Կիրակի, 22 հուլիսի

ԱԻՆ-ը սերտացնում է Իրանի հետ համագործակցությունը



Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ-ում Իրանի հետ հարաբերություններն ավելի են մտերմացել, և դա կարևոր ազդեցություն կունենա արտակարգ իրավիճակների ոլորտում փոխգործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհավորելով նախարար Հրաչյա Ռոստոմյանին նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունն առավել կամրապնդվի և մոտ ապագայում համատեղ ծրագրեր կիրականացվեն: Դեսպանը հրավիրել է ԱԻ նախարարին Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտակարգ իրավիճակների ոլորտի երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝ ճգնաժամերին արձագանքելու անդրսահմանային մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, փրկարարների համար առաջին բուժօգնության դասընթացների կազմակերպում, փորձի փոխանակման նպատակով արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում ՀՀ ԱԻՆ, Իրանի «Կարմիր մահիկ» ընկերության և Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչների ներգրավմամբ: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվել է նաև «Իրական ժամանակում համապարփակ մոնիթորինգ երկրաշարժերի կանխատեսման և վաղ ազդարարման նպատակով» առաջարկի նախագիծ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-իրանական համագործակցության հուշագիր նախապատրաստելու վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև Երևան-Մեղրի ճանապարհի անբարեկարգ հատվածներում փրկարարական ջոկատների հենակետեր տեղակայելու հնարավորությունը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ