Երեքշաբթի, 17 հուլիսի

Գագիկ Ծառուկյանի «Փարավոն»-ը դատախազությանը 30 մլն դրամի ծառայություններ է մատուցել



Հուլիսի 2-ին Երևանում կայացել էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակություններ: Հայաստանում կոռուպցիայի հակազդման միջպետական հերթական նիստն անցկացնելու կապակցությամբ ծախսվել է մոտ  29 մլն  դրամ:

Ուսումնասիրելով նշված նիստի անցկացման կապակցությամբ կնքված պայմանագրերը, պարզեցինք, որ միայն պաշտոնական ճաշն արժեցել է 8 մլն 500 դրամ: Այն նախատեսված է եղել 300 անձի համար:

Ծառայությունը մատուցել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Երևան-Աբովյան խճուղու վրա գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը:

Նշենք, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ. վերջին: Ընկերությունում 48.6-ական տոկոս բաժնեմաս ունեն Գագիկ Ծառուկյանն ու վերջինիս կինը՝ Ջավահիր Ծառուկյանը: Իսկ մնացած բաժնեմասը պատկանում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ին, որը ևս պատկանում է Ծառուկյանների ընտանիքին:

Ծառուկյաններին պատկանող ընկերությունն է մատուցել նաև դատախազության 100-ամյակի կապակցությամբ տրվող պաշտոնական ճաշը: Այն նախատեսված է եղել 350 անձի համար, իսկ ծառայության ընդհանուր գինը կազմել է 6 մլն դրամ:

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն, դատախազության պատվերով մատուցել է նաև կոռուպցիայի հակազդման միջպետական նիստի մասնակիցների համար գիշերակացով հյուրանոցային ծառայություններ: Այն նախատեսվա է եղել 3 գիշերվա և 81 անձի համար: Նրանցից 52 անձի համար նախատեսված է եղել «ստանդարտ» հյուրանոցային համարներ, իսկ մնացածի համար ավելի բարձրակարգ: Ուշագրավ է, որ այս ծառայության համար դատախազությունը Ծառուկյանների ընկերությանը վճարել են 15 մլն 500 հազար դրամ:

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են հունիսի 29-ին:

Վերը նշված նիստի համար այլ ծառայություններ ևս մատուցվել են: Կազմակերպությունների ընդունելության կազմակերպման համար, որի մեջ մտնում է քարտուղարության կազմակերպումը (համակարգիչ, տպիչ, լամինատոր) և 3 տեսախցիկով, մեկ ֆոտոխցիկով վիդեո, ֆոտո նկարահանումը, «Էյ Սի Էս» ՍՊԸ-ի հետ կնքվել է 2 մլն դրամի պայմանագիր: Նույն ընկերությունը գլխավոր դատախազությանը մատուցել է նաև տեսաձայնային համակարգի տրամադրման և սպասարկման ծառայություններ, որի մեջ մտել է 20 հատ կոնֆերանս խոսափողներ, 8 հատ LED մոնիտոր և այլն: Ծառայության արժեքը կազմել է 3 մլն դրամ:

Իսկ հայերենից ռուսերեն միաժամանակյա բանավոր թարգմանչական ծառայությունների համար դատախազությունը «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ին վճարել է 85,000 դրամ:

«Միսմա» ՍՊԸ-ից ձեռք է բերել 50 հատ անվանական բացիկներ: Բացիկներից յուրաքանչյուրի գինը կազմել է 1000 դրամ: Ընդհանուր արժեքը կազմել է 50,000 դրամ:

Նույն նպատակով ձեռք են բերվել նաև 400 հատ հուշանվերային գրիչ: Վերջինիս համար վճարվել է ընդհանուրը 100,000 դրամ: Մեկ գրիչն արժեցել է 250 դրամ (առանց ԱԱՀ-ի):

Կոռուպցիայի հակազդման միջպետական նիստի համար գնվել է նաև մոտ 80,000 դրամ ընդհանուր արժեքով նոթատետրեր, 75,600 դրամ ընդհանուր արժեքով նշումների թերթիկ: Ձեռք է բերվել նաև 348,000 դրամ արժեքով հուշանվերի փաթեթներ:

Դատախազությունը հատը 17,570 դրամով գնել է նաև 60 հատ հոբելյանական կաշվե թղթապանակներ: Այդ թղթապանակների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 մլն 54 հազար դրամ:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աննա11:13 - 15 հուլիսի, 2018
Պրն Ծառուկյանը միշտ էլ աչքի է ընկնում իր լավ գործունեությամբ, մարդկանց օգնելու կարողությամբ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ