Կիրակի, 22 հուլիսի

Փոփոխություններ՝ կաթնամթերքի մակնշման մեջ



Կաթնային ու կաթ պարունակող ապրանքները շուտով ավելի հեշտ կլինի տարբերակել. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք փոփոխություններ է իրականացրել այդ ապրանքների մակնշման կանոններում: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:

Այս փոփոխությունները «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՝ ՄՄ ՏԿ 033/2013 տեխնիկական կանոնակարգում ընդունվել են դեռևս 2017թ. նոյեմբերի 20-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ, և ուժի մեջ են մտնելու այս տարվա հուլիսի 16-ից:

Ըստ այդ նախագծի՝ մակնշման փոփոխությունները թույլ կտան սպառողին հստակորեն տարբերակել կաթնային յուղ կամ դրա փոխարինիչ պարունակող կաթնային արտադրանքները, քանի որ մակնշման մեջ դրա մասին արդեն պետք է նշվի հատուկ տառատեսակով, գույնով և չափով:

Մասնավորապես, արտադրողը պարտավոր է մակնշման մեջ նշել տեղեկություն բուսական յուղի պարունակության, ինչպես նաև՝ կաթի յուղի փոխարինիչի առկայության վերաբերյալ:

Ավելին, «պարունակում է բուսական յուղեր» գրությունը պետք է տեղակայվի պիտակի հատուկ մասում և այնպիսի տառատեսակով ու գույնով, որ լավ տեսանելի լինի:

Փոփոխությունների համաձայն՝ ապրանքի անվանման մեջ անպայման պետք է նշվի, որ այն կաթնամթերք չէ, այլ կաթնային յուղի փոխարինիչով, կաթ պարունակող արտադրատեսակ: Բացի այդ, անվանումը պետք է ներառի այն ապրանքի տեխնոլոգիան, որով պատրաստվել է:

Օրինակ` թթվասերանման կաթնային արտադրանքի դեպքում պետք է գրվի՝ կաթ պարունակող արտադրանք՝ կաթնային յուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով, կամ կաթ պարունակող արտադրանք՝ կաթի յուղի փոխարինիչով՝ պատրաստված կաթնաշոռի տեխնոլոգիայով և այլն:

Մակնշման մեջ թույլատրվում է «կաթ պարունակող արտադրանք»-ը փոխարինել այն ապրանքատեսակի անվանումով, որի «նմանակը» պատրաստվել է: Օրինակ` կաթ պարունակող կաթնաշոռ, թթվասեր, կրեմ  և այլն:

Սակայն, կաթի յուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանքի մակնշման մեջ չի թույլատրվում այնպիսի հասկացությունների կիրառումը, որոնք տեխնիկական կանոնակարգով նախատեսված են կաթի և կաթնային արտադրանքի համար, ինչպես նաև՝ բոլոր այն դեպքերում, երբ ապրանքի անվանումից սպառողը կարող է մոլորության մեջ ընկնել:

Մասնավորապես, կաթ պարունակող ապրանքների մակնշման մեջ բացառվում է կաթնային արտադրանքի հետ առնչվող բառերի կիրառումը, ինչպիսիք են՝ «պանրանման», «պանրային», «պանրագործական», «թթվասերիկ», «կաթնաշոռիկ», «կարագիկ» և այլն:

Այս փոփոխության նպատակն է՝ սահմանել խստացված պահանջներ կաթ և կաթնային յուղի փոխարինիչ պարունակող ապրանքների մակնշման նկատմամբ, որպեսզի հավասար պայմաններ ստեղծվեն արտադրողների համար, և մարդկիկ էլ չընկնեն թյուրիմացության մեջ:

ԵՏՀ՝ 2018թ. մարտի 20-ի որոշման համաձայն՝ սահմանվել են անցումային դրույթներ, որոնցով տեխնիկական կանոնակարգում կատարված փոփոխությունները կմտնեն ուժի մեջ:

Ըստ դրանց՝ սահմանված է, որ մինչև 2019թ. հունվարի 16-ը ԵԱՏՄ երկրներում կաթ արտադրողները կարող են արտադրել կաթ պարունակող ապրանքներ՝ հին մակնշմամբ և վաճառել դրանք, եթե ունեն տեխնիկական կանոնակարգի համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք տրվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը:

Հին մակնշում ունեցող ապրանքի շրջանառությունը կթույլատրվի պիտանելիության ժամկետի ողջ ընթացքում:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ