Երեքշաբթի, 17 հուլիսի

«Սասնա ծռեր»-ի անդամներ Վարդան Գերավետյանը եւ Թորոս Թորոսյանը ազատվեցին կալանքից



ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց, որ Մարտիրոս Հակոբյանի՝ Դեդի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակեն եւ պարզեն` նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն ինչքանով են համատեղելի կալանքի կրման հետ։ 

Մարտիրոս Հակոբյան

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ միջնորդության քննությունը պետք է հետաձգել, քանի որ Մարտիրոս Հակոբյանը դատարանում չէ։ Արմինե Ֆանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը «Էրեբունի» ԲԿ-ում է եւ չի կարող ներկայացվել նիստին: Ֆանյանը հավելեց, որ Արամ Հակոբյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի հետ Մարտիրոս Հակոբյանը զրուցել է եւ ասել, որ դեմ չի լինի նման միջնորդություն ներկայացնելուն։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին նույնպես Մարտիրոս Հակոբյանը դատարան չէր ներկայացվել։ Այսօր էլ փաստաբան Երվանդ Վարոսյանը «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Հակոբյանի մոտ ախտորոշվել է ձեռքի տրոմբոզ եւ երկարատեւ բուժման կարիք ունի: «Մարտիրոս Հակոբյանն ունի թե´ շարունակական բուժման, թե´ կողմնակի խնամքի կարիք, ինչն անհնար է իրականացնել քրեակատարողական հիմնարկի պայմաններում»,- նշել էր փաստաբանը։

Ֆանյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո հնարավոր կլինի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։

Ապա Արմինե Ֆանյանը եւ Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրին ամբաստանյալ Թորոս Թորոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, խնդրեցին դատարանին կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ նշելով նաեւ գրավը։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց, ասաց, որ Թորոս Թորոսյանի մոտ հայտնաբերված սրտի իշեմիկ հիվանդությունը մեղմացնում է հանցագործություն կատարելու ռիսկը։

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդություն ներկայացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանի վերաբերյալ: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկում չեն կարողանում ապահովել Վարդան Գերավետյանի նկատմամբ բժշկական միջամտություն եւ հսկողություն։ Միջնորդեց Գերավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել ստորագրությամբ` չհեռանալու մասին կամ գրավով։

Վարդան Գերավետյան

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը, ով հայտնեց, որ հրաժարվում է փաստաբան Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի եւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի ծառայությունից։ Թաթուլ Թամրազյանը հայտնեց, որ ցանկանում է, որպեսզի իր պաշտպանությունը շարունակի Մոնիկա Մարգարյանը։ Դատավոր Արշակ Վարդանյանը եւ դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեցին, որ վճարովի եւ ամբաստանյալի կողմից ընտրված փաստաբանից կարելի է հրաժարվել, բայց դատավորի կողմից նշանակված հանրային պաշտպանի վերաբերյալ չի կարող հրաժարական ներկայացվել։ Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանի պաշտպանն ի սկզբանե Մոնիկա Մարգարյանն էր, սակայն Թաթուլ Թամրազյանը նրա ծառայությունից հրաժարվել էր, եւ պաշտպանությունը շարունակում էր Արայիկ Պապիկյանը։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատավոր Արշակ Վարդանյանին ուղղված իր քննադատության պատճառով իր պաշտպանյալներ Թաթուլ Թամրազյանը եւ Գեւորգ Իրիցյանը շարունակում են մնալ անազատության մեջ։

Հիշեցնենք, որ Արայիկ Պապիկյանը միջնորդություն էր արել, եւ դատարան էին ներկայացել նաեւ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը` յուրաքանչյուր ամբաստանյալի համար ներկայացնելով 500 հազար դրամի անձնական երաշխավորության անդորրագրեր, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը մերժել էր ներկայացրած միջնորդությունը։

Այսօր արված միջնորդություները քննելու համար դատավոր Արշակ Վարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատավորը որոշեց Թորոս Թորոսյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրել 500 հազար դրամ գրավ, իսկ Վարդան Գերավետյանի նկատմամբ՝ 1 մլն դրամ։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (2)
1. Մինաս16:52 - 13 հուլիսի, 2018
"․․․․․նրա մոտ հայտնաբերված հիվանդություններն ինչքանով են համատեղելի կալանքի կրման հետ։" Այս ամենը հայերեն չէ։
2. Stephan Dragon17:05 - 14 հուլիսի, 2018
Comment...I would be interested to know what the police and their families affected at that time say that alleged murderers and kidnappers will be released from custody? Is not the state under an obligation to protect its officials?
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ