HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին զինվորը հաղթել է Եվրոպական դատարանում, սակայն նրա վիճակը դրանից հետո վատթարացել է

Թեև նախկին զինվոր, 19 տարեկանից համածառայակցի սպանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Ալիկ Մաթևոսյանի գործով Եվրոպական դատարանում հաղթանակ է գրանցվել 2017-ին, այդուհանդերձ նրա վիճակը այդ հաղթանակից հետո բարելավվելու փոխարեն վատթարացել է: Այս մասին «Հետքին» ահազանգեցին Ալիկի եղբայր Վազգեն Մաթևոսյանն ու պաշտպան Հարություն Բաղդասարյանը:  

«Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճռից հետո, երբ ճանաչվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգում) խախտում, Ալիկ Մաթևոսյանն ազատություն չի վերադարձել: Թեպետ 12 տարի անց դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության, այդուհանդերձ Ալիկ Մաթևոսյանի կարգավիճակը չի բարելավվել: Նա դատապարտյալից դարձել է կալանավոր. «Արթիկ» ՔԿՀ-ում կիսաբաց ռեժիմից տեղափոխվել է փակ ռեժիմ՝ կալանավորների համար նախատեսված:

«Ի՞նչ է ստացվում՝ միթե պետությունը «պատժում է» քաղաքացուն եվրոպական դատարան դիմելու համար»,- հռետորական հարց է բարձրացնում նախկին զինվորի փաստաբանն, ով 12 տարի պայքարում է իր պաշտպանյալ Ալիկ Մաթևոսյանի անմեղության ճանաչման համար: Եթե Եվրոպական դատարանի վճիռն ու դրա հիմքով գործի վերաբացումը չլիներ, հնարավոր է Ալիկ Մաթևոսյանը շուտով պայմանական վաղաժամկետ ազատվեր, քանի որ պատժի 15 տարվանից 12-ն արդեն կրել է:

«Բանն այն է, որ փոխվել է Ալիկ Մաթևոսյանի կարգավիճակը՝ դատապարտյալից ամբաստանյալի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Անգամ հիմա նա չի կարող ներկայացվել պայմանական վաղաժեմկետ ազատման, երբ օրենքով ժամկետը լրացած է»,-մեզ հետ զրույցում ասաց Ալիկ Մաթևոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ այս քրեական գործի ամբողջ շրջապտույտը տևել է 11 տարի՝ 2006-2017թթ., այնուամենայնիվ մինչ օրս դեռ հանգուցալուծված չէ: Անցնելով բոլոր երեք դատական ատյաններով, նոր միայն 2010-ին ուղարկվել է ՄԻԵԴ: 7 տարի անց՝ 2017-ի սեպտեմբերի 14-ին, ՄԻԵԴ-ը հերթական վճիռն էր կայացրել ընդդեմ մեր պետության. «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրվել էր, որ քննության նյութ չեն դարձել մեղադրյալի կողմից խոշտանգման մասին վկայությունները, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման: ՄԻԵԴ-ը մեր պետությանը պարտավորեցրել էր 6000 եվրոյի ոչ նյութական փոխհատուցում տրամադրել Ալիկ Մաթևոսյանին: Գործը ՄԻԵԴ-ի լույսի ներքո, որպես նոր հանգամանք, ներկայացվել էր Վճռաբեկ դատարան: 2018թ. հունիսի 15-ին վճռաբեկ դատարանը պաշտպանի բողոքը բավարարել է և գործն ուղարկել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Ալիկ Մաթևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատարանը թողել է կալանավորումը:

«Փաստորեն ունենք պարադոքսալ մի իրավիճակ. վճռաբեկ դատարանը թեև Ալիկ Մաթևոսյանի օգտին է ընդունել որոշում, սակայն, դրանով իսկ վատթարացրել է նրա վիճակը: Փաստացի, ավելի քան 12 տարի անազատության մեջ լինելով, ունենալով դատապարտյալի կարգավիճակ, հասնելով կիսաբաց ռեժիմ, ներկայումս Ալիկը ամբաստանյալի կարգավիճակում պետք է տեղափոխվի փակ ռեժիմի խուց՝ մինչև առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորման հարցի քննարկումը»,-նշում է Ալիկ Մաթևոսյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

Ալիկ Մաթևոսյանի եղբայրը՝ Վազգենը, շեշտում է, որ ՔԿՀ-ում բոլորն էլ գիտեն, որ Ալիկի «գլխին սարքել են, որ ինքը մարդասպան չի», ասում է, որ Ալիկը բանտում լավ վարքագիծ է դրսևորել, մասնակցել է դասընթացների, ամուսնացել է անցյալ տարի. «Իսկ հիմա աբսուրդի հասնող վիճակ է ստեղծվել, երբ այս պահին ազատազրկված եղբորս օգտին որոշում կա՝ գործը վերաբացելու, առաջին ատյան տեղափոխելու հետ կապված, սակայն փոխանակ դա բարելավի եղբորս վիճակը, հակառակը՝ վատացրել է նրա բանտային ռեժիմը՝ կիսաբացից դարձնելով փակ: Գոնե 12 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո, հիմա՝ որպես մեղադրյալ ներգրավվելուց երկամսյա կալանք չանցկացնի բանտում, այլ խափանման միջոցը փոխվի»,-ասում է Ալիկ Մաթևոսյանի եղբայրը, ով մտավախություն ունի, որ եղբոր նոր կարգավիճակով պայմանավորված՝ տեսակցություններն էլ կնվազեն, իսկ երկարատև տեսակցություն առհասարակ չի կարող լինել կալանքի տակ:  

Այս ողբերգական պատմությունը սկսվել էր դեռևս 2006թ. ապրիլի 29-ին, երբ ՀՀ ՊՆ թիվ X զորամասի մոտակայքում, անտառում զինծառայողները հայտնաբերել էին համածառայող Աղվան Հարությունյանի դին` ծառից կախված վիճակում: Աղվանի սպանության մեջ մեղադրվել էին երկու համածառայակիցները՝ Ռաֆիկ Հարությունյանն ու Ալիկ Մաթևոսյանը՝ դատապարտվելով 12 և 15 տարվա ազատազրկման: Ներպետական դատարանները հաստատված ու ապացուցված էին համարել, որ Ռաֆիկն ու Ալիկն են կախելու միջոցով սպանել Աղվանին խուլիգանական դրդումներով: Դատարանները հաշվի չէին առել, որ մեղադրյալների ցուցմունքները բռնությունների հետևանքով են ձեռքբերվել:

Հարություն Բաղդասարյանն իր վճռաբեկ բողոքում, նաև` ՄԻԵԴ ուղարկած գանգատում նշել է, որ Ալիկ Մաթևոսյանին մեղադրանք են առաջադրել հենց մյուս մեղադրյալ Ռաֆիկ Հարությունյանի ցուցմունքների հիման վրա: Ըստ պաշտպանի գանգատի, Ալիկ Մաթևոսյանի նկատմամբ ռազմական ոստիկանության աշխատակիցները 2006թ. մայիսի 2-ից մինչև 20-ը իրականացրել են ծեծ ու խոշտանգում: Ցուցմունք կորզելու նպատակով ծեծել են նաև գործով Ռաֆիկ Հարությունյանին, որի քիթը ջարդվել է, սակայն ո՛չ նախաքննության մարմինը, ո՛չ էլ դատարաններն այս հանգամանքները հաշվի չեն առել: Ալիկ Մաթևոսյանը անազատության մեջ է եղել 2006թ. մայիսի 1-ից. Ռազմական ոստիկանությունում՝ 18 օր է պահվել, կալանավորվել է միայն 2006թ. մայիսի 20-ին: Սակայն ծեծի և խոշտանգումների հետևանքով ձեռք բերված «ապացույցները» համարել են օրինական և դրել մեղադրանքի ու դատավճռի հիմքում: Իսկ 2006թ. սեպտեմբերի 23-ի որոշումից երևում է, որ Ալիկ Մաթևոսյանին և Ռաֆիկ Հարությունյանին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել և քրեական հետապնդում չի իրականացվել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Լուսանկարում փաստաբան Հարություն Բաղդասարյանն է

Մեկնաբանություններ (8)

Մոսո
Ալիկն իմ մանկության ընկերնա ի սկզբանե չեմ հավատացել նրան առաջադրված մեղադրանքին միշտ հակված եմ եղել այն մտքին, որ նա անմեղ է։ Հուսանք այս անգամ դատական համակարգը և մեր նոր իշխանությունները հետևողական կլինեն որպիսի չոտնահարվի մարդու իրավունքները և շուտափույթ ազատ կարձակեն անմեղ մարդուն
Gohar
Հայաստանում միշտ է անարդարություն եղել։Բոլորին է հայտնի, որԴատական համակարգի անօրինականությունների արդյունքում տասնյակ անմեղ մարդիկ են հայտնվում ճաղերի ետեվում։Հույս ունենք , որ նոր Հայաստանում կվերականգնվի արդարությունը։
Գոռ
Ճանաչելով թե Ալիկին և թե իր ընտանիքիկ կարծում եմ, որ դատական համակարգը պետք է հետևողական լինի Եվրոպական դատարանի որոշմանը.
Mari
Երբ այսպես կոչված գենեռալներն ու մի շարք օլիգարխներ մի ամբողջ տասնամյակներ շարունակ սպանությունների, խոշտանգումների, կտտանքների ու թալանի մի ամբողջական շարք էին իրականացնում , մեր կույր ու արդարությունից հեռու դատական համակարգում հազիվ կարողանում էին կաշառք ստացացած գումարները մսխել ու մի քանի տասնյակ անմեղ կյանքեր կործանել, աչք փակելով երկրում կատարվող ոճրագործությունների վրա: Գոնե հիմա , երբ երկիրը մաքրվում է մաֆիայի իշխանական կլանից, երբ արդարության նոր շունչ է զգացվում, հարգարժան դատարաններ , հարգեք եվրոպական դատարանի որոշումը, վերանաեք ձեր խիղճը. մի թույլ տվեք,որ արդեն իսկ կործանված կյանքերը արժանանան ճակատագրին..
Հրայր
Բոլորս էլ շատ լավ ճանաչում ենք թե՝Ալիկին թե իր ընտանիքին, ու շատ լավ տեղյակ ենք որ անմեղա, լավ կլիներ որ դատական համակարգը վերականգներ արդարությունն ......
Արտաշ
Ես վստահ եմ Ալիկի անմեղության վրա: Էս ամենը նախկին իշխանությունների թևի տակ աճած կոռումպացված համակարգի դրսևորումա: Ու հիմա պետքա էս ամենը փոխվի: Դատականը համակարգը պետքա գործին նոր ընթացք տա ու էս հարցը պետքա շատ արագ լուծվի:
Արթուր
*հայտնի է եղել իր մարդասիրությամբ
Արթուր
Ռազմական ոստիկանությունը միշտ հայտնի է եղել իր ես դեպքում էլ նույննա, 18 օր ռազմականում մնալուց մարդ ինչ ասես իր վրա կվերցնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter