություն չէին դառնում եւ կային պատրաստի շինություններ, կրկին դիմեց կառավարությանը:


Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենքը

«Մենք դիմել ենք երկրի նախագահին եւ հաջորդող բոլոր վարչապետերին՝ սկսած Տիգրան Սարգսյանից,-ասում է Համազասպ Խաչատրյանը,- հենց շենքերը ազատվեցին, մենք նամակ ենք գրել, որ մեզ տրամադրեն Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքը, որ շատ հարմար էր թե´ տեղադրության վայրի, թե´ ֆունկցիոնալության, թե´ մեծության առումով: Անցած ողջ տարին մենք եռակողմ նամակագրության մեջ ենք եղել մշակույթի նախարարության եւ պետգույքի կառավարման վարչության հետ: Երկու տարբերակ կար, որ մեզ շատ հարմար էր՝ բժշկական քոլեջի շենքն ու վիրաբուժականինը: Հետո մեզ ասին, որ ուսումնարանի շենքը չի լինի, կարծես թե նախկին վարչապետն էր դա ուզում ձեռք բերել, մնում էր հիվանդանոցի շենքը»,- բացատրում է թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը:

Այս տարվա մայիսին, երբ կառավարության կազմը փոխվեց, հարկ եղավ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին ոչ միայն ներկայացնել հարցը, այլեւ հրավիրել Գյումրի՝ անձամբ համոզվելու համար թե ինչ պայմաններում են պահվում հազարամյա ցուցանմուշները, եւ ինչ պայմաններում է գոյատեւում թանգարանը:

«Թանգարանի շենք ունենալու հարցում շատ շահագրգռված է եղել նախարարներից Հասմիկ Պողոսյանը, հնարավորինս մեր կողքին է եղել Արմեն Ամիրյանը եւ նոր նախարարն էլ՝ տեղեկանալով խնդրին, մեծ հոժարությամբ ընդառաջ գնաց մեր խնդրանքին Գյուլբենկյանի` արդեն 5 տարի պարապ կանգնած շենքը տրամադրելու հարցում,- նկատում է Համազասպ Խաչատրյանը,- էսքան բանից հետո ես զարմացած եմ, թե ինչպես կարող էր Գյումրու քաղաքապետն իրեն ուղղված հարցմանը տալ բացասական պատասխան եւ առաջարկել մի շինություն, որի հետ կապված անցած տարի արդեն իսկ եղել է բացասական եզրակացություն»:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պատասխանելով մշակույթի նախարարությունից 15.06.2018թ.-ին ստացված հարցմանը՝ Շիրակի երկրագիտական թանգարանի շենքային պայմանների բարելավման վերաբերյալ, նշել էր, որ նպատակահարմար չի գտնում նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքի տրամադրումը եւ առաջարկում էր դրա փոխարեն ծայրամասային Բուլվարային թաղամասում գտնվող ՀՀ ազգային Վիճակագրության ծառայության տնօրինության տակ գտնվող շենքի մի հատվածը: Ըստ քաղաքապետի, հիվանդանոցի շենքը մեծ է երկրագիտական թանգարանի համար, բացի դրանից օրակարգում է մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը եւ «Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ի նախկին շենքը պահվում է այդ նպատակով:


Արտաշես Բոյաջյանը

«Նախ հասկանանք, թե ում օրակարգում է նախարարություն տեղափոխելը, Գյումրու ավագանու՞, թե՞ կառավարության,- հարցնում է տնօրեն Արտաշես Բոյաջյանը,- որքան մենք գիտենք այս պահին կառավարությունում ոչ թե ինչ-որ տեղափոխման հարց է քննարկվում, այլ շրջանառվում է հիվանդանոցի շենքը թանգարանին հանձնելու նախագիծը: Շենքը թանգարանին հարմար լինել-չլինելը վիճարկում է մի պաշտոնյա, ով ոչ իր պատգամավոր եղած տարիներին, ոչ էլ քաղաքապետ եղած ժամանակ ոչ մի անգամ ոտք չի դրել թանգարանի ներկայիս տարածք: Ուրեմն ինչպես կարող էր պարոն Բալասանյանը տեղյակ լինել, թե մեզ ինչ չափերի տարածք է հարկավոր, կամ ինչու հանկարծ որոշվեց, որ քաղաքի ծայրամասային թաղամասը պետք է զարգանա` հենց մեր թանգարանն այնտեղ տեղափոխելով: Ծայրամասերում պետք է լինեն գործարանները՝ օրինակ գարեջրի, ոչ թե թանգարանները: Իզուր չէ, որ խորհրդային տարիներին Լենինականի գարեջրի գործարանը քաղաքից դուրս էր կառուցվել, իսկ հիմա, չգիտես` ինչու, քաղաքի սրտում է»:

Համազասպ Խաչատրյանը եւս տարակուսած է այդ պատասխանից, որին թանգարանի աշխատակիցներն ու տնօրենը տեղեկացել էին համացանցից:

«Վիճվարչության շենքն անցած տարի մեզ առաջարկվել է պետգույքի կառավարման վարչության կողմից: Անցած հոկտեմբերին մշակույթի նախարարությունը եւ մենք մերժել ենք այդ առաջարկը ու հիմնավորել, որ աղբանոց տանող ճանապարհին, անհրապույր տարածքում չի կարող լինել քաղաքի հնագույն թանգարանը,- ասում է Համազասպ Խաչատրյանը,- ճիշտն ասած` էս վերջերս ես հեռախոսազանգ ստացել եմ քաղաքապետից: Առաջարկում էր վիճվարչության շենքը: Ես տեղեկացրի, որ այդ տարբերակն արդեն վաղուց չի քննարկվում: Ասում էր՝ ուզում եմ լավություն անել ձեզ, մեր հաշվին էլ ռեմոնտ կանենք: Ես նորից կրկնել եմ, որ մեզ լավություն անել պետք չէ, որ մենք բոլորովին այլ շենք ենք մատնացույց արել: Եվ հիմա զարմացած եմ, որ այդ խոսակցությունից հետո նման գրություն է գնացել: Իսկ ինչ վերաբերում է հիվանդանոցի շենքի մեզ համար մեծ կամ փոքր լինելուն, երբ մեր բոլոր ցուցասրահները բացվեն, երբ ձեւավորվի պատկերասրահը, գուցե գա մի պահ, որ մտածենք, թե անգամ փոքր է տարածքը: Այնպես որ մի փոքր անհասկանալի է մնում պարոն քաղաքապետի՝ մեզ կենտրոնում շենք չտրամադրելուն ուղղված մեկնաբանությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter