HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Ծառուկյանի «Փարավոն»-ը դատախազությանը 30 մլն դրամի ծառայություններ է մատուցել

Հուլիսի 2-ին Երևանում կայացել էր ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակություններ: Հայաստանում կոռուպցիայի հակազդման միջպետական հերթական նիստն անցկացնելու կապակցությամբ ծախսվել է մոտ  29 մլն  դրամ:

Ուսումնասիրելով նշված նիստի անցկացման կապակցությամբ կնքված պայմանագրերը, պարզեցինք, որ միայն պաշտոնական ճաշն արժեցել է 8 մլն 500 դրամ: Այն նախատեսված է եղել 300 անձի համար:

Ծառայությունը մատուցել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է Երևան-Աբովյան խճուղու վրա գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը:

Նշենք, որ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010թ. վերջին: Ընկերությունում 48.6-ական տոկոս բաժնեմաս ունեն Գագիկ Ծառուկյանն ու վերջինիս կինը՝ Ջավահիր Ծառուկյանը: Իսկ մնացած բաժնեմասը պատկանում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ին, որը ևս պատկանում է Ծառուկյանների ընտանիքին:

Ծառուկյաններին պատկանող ընկերությունն է մատուցել նաև դատախազության 100-ամյակի կապակցությամբ տրվող պաշտոնական ճաշը: Այն նախատեսված է եղել 350 անձի համար, իսկ ծառայության ընդհանուր գինը կազմել է 6 մլն դրամ:

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ն, դատախազության պատվերով մատուցել է նաև կոռուպցիայի հակազդման միջպետական նիստի մասնակիցների համար գիշերակացով հյուրանոցային ծառայություններ: Այն նախատեսվա է եղել 3 գիշերվա և 81 անձի համար: Նրանցից 52 անձի համար նախատեսված է եղել «ստանդարտ» հյուրանոցային համարներ, իսկ մնացածի համար ավելի բարձրակարգ: Ուշագրավ է, որ այս ծառայության համար դատախազությունը Ծառուկյանների ընկերությանը վճարել են 15 մլն 500 հազար դրամ:

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի հետ պայմանագրերը կնքվել են հունիսի 29-ին:

Վերը նշված նիստի համար այլ ծառայություններ ևս մատուցվել են: Կազմակերպությունների ընդունելության կազմակերպման համար, որի մեջ մտնում է քարտուղարության կազմակերպումը (համակարգիչ, տպիչ, լամինատոր) և 3 տեսախցիկով, մեկ ֆոտոխցիկով վիդեո, ֆոտո նկարահանումը, «Էյ Սի Էս» ՍՊԸ-ի հետ կնքվել է 2 մլն դրամի պայմանագիր: Նույն ընկերությունը գլխավոր դատախազությանը մատուցել է նաև տեսաձայնային համակարգի տրամադրման և սպասարկման ծառայություններ, որի մեջ մտել է 20 հատ կոնֆերանս խոսափողներ, 8 հատ LED մոնիտոր և այլն: Ծառայության արժեքը կազմել է 3 մլն դրամ:

Իսկ հայերենից ռուսերեն միաժամանակյա բանավոր թարգմանչական ծառայությունների համար դատախազությունը «Կրթարան Սոնա» ՍՊԸ-ին վճարել է 85,000 դրամ:

«Միսմա» ՍՊԸ-ից ձեռք է բերել 50 հատ անվանական բացիկներ: Բացիկներից յուրաքանչյուրի գինը կազմել է 1000 դրամ: Ընդհանուր արժեքը կազմել է 50,000 դրամ:

Նույն նպատակով ձեռք են բերվել նաև 400 հատ հուշանվերային գրիչ: Վերջինիս համար վճարվել է ընդհանուրը 100,000 դրամ: Մեկ գրիչն արժեցել է 250 դրամ (առանց ԱԱՀ-ի):

Կոռուպցիայի հակազդման միջպետական նիստի համար գնվել է նաև մոտ 80,000 դրամ ընդհանուր արժեքով նոթատետրեր, 75,600 դրամ ընդհանուր արժեքով նշումների թերթիկ: Ձեռք է բերվել նաև 348,000 դրամ արժեքով հուշանվերի փաթեթներ:

Դատախազությունը հատը 17,570 դրամով գնել է նաև 60 հատ հոբելյանական կաշվե թղթապանակներ: Այդ թղթապանակների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 մլն 54 հազար դրամ:

Մեկնաբանություններ (2)

Աննա
Պրն Ծառուկյանը միշտ էլ աչքի է ընկնում իր լավ գործունեությամբ, մարդկանց օգնելու կարողությամբ
Վաչե
Անհասկանալի է թե ինչի համար է տպագրվում նման ֆինանսական ծախսացանկը։ Երևույթը ի սկզբանե անօրինական է, քանի որ ՀՀ ոչ մի կապ չունի սովետական դատախազության 100- ամյակի հետ։ Եթե նշում են, թող նշեն Մոսկվայում, որին կարօղ էր մասնակցել Հայաստանից 1-2 մարդ։ Վաղը Հայաստանում կարող են նշել ԺԷԿ֊ի, ГТО 100 ամյակը։ ԽՍՀՄ տրադիցիայով ժամանակ առ ժամանակ ծայրամասերում կազմակերպում են որևե հոբելյանական միջոցառում կենտրոնի սոված չինովնիկներին հյուրասիրելու, զվարճացնելու համար՝ իհարկե տվյալ ռեգիոնի հաշվին։ Իսկ ինչու՞ է ամեն ինչի սկիբ համարվում ԽՍՀՄ առաջացումը , անհասկանալի է, միթե դրանից առաջ դատախազություն չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter