Երեքշաբթի, 17 հուլիսի

Ներդրումային ստանդարտների համատեքստը՝ բարոյականացված համաշխարհային շուկա



Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում շահարկվող «միջազգային ստանդարտներ» բառակապակցությունը կարիք ունի խորքային վերլուծության։

Մենք ապրում ենք գլոբալացված ֆինանսականացված աշխարհում, որտեղ պետության դերը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի և ներպետական կարգավորիչ հեղինակության, նվազ է կամ միտում ունի է՛լ ավելի նվազեցվել։ Որպես կանոն, պետության սահմանած նորմատիվ կարգավորումները համարվում են տվյալ ոլորտում հեղինակություն։ Ոչ պետական հեղինակություն կարող են վայելել պետությունից դուրս գտնվող սուբյեկտներ՝ կոմերցիոն կամ քաղաքացիական ասոցիացիաներ, ստանդարտավորման կամ ռեյտինգային կազմակերպություններ, նույնիսկ՝ արհմիություններ, որոնք օգտագործում են ոչ պետական կարգավորումներ և ունեն յուրահատուկ «օրինականություն»։ Ներկայիս գլոբալացված շուկայական աշխարհում շուկայի ինքնակարգավորման սկզբունքները ներթափանցել են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները, ու առաջացել են պետության կարգավորիչ դաշտին զուգահեռ կամ հաճախ՝ դրանից վեր գործող «ինքնակարգավորիչ» համակարգեր, այսինքն՝ հանրային կյանքի կարգավորման մասնավոր ձևեր։ Ըստ էության, օրենսդրական կարգավորման ու հեղինակության տեղափոխություն է տեղի ունեցել հանրային կարգավորիչ դաշտից՝ դեպի մասնավոր հեղինակության դաշտ։

Քանի որ խոսքը «ինքնակարգավորման», այսինքն՝ ներքին հանձնառության մասին է, ուրեմն խնդիրը նաև բարոյական դաշտում է։ Եվ իսկապես, մասնավորի «բիզնես էթիկայի» մասին տեսությունները ակտիվորեն մշակվել են բիզնեսի տարբեր համալսարաններում, այդ թվում՝ աշխարհի «հեղինակավոր» բիզնես դպրոցներում, ու սկսել ակտիվորեն շրջանառվել։ Այս օրրաներում են ծնվել «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն», «կորպորատիվ քաղաքացիություն» հասկացությունները, որոնք ըստ էության կորպորացիաների բարոյականության ու ֆինանսական հաստատությունների սոցիալ-բարոյական հանձնառությունների մասին տեսություններ են, որոնք արագորեն դուրս են հորդել համալսարաններից ու գրավել զանգվածային լրատվամիջոցները, կորպորացիաների գովազդները, նույնիսկ պետության ապակարգավորվող հռետորաբանությունը։ Այսինքն՝ տեղի է ունեցել շուկաների բարոյականացում, իսկ շուկաների գովաբանվող առավելությունը դրանց «ռացիոնալությունն» է, ուստի էթիկական նորմեր որդեգրած շուկան արդեն իսկ «ինքնակարգավորվող» և «ինքնանորմավորված» մի ոլորտ է, որը չունի պետության կարիքը, քանի որ ինքնին արդեն հեղինակություն է։

Եվ ահա, ստեղծվել են «պատասխանատու» շուկաներ, որոնք իրենց մեր ներառում են  «արժեքներին միտված» ներքին կազմակերպական համակարգեր կամ վարքականոններ։ Սա գլոբալացված աշխարհի «պատասխանատվության միջոցով կառավարման» ներկայիս մոդելն է բնութագրում։ Արժանի հարցադրում է այդուհանդերձ, թե ինչո՞ւ են գլոբալ շուկաները «բարոյականանում» ու «պատասխանատուանում»։ Երկու պարզ պատասխան կարելի է առաջարկել միանգամից՝ «լավ բան անելը լավ է բիզնեսի համար» (Համաշխարհային բանկի՝ տարածում գտած լոզունգը) և ուրեմն՝ դա շահութաբեր է, և երկրորդ, ներքին վարքականոնների գլոբալացումը հետ է մղում պետության կարգավորիչ ու վերահսկիչ (ինչպես նաև պատժիչ) դերը։

Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարողականի ստանդարտների էությունը

2003թ․մի քանի տասնյակ խոշոր բանկեր ու ներդրումային ֆինանսական հաստատություններ հռչակեցին «Էկվատորիան սկզբունքները» որպես խոշոր ծրագրերի ֆինանսավորման ոլորտում պոտենցիալ ռիսկերի գնահատման ու կառավարման ուղեցույցներ։ Ծրագրեր ասելով՝ ի նկատի ունեն մեծ ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ջրամբարների շինարարության և նմանատիպ մեծածավալ ու դրամատար ծրագրեր, որոնք որպես կանոն ունենում են խոշոր ու երկարատև բնապահպանական ու սոցիալական ազդեցություն։ Եվ ուրեմն, «Էկվատորիան սկզբունքների» միջոցով ֆինանսական ոլորտի ընկերությունները՝ բանկեր, ներդրումային հիմնադրամներ, կենսաթոշակային հիմնադրամների և ակտիվների կառավարիչներ, միջազգային զարգացման բանկեր ֆինանսավորման ռիսկերի մեջ են ներառում բնապահպանական ու սոցիալական ռիսկերը և հռչակում, որ «իրենց նպատակն է ապահովել, որ իրենց ֆինանսավորած ծրագրերը մշակվեն ու իրականացվեն սոցիալապես պատասխանատու ձևով ու ունենան բնապահպանական կառավարման մեխանիզմներ»։ Թեև այս հռչակագիրը ներկայացվում է որպես աշխարհի բազմաթիվ վայրերում բնության անխնա ավերի ու մարդկանց իրավունքների ոտնահարման համաշխարհային սուր քննադատության պատասխան և այդ պրակտիկաները դադարեցնելու հանձնառություն, կարելի է պնդել, որ «լավ բան անելը լավ է բիզնեսի համար» սկզբունքը այստեղ նույնպես գերակա շարժառիթ է եղել։

Համաշխարհային բանկի մաս կազմող Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)՝ մասնավոր ոլորտի ֆինանսավորմամբ և մասնավոր շահութաբեր գործունեությամբ զբաղվող այս կառույցը, որդեգրում և վերաշարադրում է «էկվատորյան սկզբունքները» որպես ՄՖԿ կատարողականի ստանդարտներ։ ՄՖԿ-ի կամ ՄՖԿ ստանդարտներին հղում անող այլ ներդրողների ֆինանսավորումը ստացած հաճախորդները պարտավորվում են ստանձնել այս վարքականոնները։

Խոշոր ծրագրերի ֆինանսավորումը տարբերվում է բանկային վարկավորման ստանդարտ մոտեցումներից, երբ վարկը տրվում է որոշակի գրավի կամ երաշխիքի դիմաց։ Այս դեպքում ֆինասնավորման հիմքը բացառապես պարտքն է, այսինքն՝ հաճախորդը չունի գրավի ենթակա ակտիվներ, սակայն խոստանում է խիստ շահութաբեր գործունեություն, ուստի ֆինասնավորողների համար հաճախորդների կանխատեսվող վճարունակության ու շահութաբերության ռիսկերը մեծ են լինում։ Այս յուրահատուկ կախվածություն առաջացնող հարաբերություններում հաճախորդների համար շատ կարևոր է լինում իրենց ֆինանսավորողին չկորցնելը, ֆինասնավորողները դառնում են մեծ հեղինակություն, ուստի ՄՖԿ ստանդարտների որդեգրումը դառնում է ֆինասավորման կայունության երաշխիքներից կարևորագույնը։ Պետության դերի նվազեցման պարագայում, երբ զարգացող պետությունները հարկադրված են լինում ամեն հնարավոր ստորացուցիչ պայմաններով «ներգրավել ներդրողների», որոշումների հիմնական կայացնողները լինում են ֆինանսավորում ստացած հաճախորդները՝ մասնավոր ընկերությունները։ Վերջիններիս համար կարևորագույն նշանակություն են ունենում իրենց ֆինանսավորող բանկերը, ուստի հենց ֆինանսական ոլորտի վարքականոններն են դառնում նրանց համար գերակա, այլ ոչ թե՝ օրինակ՝ իրենց նեղ ոլորտի համաշխարհային լավագույն պրակտիկան։ Հարաբերությունները զարգանում են բացառապես երկու այս մասնավոր սուբյեկտների միջև, որտեղ հաճախորդները հաշվետու են լինում իրենց ֆինանսավորողին։

Միջազգային ֆինանսական կորպորացիան իր յուրահատուկ դերն ունի համաշխարհային շուկաները խթանելու հարցում՝ իր ուղղակի միջամտության շնորհիվ։ Բոլոր այն ծրագրում, որտեղ ՄՖԿ-ն հանդես է գալիս որպես վարկավորող կամ կապիտալ ներդրող, ֆինանսական շուկան ստանում է ազդակ, որ իրենք նույնպես կարող են ֆինանսավորել տվյալ ծրագիրը։ Հենց այսպիսի մոդել է աշխատել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրի պարագայում, երբ ՄՖԿ ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի նախնական ֆինանսավորումը աշխատել է որպես նոր ներդրողների ներգրավման կանաչ լույս։ ՄՖԿ ստանդարտների մեջ գերակա տեղ ունի բնապահպանական ռիսկերի կառավարումը, քանի որ բնության վրա ազդեցությունն ահռելի է լինում նման ծրագրերում։ Եվ ուրեմն, բարոյականության շուկայացման մեր աշխարհում սկսում է գործել հայտնի մեկ այլ լոզունգ՝ նախորդի անալոգիայով․ «կայուն շրջակա միջավայրը կայուն բիզնեսի երաշխիքն է», իսկ իրականում «բարոյական կառավարման» համակարգն ըստ էության փոխարինում է պետության կողմից արտաքին վերահսկողական կարգավորիչ դաշտին և դատաիրավական պատասխանատվությանը։

Քանի որ ներդրումային այս ստանդարտները, որպես ներքին վարքականոններ, հանրային բարոյականության կոմերցիալիզացիայի արդյունք են, շատ կարևոր է լինում այդ բարոյական կերպարի պահպանումը։ Եվ ուրեմն առաջանում է շուկայական մի նոր ոլորտ՝ «համբավի կառավարումը»։ Համբավի կառավարման խորհրդատվական ընկերություններ են առաջանում, նոր մասնագիտություն է դառնում «համբավի կառավարիչը»։ Ամուլսարի ծրագրի պատասխանատու Լիդիան ընկերության համար նման խորհրդատուներից է անգլիական critical resourcе-ը։ Թեև հայտնի չէ, թե մասնավորապես Լիդիանն իր համբավի կառավարման ուղղությամբ որքան ֆինանսներ է ուղղել, սակայն ակնհայտ է, որ ռեսուրսներ չի խնայել լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում իր մասին դրական կերպար ապահովելու, PR-ի լայն համակարգ ստեղծելու համար։ Իսկ քանի որ ՄՖԿ-ն ֆինանսական շուկայում ամենահեղինակավոր ներդրողներից է համարվում, ՄՖԿ ստանդարտներ բառակապակցության գործածությունը նույնպես տեղավորվում է վերը նշված՝ բարոյականացված շուկայավարման տրամաբանության մեջ։

ՄՖԿ կատարողականի ստանդարտներն ու դրանց հակասությունը այլ կարգավորիչ դաշտերի հետ

ՄՖԿ կատարողականի ստանդարտները 8-ն են՝ 

  1. Բնապահպանական ու սոցիալական ռիսկերի գնահատում
  2. Աշխատողների իրավունքներ ու աշխատանքային պայմաններ
  3. Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և աղտոտման կանխում
  4. Առողջության պահպանություն
  5. Հողերի ձեռքբերում ու հարկադիր տեղահանում
  6. Կենսաբազմազանության պահպանություն
  7. Տեղաբնիկ ժողովուրդներ
  8. Մշակությաին ժառանգության պահպանություն

Ներքին հանձնառություն համարվող այս սկզբունքները մի քանի խնդիրներ են պարունակում ու ոչ թե համընկնում են ներպետական ու միջազգային կարգավորիչ դաշտին, այլ հաճախ՝ հակասում, թեև ստանդարտների ՄՖԿ մեկնաբանությունները նշում են, որ ընկերությունների գործունեությունը պետք է չհակասի գործունության վայր հանդիսացող պետության օրենքներին։

Նախ՝ մի քանի նուրբ ու դվժար նկատելի խնդիրներից։ ՄՖԿ-ն ունի կատարողականի ստանդարտները մանրամասնեցնող մեկնաբանություններ։ Այս մեկնաբանությունները գրված են լեզվաբանորեն այնպիսի մանիպուլյատիվ կերպ, որ նրբորեն ստեղծում են անորոշություն ու պարտականությունների լղոզում։ Օրինակ, կատարողական առաջին ստանդարտի կապակցությամբ՝ անցկացնել բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատում գրված է, որ «երբեմն բնապահպանական ու սոցիալական ռիսկերի գնահատումն ու կառավարումը կարող է լինել կառավարության պարտականությունը»: Նման լեզվական ձևակերպումները, կրավորական եղանակով նախադասությունների շարադասումը հետապնդում են անոշություն ստեղծելու, պարտականությունները լղոզելու, ընկերությանը կամ ֆինանսավորողին ոչ թե որպես գործող դերակատար հստակորեն մատնանշելու, այլ հաճախ՝ անորսալի գործողություններ նշելու նպատակ: Այնուհետև, ՄՖԿ ստանդարտների լեզուն բացառապես ֆինանսական ու շուկայական լեզվի ու տրամաբանության կրկնօրինակում է։ Այսպես, եթե կան ռիսկեր, ապա դրանք պետք է կառավարել։ Ուստի եթե կան բնապահպանական ու սոցիալական բացասական ազդեցություններ, ապա դրանք պետք է կառավարվեն՝ «մեղմացվելու» ու »փոխհատուցելու» միջոցով՝ կարծես Երկիր մոլորակում տնտեսագետ մարդը աստված է ու ամեն ինչ կարող է կառավարել։ Չկա տարբերակ, որ այդ ռիսկերից պետք է պարզապես խուսափել գործունեությունը չֆինանսավորելու կամ չսկսելու միջոցով։

Երկրորդ, ՄՖԿ ստանդարտներով սահմանված գործողությունները բացառապես ֆինանսավորում ստացող ընկերության դաշտում են, ու չկան որևէ մեխանիզմներ, որոնք պարտադրում են ֆինանսավորողներին ստուգել ընկերության անցկացրած գնահատումներն ու կազմած «ռիսկերի կառավարման պլանները» տվյալների հավաստիության առումով: Մասնավորապես Ամուլսարի պարագայում մենք հավաստիացանք, որ Լիդիանի մեկնաբանությունները՝ կապված ջրերի վրա ոսկու արդյունահանման իր ծրագրի ազդեցության հետ, չեն համապատասխանում գիտականորեն ու ճշգրիտ եղանակով չափումներ ու գնահատումներ անելու՝ ոլորտում ընդունված գիտական մեթոդներին ու պրակտիկային: Ստացվում է, ՄՖԿ ստանդարտները հռչակագրային սկզբունքներ են, նույնիսկ եթե ընկերությունները ներկայացնում են ռիսկերի գնահատման ու կառավարման հաշվետվություններ, չկա որևէ մեխանիզմ, որը այդ ստանդարտների շրջանակներում կստուգի դրանց հավաստիությունը:

Կարևոր է ընդգծել, որ այս հաշվետվություններն առաջին հերթին ֆինանսավորողների համար են նախատեսված, ներպետական մակարդակում նման ազդեցությունների մասին փաստաթղթերը կանոնակարգվում են ներքին օրենսդրությամբ, օրինակ՝ Հայաստանի պարագայում պարտավոր են անցնել փորձաքննություն (չխորանանք, որ փաստացի չի արվում դա), իսկ ահա ֆինանսավորող բանկերն իրականացնում են հիմնականում ադմինիստրատիվ վերահսկողություն, ստուգում են, որ նման գնահատում անցկացվի, սակայն չունեն՝ օրինակ երկրաքիմիկոսներ, ովքեր կստուգեն ներկայացված գնահատման հավաստիությունը կամ չկան վթարների կառավարման մասնագետներ, ովքեր կհավաստեն, որ ներկայացվել են իրատեսական պլաններ, որ վթարները տվյալ տարածքում իսկապես կկանխվեն կամ դրանց տեղի ունենալու դեպքում նախատեսված արձագանքները պատշաճ են:

Երրորդ, ՄՖԿ կատարողական ստանդարտները որևէ կերպ չեն հիշատակում մարդու իրավունքների պահպանության երաշխավորումը: Աշխատանքային պայմանների ու աշխատողների մասով երկրորդ կատարողականն ինքնին չի կարող մարդու իրավունքների պահպանություն համարվել, որովհետև խիստ նեղ շրջանակ ունի, ու հաճախ նույնիսկ կիրառելի չի դառնում, որովհետև ընկերությունները շատ ժամանակ աշխատում են ենթակապալառու ընկերությունների միջոցով և հեշտորեն ազատվում են իրենց ծրագրում աշխատող այլ գործատուների աշխատողների նկատմամբ պարտավորություն ունենալուց: Համայնքների սահմանադրական ու բացարձակ իրավունքները՝ առողջության, առողջ ու բարեկեցիկ միջավայրի, որոշումների կայացմանը մասնակցելու և այլն, ներդրումային ստանդարտներում տեղ չունեն:

ՄՖԿ ստանդարտները նշում են, որ ընկերությունները պետք է իրականացնեն հանրային կոնսուլտացիաներ, ի դեպ՝ հատուկ շեշտադրելով բնիկ ժողովուրդներով բնակեցված տարածքներում, կարծես միայն կոնսուլտացիաներ անցկացնելը կարող է ինքնին նշանակել «համայնքներից տեղեկացված համաձայնության» ստացում: Համաձայնությունը ենթադրում է «ոչ» ասելու հնարավորություն, ՄՖԿ ստանդարտները լիովին անտեսում են, որ իրենց ֆինանսավորած ծրագրերը կարող են չիրականացվել համայքների անհամաձայնության պատճառով, կարծես «ոչ» ասելու իրավունքը գոյություն չունի: Այս առումով այս ստանդարտները շատ ավելի թույլ են, քան հանրային լսումների մասին ներպետական հայաստանյան կարգավորումները և պարտադիր կատարման ենթակա՝ Օրհուսի կոնվենցիայի պահանջները, համաձայն որոնց՝ քաղաքացիները պետք է ունենան շրջակա միջավայրի վրա ազդեցություն ենթադրող ծրագրերի որոշումների կայացմանը մասնակցելու արդյունավետ հնարավորություններ: ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին օրենքի շրջանակներում կառավարության կողմից սահմանված ազդակիր համայնքներում անցկացվում են հանրային լսումներ, ներկայացվում են ծրագրերի բոլոր տեսակի ազդեցությունները՝ այդ թվում՝ բացասական, կազմվում են արձանագրություններ, որոնք հաշվի են առնվում բնապահպանական թույլտվություն տալու գործնթացում: Այսպիսով, բացի ներպետական օրենսդրությունից, կա նաև միջազգային իրավունքի հետ հակասություն, այս պարագայում՝ Օրհուսի կոնվենցիայի հետ:

Մեկ այլ միջազգային կոնվենցիայի անտեսում, եթե ոչ՝ ուղղակի խախտում է անդրսահմանային ազդեցության գնահատման բացակայությունը ՄՖԿ ստանդարտներում։ Ոչ միայն այն երկրների պարագայում, որոնք ստորագրել են ԷՍՊՕ-ի կոնվենցիան (ի դեպ՝ Հայաստանը ստորագրել է), այլև բոլոր երկրների համար գործում է միջազգային իրավունքի՝ do no harm սկզբունքը։ Եթե ՄՖԿ ստանդարտները չունեն անդրսահմանային ազդեցության գնահատման պահանջ, ապա դրանք «բարձր» չեն կարող համարվել։

ՄՖԿ ստանդարտներում նշված է, որ ընկերությունները պետք է պահպանեն կենսաբազմազանությունը, ստանդարտների մեկնաբանություններում հղում է արվում Կենսաբազմազանության մասին միջազգային կոնվենցիային, սակայն ակնհայտ է, որ խոշոր ենթակառուցվածքային կամ հանքարդյունաբերական ծրագրերը չեն կարող չունենալ բացասական ազդեցություն կենսաբազմազանության վրա: Հղումը Կենսաբազմազանության մասին կոնվենցիային արհեստական է, օրինակ՝ վտանգված բուսատեսակների և կենդանատեսակների պահպանությունը ըստ կոնվենցիայի պետք է տեղի ունենա տեղում՝ in situ։ Հայաստանի օրենսդրությամբ վտանգված բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանությունը իմպերատիվ է և նրանց ապրելավայրերը նույնպես չեն կարող վտանգվել: Երբ Ամուլսարի դեպքում Լիդիանը հղում է անում միջազգային ստանդարտներին՝ իբր դրանք բնապահպանության առումով բարձր պահպանություն են ենթադրում, իրականում ընկերությունը պարզ մանիպուլյացիա է անում, քանի որ անհնար է, օրինակ, Կենսաբազմազանության կոնվենցիայի և հայաստանյան օրենսդրության համապատասխանություն համարել Մատնունի ծիրանավոր վտանգված բուսատեսակի ֆիզիկական տեղափոխումը մեկ այլ վայր՝ որպես դրա ապրելավայրի ոչնչացման փոխհատուցում: Միջազգային ստանդարտի անվան տակ տեղի է ունենում տեղական ու միջազգային օրենսդրության կոպտագույն խախտում։

Մեծ խնդիր է Համաշխարհային բանկի և դրա անդամ՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի դատաիրավական անձեռնմխելիությունը, այսինքն, երբ ՄՖԿ-ն ինքն է խախտում իր իսկ սահմանած ստանդարտները որևէ պետություն կամ պետության քաղաքացի չի կարող դատական կարգով վիճարկել ՄՖԿ ներդրումային գործունեությունը և պահանջել փոխհատուցում։ Միակ վիճարկմանը հնարավորությունը ՄՖԿ ներքին գանգատարկման մեխանիզմն է Կատարողականի համապատասխանության օմբուդսմենի գրասենյակ, որի եզրակացությունները միշտ չէ, որ ՄՖԿ տնօրենների խորհրդի կողմից իրականացվում են, իսկ եթե հետևանք են ունենում, ապա միայն ՄՖԿ ֆինանսավորումը դադարեցնելու տեսքով։ ՄՖԿ-ն գրանցված է ԱՄՆ-ում և Համաշխարհային բանկի հետ միասին վայելում է «Միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության մասին ակտի» ապահոված բացարձակ անձեռնմխելիությունը։ Սա արդեն գլոբալ անարդարության հարց է։

Այս օրինակները շատ են, ընդհանուր առմամբ կարելի է ամփոփել, որ բանկերի ներդրումների համար սահմանված ստանդարտները չեն կարող ուղենիշ համարվել ո՛չ կառավարությունների, ո՛չ էլ տվյալ երկրի բնակչության համար, քանի որ դրանք ստեղծված են զուտ բիզնես տրամաբանությամբ՝ որպես ռիսկերի կառավարման պլանավորում։ Մյուս կողմից, ՄՖԿ ստանդարտներ «կիրառող» բազմաթիվ ընկերությունների գործունեությունը ողջ աշխարհում իրականում ցույց է տալիս, թե ինչ ողբալի հետևանքներ են ստեղծել դրանք, սակայն շարունակել են հորջորջալ «բարձր» ստանդարտների մասին։ Հայերեն համաշխարհային նման փորձի մասին կարող եք կարդալ «Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով» և «Զեկույց. ինչպես է Միջազգային ֆինանսական կորպորացիան շահում Աֆրիկայում հողերի բռնագրավումից» հոդվածները։ Առաջին հոդվածում նշված աղետալի «ստանդարտներով» գործող հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսի ղեկավար անձնակազմից աշխատում են նաև Լիդիանի Ամուլսարի ծրագրում։ Անգլերեն շատ ավելի շատ զեկույցներ ու հետաքննություններ կան այս թեմայով, Օքսֆամի՝ «Ուրիշների զրկանքները, ֆինանսական միջնորդների միջոցով ՄՖԿ ֆինանսավորման մարդկային գինը»,Միջազգային հետազոտությունների շվեյցարական ցանցի հետազոտությունը աշխատավորական կազմակերպությունների վրա ՄՖԿ ստանդարտների ազդեցության մասին,  Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ու Հաֆինգթոն փոսթի՝ «Համաշխարհային բանկը թշվառություն է տարածում աշխարհով մեկ» հոդվածների շարքը։

Աննա Շահնազարյան

 

 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ