Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Արցախի պետնախարարը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է կենսաթոշակային համակարգի բարեփոխման հետ կապված հարցեր



Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 13-ին ընդունել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին և ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանին: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությունը: 

Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը քննարկման գործնական հարցերից առանձնացրել է ՀՀ-ում սկսված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումները՝ նշելով, որ դրանք պահանջված են նաև Արցախում: Այդ համատեքստում Գ. Մարտիրոսյանը իր գոհունակությունն է հայտնել օրեր առաջ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ Ստեփանակերտում կայացած հանդիպումից և ընդգծել, որ պայմանավորվել են սկզբունքային առումով ընդհանուր քաղաքականությունը իրականացնել փոխհամաձայնեցված եղանակով: «Գործող կենսաթոշակային համակարգը, որը կառուցվել է սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա, լուրջ բարեփոխումների կարիք ունի: Համոզված եմ՝ ձեր այցը նոր թափ կհաղորդի գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ մեր կողմից նախատեսվող քայլերը չեն ուշանա»,- ասել է Գ. Մարտիրոսյանը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ս. Սաիյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ արցախցի, իրենց գործընկերների հետ այդ ուղղությամբ նախանշված աշխատանք են իրականացնում: 

Թեմայի շուրջ ՀՀ Սոցիալական ապահովության ծառայության պետ Ա. Բոշյանը հավաստիացրել է, որ բացի մասնագիտական խորհրդատվական աշխատանքներից, իրենք պատրաստ են գործնական հարցերում ևս շոշափելի աջակցություն ցուցաբերել: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև իրականացվող բարեփոխումների շրջանակում հաշմանդամության կարգի հստակեցմանը, կենսաթոշակների բարձրացմանը և եկամտահարկի վերանայմանը վերաբերող հարցերի շուրջ: 

Հանդիպմանը մասնակցել է ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ