HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԱՎ-ով դատապարտյալին ազատել են, սակայն 1 տարի 8 ամիս անց` վերադարձրել պատիժը կրելու

Դատապարտյալ 29-ամյա Ա.Օ.-ն (մայրը չցանկացավ, որ որդու անուն, ազգանունը նշվի), որն ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ ՄԻԱՎ, 2016-ի նոյեմբերին ազատվել էր պատժի հետագա կրումից: Սակայն Ա.Օ.-ի մայրը՝ տիկին Ռուզաննան ահազանգեց, որ որդուն երեկ նորից տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Մոր ունեցած տեղեկատվությամբ, տղային, որը 7 տարի պատիժ է կրել, ունենալով մի շարք հիվանդություններ, նորից բանտային ռեժիմ է սպասվում, իսկ «նման ծանր հիվանդություններով նա չի դիմանա այդ պայմաններում»,-ասում է դատապարտյալի մայրը՝ խնդրելով ՔԿ վարչության ղեկավարությանը «Նուբարաշեն» ՔԿՀ կարանտինից տեղափոխել նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դատապարտյալի մոր խոսքով, երեկ, ժամը 3:30 Ավանի հոգեբուժարանից որդուն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ: Տիկին Ռուզաննան շտապում էր «Նուբարաշեն» ՔԿՀ, որպեսզի լուր ստանա տղայից:

«1 տարի 8 ամիս դրսում ա եղել, հիվանդանոցների դռներից տուն չենք եկել: Նույնիսկ Արմենիկում ա ստացել: Հիմա նորից բժշկուհին զանգել-ասել ա, որ գնանք, ստանանք: Աչքերի մեջ դեղին ա, նիհարած՝ կաշին ու ոսկորն ա մնացել: Իրեն կարող ա թախթաբիթին կծի մյուս կալանավորնեին վարակի»,-ասաց հիվանդ դատապարտյալի մայրը:

Ա.Օ.-ի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ 4-րդ կլինիկական փուլ՝ ծանր իմունային անբավարարություն, հիդրոցեֆալ ատրոֆիկ սինդրոմ, էնցեֆալոպաթիա 3-րդ աստիճանի, օրգանական էմոցիոնալ-անկայուն խանգարում: Այս հիվանդությունների մի մասն ընդգրկված է պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում, որը հաստատված է Կառավարության 2006 թ-ի 825-Ն որոշմամբ: 2016 թ-ին հենց այդ հիմքով Ա.Օ.-ն ազատվել է պատժի հետագա կրումից, սակայն դատախազությունը բողոքարկել է որոշումը, այն վերացվել է և այդ հիմքով Ա.Օ.-ին դարձյալ վերադարձրել են պատիժը կրելու:

«Հնարավո՞ր ա, որ ՄԻԱՎ ունեցողը, նման ծանր հիվանդություններով մարդը բուժվի, որ նրան հետ տանեն պատիժը կրելու»,-զարմանում է դատապարտյալի մայրը:

Դատապարտյալ Ա.Օ.-ին ՔԿՀ վերադարձնելու մասով պարզաբանում ստացանք ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից: Վերջինն ասաց, որ երեկ բժիշկների խումբ է այցելել դատապարտյալին, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Դատապարտյալ Ա.Օ.-ն մեղադրվել է սպանության համար՝ դատապարտվելով 12 տարվա ազատազրկման, 2009-ից պատիժ է կրել մինչև 2016-ը, ապա ազատվել պատժի հետագա կրումից՝ ծանր հիվանդությունների հիմքով: Այժմ դարձյալ պետք է շարունակի պատժի կրումը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter