ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննիչի ազատության համար երաշխավորություն են ներկայացրել
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն երեք անձ՝ քննիչ Զադոյանը, քաղաքացի Բաբկեն Գասպարյանն ու փաստաբան Գայանե Գալոյանը: Ըստ մեղադրանքի՝ քաղաքացի Բաբկեն Գասապարյանը Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք:
Ըստ գործի նյութերի՝ Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարքը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:
Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության գալով՝ նրան ուղարկել են փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը: Սոս Գասպարյանին վերագրվող արարքը, սակայն, չի վերաորակվել, և Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով ուղարկվել է դատարան:
Նշենք, որ կաշառքի վերաբերյալ գործի շրջանակներում Սոս Գասպարյանը դատարանում ցուցմունք է տվել և հայտնել, որ ինքն ու եղբայրը երեկոյան տուն գնալիս են եղել, երբ անհայտ անձինք հարձակվել են իրենց վրա, ու ինքը ստիպված է եղել ինքնապաշտպանվելու համար դանակով հարվածել:
Այն բանից հետո, երբ նման պայմաններում Սոս Գասպարյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել ոչ թե անհրաժեշտ ինքնապաշտպանության, այլ դիտավորությամբ ծանր վնաս հասցնլու հոդվածով, Բաբկեն Գասպարյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ հայտնելով կաշառքի գործի մասին:
Փաստաբան Գայանե Գալոյանն ամիսներ առաջ դատավորի որոշմամբ կալանքից ազատվել է, նրա նկատմամբ ընտրվել է ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց: Ազատության մեջ է նաև կաշառք տալու մեջ մեղադրվող Բաբկեն Գասպարյանը: Քննիչ Միքայել Զադոյանը միակն է, որ գտնվում է կալանքի տակ:
Վերը նշված դեպքի առթիվ դատարանում մեկ այլ դատավորի վարույթում քննվում է նաև գործ՝ ըստ մեղադրանքի Էրեբունու քննչականի պետի նախկին տեղակալ Բունիաթ Եղիազարյանի: Վերջինս նույնպես ազատության մեջ է. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Միքայել Զադոյանի պաշտպան Ամիրխանյանը միջնորդությունը ներկայացնելիս նկատեց, որ Եղիազարյանն, ով ավելի լայն լիազորություններ ունի, ազատության մեջ է, իսկ Զադոյանը՝ կալանքի տակ:
Եղիազարյանը Զադոյանի վերաբերյալ գործով որպես վկա դատակոչի ցուցակում է. վերջինս պետք է հարցաքննվի: Ամիրխանյանը նշեց, որ հանգամանքը, որ Եղիազարյանը դեռ չի հարցաքննվել, խոչընդոտ չէ Զադոյանին ազատ արձակելու համար: Պաշտպանը հիշեցրեց նաև, որ Եղիազարյանը պաշտպանական կողմի, այսինքն՝ իրենց միջնորդությամբ է Զադոյանի վերաբերյալ գործով դատակոչի ցուցակում ներառվել:
Գործով չի հարցաքննվել նաև ամբաստանյալ Սոս Գասպարյանը: Ըստ Ամիրխանյանի՝ Գասպարյանի նկատմամբ Զադոյանն ազդեցություն ունենալ չի կարող. Գասպարյանը ներազդվող անձ չէ:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս, սակայն, մեղադրող դատախազ Արա Մնացականյանը նշեց, որ չհարցաքննված անձանց նկատմամբ Զադոյանի կողմից ազդեցություն գործադրելու վտանգը վերացած չէ: Այս, ինչպես նաև այլ հիմքեր նշելով՝ մեղադրողն առարկեց միջնորդության դեմ:
Նշենք, որ երաշխավորություն տված պատգամավորներն այսօր դատարանում էին: Նրանք երաշխավորեցին, որ Միքայել Զադոյանն ազատության մեջ պատշաճ վարքագիծ կդրսևորի:
Դատարանը սակայն, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժեց միջնորդությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել