Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում. ԱՆ-ն զգուշացնում է



Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Ինչպես հայտնում է ԱՆ-ն, նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն:

Ամռան ամիսներին մեծանում է էնտերովիրուսային վարակիչ հիվանդությունների տարածումը (enterovirus infection)։ Դրանք տարածված են տարբեր երկրներում և վտանգավոր են հատկապես երեխաների համար:

Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Ամեն ոք կարող է վարակվել հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման հետեւանքով:

Էնտերովիրուսային վարակներին բնորոշ ախտանշաններն են թուլությունը, ուժեղ գլխացավը, լորձաթաղանթների բորբոքումը, ջերմության ալիքաձև բարձրացումը, որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը: Կարող են դիտվել նաև մրսածության ախտանշաններ:

Վիրուսները, մասնավորապես, Կոկսակի Բ ենթատիպը, կարող են ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով անգամ մահվան: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ: Ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում գրանցվում է անբարեհաջող ելք:

Ուստի առողջապահության նախարարությունը հորդորում է տենդի, հազի, որովայնի շրջանի, կոկորդի ցավի, մաշկի ցանավորման, գլխացավի, ջրիկ կղանքի առկայության դեպքում ՉԶԲԱՂՎԵ՛Լ ինքնաբուժմամբ և անմիջապես դիմել բժշկական օգնության: 

 Ներքոհիշյալ կանոնների պահպանումը կօգնի նվազեցնել էնտերովիրուսներով հիվանդանալու ռիսկերը

Վարակից խուսափելու համար անհրաժեշտ է`

  • օճառով լվանալ ձեռքերն ուտելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
  • մրգերը և բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրով,
  • խմելու համար հնարավորինս օգտագործել շշալցված  ջուր կամ ջուրը եռացնել օգտագործելուց առաջ,
  • խուսափել վարակիչ, մասնավորապես, աղիքային հիվանդությունների կլինիկական նշաններ ունեցող մարդկանց հետ շփումից,
  • լողալ միայն թույլատրված լողավազաններում, որտեղ իրականացվում են ախտահանման և ջրի որակի հսկողության աշխատանքներ,
  • լողալիս հնարավորության սահմաններում բացառել  ջրի կուլ տալը, հատկապես՝ երեխաների դեպքում,
  • պաշտպանել սնունդը ճանճերից և այլ միջատներից

Վարակման ռիսկը մեծանում է`

ü  կեղտոտ ձեռքերով սննդից օգտվելիս, աչքերին, քթին կամ դեմքին ձեռք տալիս,

ü  հում, չստուգված ջուր խմելու դեպքում կամ այդ ջրից պատրաստված սառույցն օգտագործելիս,

ü  փողոցային առևտրի կետերից գնված սննդամթերք և խմիչք օգտագործելիս,

ü  սննդամթերքի պահպանման սանիտարահիգիենիկ կանոնները չպահպանելու դեպքում,

ü  ջերմամշակման չենթարկված սնունդ օգտագործելիս,

ü  մրգերը, բանջարեղենը և կանաչին հում ջրով լվանալիս,

ü  երեխաների հետ բազմամարդ վայրեր այցելելիս,

ü  լողավազաններում լողանալու դեպքում, որտեղ ջուրը չի ենթարկվում պարբերական ախտահանման և որակի հսկողության, լողափի չմշակված հատվածներում լողանալիս:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ