HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցողի նամակ. «Գաբայանները զավթել են Ջրային կոմիտեն»

«Հետք»-ը անանուն նամակ է ստացել ընթերցողից, որն ուղղված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Այն առնչվում է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահի վերաբերյալ երեկվա մեր հրապարակմանը: Քանի որ նամակը չի պարունակում որեւէ զրպարտություն կամ վիրավորանք, այլ վերլուծություն է Կոմիտեի նախագահի՝ այդ ոլորտում ունեցած շահերի բախման վերաբերյալ, որոշեցինք հրապարկել այն: Ստորև ներկայացնում ենք նամակն առանց փոփոխությունների: 

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ Ինեսսա Գաբայանին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելը կարող է որակվել որպես դասական օրինակ «regulatory capture» կոչվող երևույթի, ինչը նշանակում է պետական կարգավորող մարմնի զավթում շահագրգռություն ունեցող ինդուստրիայի կողմից, որը գտնվում է հենց այդ կարգավորող մարմնի վերահսկողության ներքո: 

Բացատրեմ մտավախությունս: Գաբայաննների ընտանիքը (և հենց Ինեսսա Գաբայանը) ակտիվ կերպով ներգրավված է ՓՀԷԿ-երի շինարարության ու նախագծման ծառայություններում (տես հղում #1), հիդրոագրեգատների խոշոր ներմուծող է (չեխական CINK Hydro): Նրանք հեղինակել են Հայաստանում գործող բազմաթիվ ՓՀԷԿ-երի նախագծեր ու տեխնիկատնտեսական հիմնավորումներ, դրանցից շատերին մատակարարել ու մատակարարում են անհրաժեշտ սարքավորումներ, որոնց արժեքները հաշվարկվում են միլիոնավոր դոլարներով: 

Այդ ՓՀԷԿ-երի շարքում կան նաև բնապահպանական ու ոռոգման լուրջ խնդիրներ առաջացնող այնիպիսի ՓՀԷԿ-եր ինչպես բնապահպանական աղետի եզրին կանգնած Եղեգիս գետի վրա գտնվող «Գոռնար» ՓՀԷԿ-ը (տես հղում #2): Կառուցված լինելով Հերմոն-Չիվա և Հերմոն-Ռինդ ոռոգման ինքնահոս համակարգի վրա, սույն կայանը` 
ա. սակավ ջրային ռեսուրսի համար մրցում է վերոհիշյալ ոռոգման համակարգից օգտվող գյուղական տնտեսությունների հետ,
բ. ջուրը գետից վերցնում է Եղեգիսի վրա կառուցված մի քանի այլ ՓՀԷԿ-երից վերև և դրանք «բայ-փաս» անելով թափում դրանցից ներքև` խախտելով նույն գետի վրա իրար հաջորդող ՀԷԿ-երի կասկադային ջրառի սկզբունքը;
գ. և, որ ամենազավեշտալին է, վերջինիս ջրային թույլտվությունը տրված է Արփա-Սևան թունելով դեպի Սևան գնացող ջրի ծավալից:

Անհնար է, որ այսքան «զոռբա» սխեմայի ջ/թ-ն տրված լինի օրենքի և բնապահպանական պահանջների պահպանմամբ ու օրինական որոշումների հիման վրա: Դա հնարավոր էր միայն օլիգարխիկ ճնշման արդյունքում: Եղեգիսի վիճակը թեթևացնելու համար անհրաժեշտ է քննության առնել այս ու նման բազմաթիվ այլ օբյեկտներ (որոնցից շատերը նախագծվել ու հիմնավորվել են հենց Գաբայանների կողմից), և դա առաջնահերթ Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործն է: 

            Այժմ ստացվում է հետևյալը` 

  • Գաբայանները վճարվել են ու վճարվելու են ՓՀԷԿ-երի նախագծեր ու հիմնավորումներ իրականացնելու համար,
  • Նրանք են տրամադրել ու տրամադրելու բազմաթիվ ՓՀԷԿ-երի (այդ թվում վերոհիշյալ պրոբլեմատիկ օբյեկնտերի) ջրային ռեսուրսի հիմնավորումները,
  • Բազմաթիվ ՓՀԷԿ-երի հետ իրենք ունեն և ունենալու են սարքավորումների մատակարարման բազմամիլիոնանոց պայմանագրեր,
  • Այդ ՓՀԷԿ-երից շատերին ջրային ռեսուրսի տրամադրման հարցերը գտնվում են Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարգավորման դաշտում,
  • Տիկին Գաբայանի ամուսինը` Գրիգոր Գաբայանը հանդիսանում է Վերականգնվող Էներգիա Արտադրողների Ասոցիացիայի խորհրդի անդամ (տես հղում #3), կազմակերպություն, որի հիմնական նպատակը Եղեգիսի ՓՀԷԿ-երի խմբային շահերի պաշտպանությունն է
  • Կարող ենք ավելացնել նաև, որ ոչ շատ վաղուց, տիկին Գաբայանը հայտնել է հետևյալ դիրքորոշումը` «սխալ է հէկերին «ոչ» ասելը, իսկ գյուղերի բնակիչներն էլ դժգոհելու փոխարեն թող իրենց ներդրումն ունենան վերահսկողության հարցում», անդրադառնալով ՓՀԷԿ-երի առաջացրած սակավաջրության դեմ Եղեգիսի ավազանի գյուղացիների բարձրացրած բողոքին (տես հղում #4),
  • Հետևաբար, կարգավորող մարմնի ղեկավարը ուղղակի զգալի նյութական կախվածության մեջ է գտնվում կարգավորվող ինդուստրիայի տնտեսվարողներից,
  • Եվ ուրեմն, կունենանք «regulatory capture»-ի ծայրահեղ դրսևորում, ինչը բացարձակապես չի համապատասխանում Նոր Հայաստանի ոգուն ու ռազմավարական շահերին: Չէ՞ որ տիկին Գաբայանը պետք է տեր կանգնի իր իսկ ստորագրած տեխնիկատնտեսական հիմնավորումներին, ՓՀԷԿ-երին հասանելի ջրային ռեսուրսների վերաբերյալ եզրակացություններին, և ընդհանուր առմամբ գոհացնի իրենց անցյալ, ներկա և ապագա հաճախորդներին»:

    #1. https://www.lrahos.com/2018/07/12/173888/
    #2. http://hetq.am/arm/news/68480/
    #3. http://www.tert.am/am/news/2017/08/02/Grigor-Gabayan/2447966
    #4. https://www.armenianow.com/hy/society/46105/hydropower_plants_byurakan_amberd_river
    Լուսանկարը՝ Ի. Գաբայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter