HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ՄԻԵԴ-ը կքննի ցուցարարի խախտված իրավունքների գործը

Փաստաբան Հայարփի Սարգսյանը երեկ տեղեկացել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի  27-ին վարույթ է ընդունել Կարո Ղուկասյանի անունից Հայաստանի դեմ ներկայացված գանգատը: Փաստաբանը գանգատը ՄԻԵԴ էր ներկայացրել մայիսի 26-ին:

Գանգատը վերաբերում է 2016 թվականի փետրվարի 24-ին ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ժամանակ խախտվել են Կարո Ղուկասյանի իրավունքները: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ղուկասյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը:

Նրա փոխանցմամբ՝ այդ օրը մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի դիմաց, և ոստիկանության ծառայողներն առանց ներկայանալու, առանց օրինական պահանջ և իրավական հիմքերը ներկայացնելու, Կարո Ղուկասյանին բերման են ենթարկել:

Նրան տեղափոխել են Արաբկիրի ոստիկանական բաժին, այնտեղ պահել շուրջ 3 ժամ. «Ոստիկանությունը դիմել էր վարչական դատարան՝ Կարո Ղուկասյանին 50000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, հակընդդեմ հայց էի ներկայացրել՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, մինչդեռ հայաստանյան ներպետական ատյանները բավարարել են ոստիկանության հայցը, իսկ հակընդդեմ հայցը մերժել»,-նշեց Սարգսյանը:

Փաստաբանը, սպառելով ներպետական դատական ատյանները, մայիսին դիմել է ՄԻԵԴ, որն էլ հունիսի 27-ին գանգատը ընդունել է վարույթ: Սարգսյանը կարծում է մարդու իրավունքների եվրոպական դատարանը կճանաչի Կարո Ղուկասյանի իրավունքների խախտումը: Նա Հայաստանի կառավարությունից նաև վնաս փոխհատուցում է պահանջել, սակայն չափը չի նշել՝ թողելով դատարանի հայեցողությանը:

Այդ օրը բերման ենթարկված այլ ցուցարարների մասով գործը դեռևս քննվում է, փաստաբանը սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter