HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կավատին աջակցեց նաեւ դատարանը

2005թ. մայիսի 25-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Գագիկ Հեբոյանի նախագահությամբ, կայացրեց մի որոշում, որը կարող է դառնալ մեր դատական պրակտիկայի «գոհարներից» մեկը: Այն արժանի է առանձնահատուկ «դրվատանքի», քանի որ ցույց է տալիս, թե ինչպես են Հայաստանում օժանդակում տարիներ շարունակ հայ կանանց Արաբական Միացյալ էմիրություններում վաճառող կավատներին: Նրանց համար նախ մեղմ պատիժներ են սահմանում, ապա՝ հնարավորինս շուտ ազատ արձակում՝ «գործը» շարունակելու հնարավորություն տալով:

Այդ օրը դատական նիստում քննվում էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդությունը դատապարտյալ, հայտնի կավատ Մարիետա Մուսայելյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Թե ինչու է քրեակատարողական հիմնարկը որոշել միջնորդել կավատի համար, ում հրահանգն է կատարել ադմինիստրացիան, կարելի է միայն կռահել:

Դատական նիստի ժամանակ դատավոր Գ. Հեբոյանը «պարզել է».

«Դատապարտյալ Մարիետա Մուսայելյանը 10.02.2005թ.-ին (Մ. Մուսայելյանը իրականում դատապարտվել է 03.11.2004-ին) Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից ՀՀ քր.օր.-ի 262 հոդվածի 1-ին, 325 հոդվածի 2-րդ մասերով, ՀՀ քր.օր.-ի 66 հոդվածի կիրառմամբ դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամանակով:

Պատժի սկիզբը՝ 05.11.2004թ.-ից, պատժի չկրած մասը՝ 10 ամիս 10 օր:

Քննարկելով միջնորդությունը, լսելով Ք.Կ.Հ. ադմինիստրացիայի ներկայացուցչին, դատապարտյալին, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը' այն, որ պատժի կրման ընթացքում չնայած թույլ է տվել կարգապահական խախտում, որի համար հիմնարկի պետի կողմից բնութագրվել է զրույցով, որից հետեւություններ է արել, փոխել է վարքագիծը, ենթարկվել է սահմանված կարգ ու կանոնին, աշխատանքի է ներգրավվել տարածքի մաքրման եւ բարեկարգման բրիգադում, տրված հանձնարարությունները կատարել է ժամանակին, խորապես զղջացել է կատարած արարքի համար, ապացուցել է իր ուղղված լինելը, հաստատապես կանգնած է ուղղման ճանապարհին, դատարանը գտավ, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր.-ի 434, 438 հհ.-ով՝ դատարանը որոշեց. Միջնորդությունը բավարարել: Մարիետա Մուսայելյանին պայմանական վաղաժամկետ ազատել պատժի մնացած մասը' 11 ամիս 10 օրը կրելուց:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին 15-օրյա ժամկետում»:

Թե ինչպես է դատավոր Գագիկ Հեբոյանը հաջողել պարզել այս ամենը եւ կավատ Մարիետա Մուսայելյանին տալ նման փայլուն բնութագրություն, հայտնի է միայն իրեն եւ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիային: Ու՞մ հրահանգով է գործը շուտափույթ մտել դատարան, եւ նույնիսկ պատժի կեսը չկրած կավատն ազատ է արձակել, պետք է պարզեն իրավապահները, եթե, իհարկե, նման ցանկություն ունեն: Դատարանի այս որոշման դեմ կարող էր վերաքննիչ բողոք բերել դատախազությունը, ինչը, սակայն, չի արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter