Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Մեր երկրում մեզ մարդ չենք զգում»



Սոտքի ոսկու հանքավայրը շահագործող հնդկական «Ֆըսթ Դայնսթի Մայնզ» ընկերությունը մայիսի 11-ին տեղի ունեցած գործադուլի համար աշխատանքից ազատել է հանքավայրի 24 աշխատակիցների, որոնցից 11-ը Սոտքի հանքի «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության անդամներն են: Արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Սահակյանը հայտնեց, որ հունիսի 3-ին գնացել է աշխատանքի, սակայն նրան թույլ չեն տվել տարածք մտնել: Վերադարձել է տուն ու տեղեկացել, որ ընկերությունը փոստով ծանուցում է ուղարկել. «Ձեր ծառայությունը համարվում է դադարեցված սկսած 05թ.-ի մայիսի 12-ից, առանց հարգելի պատճառների գործալքության համար, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36 հոդվածի 4-րդ կետի: Դուք կարող եք գալ եւ ստանալ Ձեր վերջնահաշարկը»:

Արհմիության նախագահը շեշտեց, որ եթե դադարեցրել են իր աշխատանքային պայմանագիրը, ապա իրեն' իբրեւ արհմիության նախագահի, իրավունք չունեին աշխատավայր չթողնելու, քանի որ «Արհմիության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածում ասվում է. «Արհեստակցական միության ղեկավար մարմի ներկայացուցիչները, աշխատանքային պայմանների ուսումնասիրման նպատակով, իրավունք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այցելել այն աշխատատեղերը, որտեղ աշխատում են տվյալ արհեստակցական միության անդամները»: Բացի այդ, ինչպես նշեց պրն Սահակյանը, ուղարկվածն անհասցե նամակ է՝ առանց հրամանի ու համարակալման: Նշված 24 աշխատակցից բացի, եւս 81 մարդու կարգավիճակն անորոշ է. նրանց դիմումներն ընդունել են, բայց աշխատավայր թույլ չեն տալիս մտնել: «Սոտքում աշխատում եմ 1979թ.-ից, բոլորի հետ կրկին դիմում գրեցի, բայց ինձ չընդունեցին: Ինձ ասում են՝ աշխատանքից ազատել ենք, որովհետեւ «շատ ես խոսել», իսկ մենք միայն մեր աշխատանքային իրավունքներն ենք փորձել պաշտպանել,-ասաց արհմիության անդամ Մհեր Շաբոյանը:

Արհմիության անդամները պատմեցին, որ ընկերության ղեկավարությունը ամեն ջանք գործադրել է արհմիության ստեղծմանը խոչընդոտելու համար, մինչեւ անգամ կաշառք է առաջարկել արհմիության ղեկավարներին, իսկ երբ հրաժարվել են կաշառքն ընդունել, ազատել են աշխատանքից: «Արհմիության 11 անդամները չլինեին՝ ժողովուրդը ծայրահեղությունների էր գնում, մինչեւ իսկ հնդիկներին սպանելը, հիմնարկն ավերելը, որովհետեւ ոչ ոք հետաքրքրված չէր, թե ինչու են գործադուլ անում, մենք զսպել ենք ժողովրդին: Հիմա ուզում են արհմիութենական կազմակերպությունը ոչնչացնել եւ շարունակել այն, ինչ անում էին»,-ասացին նրանք:

Մամուլն անդրադարձավ այս խնդրին՝ տեղեկացնելով, որ մայիսի 11-ից Սոտքի հանքավայրի աշխատակիցները գործադուլ էին սկսել, որի արդյունքում սեփականատերը աշխատանքից ազատել է բոլորին: Աշխատողները երկու հիմնական պահանջ են ներկայացրել հանքավայրը շահագործող «Արարատի ոսկու արդյունահանման ընկերության» (ԱՈԱՁ) ղեկավարությանը՝
Կարճ ժամկետում աշխատակցի եւ ընկերության մինջեւ կնքվող աշխատանքային պայմանագիրը համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին:
Ստեղծել համատեղ հանձնաժողով կոլեկտիվ պայմանագրի նախապատրաստման համար, որը կկարգավորի գործատուի եւ վարձու աշխատողի փոխհարաբերությունները աշխատանքի, աշխատանքի պահպանման, տեխնիկայի անվտանգության եւ այլ հարցերի շուրջ:

Նշված պահանջները հանքավայրի աշխատակիցները գործատուին ներկայացրել էին ամիսներ առաջ, սակայն աշխատակիցներ-գործատու հանդիպումը տեղի ունեցավ գործադուլը սկսելուց 5 օր հետո միայն: Ընկերության հնդիկ ղեկավարներն առաջարկում են դադարեցնել գործադուլը եւ բարձրացված հարցերը քննարկել աշխատանքի ընթացքում, սակայն հանքավայրի աշխատակիցները, անընդունելի համարելով առաջարկը՝ «երկու ամիս ունեին պայմանները քննարկելու համար, սակայն ոչինչ չարեցին» հիմնավորմամբ, որոշում են տեղի չտալ: Նրանց ասելով՝ Գեղարքունիքի մարզպետը փորձեց բանակցությունների մեջ ներգրավել կառավարության իրավասու պաշտոնյաներին, սակայն բոլորը հրաժարվեցին՝ հարցի լուծումը թողնելով սեփականատիրոջը: Գործատուն ներկայացված պահանջներից՝ կիրառել անվտանգության տեխնիկայի կանոնները, բարելավել աշխատանքային պայմանները, վերանայել դրամի կուրսը, որը տատանումների ընթացքում 25%-ով արժեզրկվել էր, վերանայել է միայն վերջինը:

Ընկերությունը դադարեցրել է գրեթե բոլորի՝ 463 մարդու աշխատանքային պայմանագրերը եւ առաջարկել նոր դիմումներ ներկայացնել աշխատանքի ընդունվելու համար: Միաժամանակ Վարդենիսի գյուղերից 100 մարդ է հավաքագրել՝ ցույց տալու համար, որ աշխատուժի խնդիր չունեն: Միայնակ մնալով իրենց պահանջների հետ եւ աշխատանքի այլ հնարավորություն չունենալով՝ հանքափորները ստիպված են եղել կրկին դիմում գրել աշխատանքի ընդունվելու համար, գործընկերների ասելով՝ արդեն շատ ավելի ստորացուցիչ պայմաններով:

«Նրանց վիճակն ավելի վատ է, քան մերը»,-ասում են գործազուրկները: «Աշխատանքային գրքույկում չկա, թե ինչ հոդվածով նրանց ազատեցին եւ ինչ հոդվածով են աշխատանքի ընդունում: Հիմա նրանք 33,7% պակաս են ստանալու, եթե սահմանված պլանը չկատարեն: Բացի այդ, օրենքին հակառակ, գործատուն 1 ամսով է աշխատանքային պայմանագիր կնքում նրանց հետ, 200 դոլար աշխատավարձով աշխատողին ազատում է, 50 դոլար աշխատավարձով 4 հոգու է ընդունում: Միջին աշխատավարձը 100-110 դոլար է այդ տաժանակիր աշխատանքի դիմաց: Մեզ տալիս են այնքան, որ մեր ընտանիքի հետ քաղցից չմեռնենք եւ ծառայենք նրանց»,-պատմեցին նրանք:

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Եվգենի Կոժեմյակինի ասելով՝ մարդիկ ծանոթ չեն օրենքներին, եւ նրանց հետ կնքված պայմանագրերը հակասում են գործող օրենսդրությանը՝ Աշխատանքային օրենսգրքին, «Վարձատրության մասին» ՀՀ օրենքին: «Դա համարվում է վտանգավոր պայմաններում կատարվող աշխատանք: Ամսվա միջինը 24 աշխատանքային օր պետք է լինի, նրանք 190 ժամ են աշխատում: Սոտքում երկու հերթափոխով են աշխատում՝ 12 ժամով (թույլատրելի ժամը 8-ն է), առանց հավելյալ վճարման, 1 տարիֆով: Մինչդեռ արտաժամյա աշխատանքի համար այլ կերպ պետք է վճարել: Մեղրաձորում 4 հերթափոխով էին աշխատում, մենք արգելեցինք, ա նհրաժեշտ է օդափոխել տեղանքը, հիմա 3 հերթափոխով են աշխատում: Ընկերությունը դեմ է արհմիություն ստեղծելուն, արհմիությունը պետք է իր աշխատողի աշխատուժը վաճառի ու կոլեկտիվ պայմանագրով կարողանա իր կենսականը ապահովել: Սակայն ԱՈԱՁ-ն հրաժարվում է կոլեկտիվ պայմանագիր կնքելուց՝ չնայած «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածն ասում է. «Գործատուն պարտավոր է իր աշխատողներին միավորող արհեստակցական միության հետ կնքել կոլեկտիվ պայմանագիր»,-ավելացրեց պրն Կոժեմյակինը:

Ոսկու հանքի աշխատակիցների ասելով՝ հնդիկների արածը չի սահմանափակվում միայն Հայաստանի օրենքներն անտեսելով, նրանք մարդկային արժանապատվությունն են ոտնահարում, ինչն արդեն լցրել է շատերի համբերության բաժակը: «Մեր երկրում մեզ մարդ չենք զգում,զրկված ենք տարրական իրավունքներից: Օրինակ՝ էներգետիկին կարող են պարտադրել, որ անվադող փոխի, երկրաբանին՝ էլեկտրական լար ձգի եւ այլն: 24 տարեկան մի տղայի, որը մեքենան էր յուղում, եւ յուղը մի քիչ ծորացել էր, Էլեկտրամեխանիկական բաժնի հնդիկ ղեկավար Անանդը հարկադրեց քսայուղը ուտել, հակառակ դեպքում՝ կազատի աշխատանքից»,-ասում են նրանք:

Հանքի մշակման նախագծով պետք է բավարարվեին լեռնատեխնիկական անվտանգության պայմանները, սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկում: Նախկինում 5 տարին մեկ անգամ կարող էր մահվան դեպք լինել, այն դեպքում, երբ փակ հանքում էին աշխատում, իսկ հիմա ընկերության եռամյա գործունեության ընթացքում բաց հանքի պայմաններում խեղման բազմաթիվ դեպքեր կան, եւ 2002թ.-ից մահվան 3 դեպք է գրանցվել: Զուգարան կառուցելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում, սակայն դրա անհրաժեշտությունն էլ սեփականատերը չի տեսնում: 500 մարդ, այդ թվում՝ կանայք, մի փոքր տարածքում եւ՛ աշխատում են, եւ՛ ճաշում, եւ՛ իրենց պետքերն են հոգում: Ոչ խմելու ջուր կա, ոչ լվացվելու ջուր, ոչ էլ բաղնիք, մազութի մեջ կորած՝ մարդիկ տեխնիկա են վերանորոգում: Գործատուն հրաժարվում է անգամ նշված ամենատարրական կենցաղային պահանջները բավարարել:

«Արարատի ոսկու արդյունահանման ընկերության» տնօրեն Վարդան Վարդանյանն անմիտ է համարում աշխատակիցների հատկապես վերջին պահանջները: Նրա ասելով՝ գործադուլի առիթը մեկին աշխատանքից ազատելը եղավ, որից հետո մեկ ամսում 4տ դիզվառելիք են տնտեսել, նա էլ դրդեց գործադուլի: Կարողացել են հասնել նրան, որ, ի վերջո, միլպետն էլ ազատվի աշխատանքից:

Ի պատասխան տնօրենի՝ «Լեռնագործ» արհեստակցական կազմակերպության փոխնախագահ, մասնագիտությամբ երկրաբան Հունան Խաչատրյանն ասաց, որ իրենց հետ ջուր են տանում, որովհետեւ Սոտքի բաց հանքում բացարձակապես ջուր չկա. «Մեքենայի այն մասում, ուր դրված էր լինում ջրի շիշը, վերցրեցի ու խմեցի, տղաներից մեկը բղավեց, որ ծծմբական թթու էր, բայց արդեն խմել էի, ինձ տեղափոխեցին Երեւան, ես իմ ընկերների միջամտության շնորհիվ բժշկական ծախսերը ստացա, բայց բոլորը չեն, որ կարողանում են ստանալ կամ քիչ են տալիս: Կոկորդս չորանում է, ես շարունակական բուժման կարիք ունեմ, բայց այդ հնարավորությունը չունեմ, երբ այդ խնդիրները դնում ենք ընկերության առջեւ, դառնում ենք հնդիկների թշնամին»: Մեկ ուրիշ անգամ նրան արձակուրդից ետ են կանչել, աշխատել է 15 օր, սակայն չեն վարձատրել: Անգլերենով մի գրություն են տվել, որը ներկայացրել է աշխատավարձ ստանալու համար, բայց այդ թղթով հրաժարվել են վճարել: Պարզվել է, որ ստորագրել է մի թղթի տակ, որտեղ անգլերենով գրված է, թե կամովին հրաժարվում է վճարից:

2004թ.-ին Մարդու իրավունքների Պաշտպանի աշխատակազմում աշխատանքից ազատման, աշխատավարձերի չվճարման կամ ուշացումներով վճարման, արտադրությունում ստացված խեղումների կամ ձեռք բերած մասնագիտական հիվանդությունների համար հասանելիք վնասների փոխհատուցումների չվճարման առնչությամբ մոտ 130 դիմում է մուտքագրվել: Ստացված դիմումների գերակշիռ մեծամասնությունը վերաբերում է մասնավոր սեկտորին: «Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունների առկա վիճակի վերլուծությունը վկայում է, որ աշխատանքային իրավունքները մեր իրականության մեջ, գերազանցապես մասնավոր ոլորտում, զանգվածաբար ոտնահարվում են: Բացասական գործոն է նաեւ պետության կողմից աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ ոչ բավարար հսկողությունը»,-ասվում է Պաշտպանի զեկույցում:

«Սրա վերջը հնդիկներին սպանելն է»,-ասում են Սոտքի հանքավայրի աշխատակիցները, քանի որ այդ ամենի մասին ժամանակին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ գլխավոր Ոստիկանապետին, Կառավարությանը, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել: Առայժմ նրանց հաջողվել է միայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի տեսչության հետաքրքրությունը շարժել: Տեսչության պետ Արսեն Գրիգորյանը հայտնեց, որ ներկայումս ստուգումներ են իրականացնում «Ֆըսթ Դայնսթի Մայնզ» ընկերության բոլոր հիմնարկություններում եւ, հավանաբար, մեկ շաբաթից կամփոփեն այն:

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ