HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսեց գլորվել 23-րդ տարին

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

23-րդ տարին է գլորվում այն կետից, ինչ սկսեցի դեպի ճշմարտություն տանող իմ ճանապարհը: Առաջին 7 տարիներին՝ փակված խցում, որտեղ անգամ պատուհաններն էին երկաթե շերտավարագույրներով, հաճախ էի մտքով փորձում փոխել դեպքերի ընթացքը: Առաջինը փոխում էի 1996թ. հուլիսի 12-ը, փորձում այն առհասարակ ջնջել օրացույցից: Բայց եթե նույնիսկ կարողանայինք փոխել մեր սեփական քայլերը, մի՞թե հնարավոր է կանխատեսել ուրիշների մտքերը, գործողությունները, կամ բնության անհասկանալի պատճառահետևանքային կապերը… ինչպես իմ գրքերում, այդպես էլ այստեղ, այս օրը`հուլիսի 12-ին ու միշտ, ներողություն եմ խնդրում Իոսիֆի ընտանիքից, որ, միգուցե վախից, չկարողացա կանխել Իոսիֆի սպանությունը...

... այդ տարիներին ամեն ապացույց կարող էին կեղծել, հորինել, ոստիկանությունում ու բանտում շան սատակ անել մարդուն: Այն ժամանակ ո՛չ Մարդու իրավունքների պաշտպան կար, ո՛չ էլ ԵԽ-ի անդամ էր Հայաստանը, որ բողոքելու տեղ ունենայիր: Իրականում քրեական գործերով, որպես կանոն, դատաիրավական համակարգի համար ճշմարտությունը պարզելն ամենևին էլ կարևոր չէր: Մանավանդ 90-ականներին սկսած ոստիկանից` վերջացած դատախազ, դատավորներով կարևորը գործադիրից եկող հրահանգներն էին՝ ում պատժել, ում՝ ոչ, գործը փակել` ցույց տալ, թե, իբր, լավ են աշխատել, գործ են բացահայտել: Եթե տուժող կողմը սովորական քաղաքացի լիներ, բարձրաստիճան ծանոթներ, կապեր, գումար չունենար, առանձնապես աշխատանք էլ չէին անի իրականությունը բացահայտելու համար, կամ մի անտերի գլխին կջարդեին ամեն բան: Եվ հակառակը`եթե բռնվածները թիկունք, գումար ունեին, հանգիստ կխուսափեին բանտում հայտնվելուց ու նորից`մեկի գլխին կջարդեն ամեն բան ու գործը փակված կհամարեին`տուժող կողմին հանգստացնելու, բավարարված համարելու համար:

Երբ անցած դարի 1996 թվին հայտնվեցի մահապատժի դատապարտվածների 5 խցերից մեկում, իմացա, որ ամենաշատ նստածը արդեն 4 տարի է՝ մահվան զնդանում է: Շատ զարմացա. անհավանական էր՝ ինչպես կարող է մարդ 4 տարի գոյատևել այս անմարդկային պայմաններում:

Ընդհանուր հաշվով 23 դատապարտյալ մահացավ բանտախցերում՝ սովից, ծեծից, օդի պակասից... հույսը կորցնելուց: Հիմա դժվար, թե մենք իմանանք, թե նրանցից քանիսն էին սխալ դատապարտված: Եթե նույնիսկ մեկը, ապա դա ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի համար, այլև հասարակության, որը պիտի արդար դատաքննության իրավունքը ունենա:

Իսկ այն, որ մի շարք գործերով մահապատժի դատավճիռները ակնհայտ չափազանցված են եղել, ոչ համաչափ, միանշանակ է: Դրա մասին էլ վկայում է մահապատժի ու ցմահ դատապարտվածների մեծ թիվը մեր բնակչության համեմատ: Պարադոքսալ է, քանի որ մեր երկրում հանցավորության մակարդակը բարձրերից չէ, բայց ցմահ դատապարտյալների թիվը մեծ է՝ այն եղել է մինչև 107 դատապարտյալ, հիմա 95-ն են:

Ցմահականները պայմանական վաղաժամկետ չեն ազատվում, չնայած նման իրավունք կա պատիժը կրելուց 20 տարի անց: Մինչև հեղափոխությունը նման տաբու կար՝ չանդրադառնալ ցմահների գործերին, չազատել պայմանական, չվերաբացել հին գործերը: Այս 22 տարիներին ականատեսը եղանք միայն մեկ մահապատիժ-ցմահ ազատազրկվածի՝ Սողոմոն Քոչարյանի ազատմանը, այն էլ՝ ծանր հիվանդությունն էր պատճառը:

Կուրսային աշխատանքս պատրաստելուց իմացա, որ մի շարք երկրներ, մասնավորապես՝ Իսպանիան, Նիդերլանդները հրաժարվել են ոչ միայն մահապատժից, այլև ցմահ ազատազրկում պատժատեսակից: Առաջնային պատճառը հենց այն է, որ որևէ պետություն, որևէ դատական համակարգ ապահովագրված չէ սխալվելուց: Իսկ ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի դիրքորոշումների համաձայն, ցմահ ազատազրկումն առանց պայմանական վաղաժամկետ ազատման գործուն մեխանիզմների, առանց ներման ինստիտուտի կիրառման, համարվում է անմարդկային պատիժ, հավասարեցվում է խոշտտանգմանը:

Նախկին երեք նախագահների օրոք մահապատիժ-ցմահ ազատազրկվածները փաստացի ենթարկվել են խոշտանգման: Իսկ պատժի հիմնական նպատակն է քաղաքացուն ուղղելը: Այն պիտի լինի կոնկրետ ծրագրերի միջոցով, իսկ լավ վարքի, աշխատանքի, ուսման համար նաև խրախուսելով, որ անձը վերափոխվելու մոտիվացիա ունենա: Նախկինում գործել է չգրված կարգ՝ հնարավորինս չխրախուսել ցմահ դատապարտյալներին: Հուսով եմ՝ այս արատավոր չգրված օրենքը կվերանա նոր իշխանության օրոք: Որոշում կայացնողները պիտի գիտակցեն, որ հենց աշխատանքն ու ուսումն են ուղղման ամենակարևոր գործիքները (ՀՀ քրեակատարողական օրենսգրքի հոդված 17 և 93):

Ինչևէ, նայում եմ առաջ, նորից սկսել եմ աշխատել հերթական վճռաբեկ բողոքի վրա: Պարզից էլ պարզ է, որ նման հիմնարար խախտումներով 1996 թ-ի նոյեմբերի 29-ի դատավճիռը չի կարող մնալ: Հավատում եմ, որ նոր Հայաստանում արդեն առանց Բաղրամյան 26-ի հրահանգների, դատարանը կարող է արդարադատություն իրականացնել:

Շարունակում եմ նաև այլ դատապարտյալների գործերով իրավաբանական խորհրդատվություն տալ, նրանց համար դիմումներ պատրաստել: Զուգահեռաբար զարգացնում եմ անգլերենի, ավելի ճիշտ` իրավաբանական անգլերենի իմացությունը: Կարդում եմ նաև ընթերցողների կողմից՝ ինձ ուղղված նամակները, գրառումները: Մեր քաղաքացիներն ինձ ազատություն ու արդարություն են մաղթում: Շնորհակալ եմ յուրաքանչյուր գրառման համար: Հավատում եմ, որ հանուն արդարության ու ազատության պայքարը չի կարող երբեք անպտուղ լինել:  

Մեկնաբանություններ (3)

Leyli
Իմ շատ սիրելի Մհեր Ենոքյան մեծատառով մարդ արդար հայորդի ինչքան շատ եմ ուզում տեսնել քեզ ազտության մեջ իմ վառված մոմերն հասել են առ աստված և դու հաստատ ազատության մեջ էս հայտնվեու±:Քո հարազատ մոր պես ուրախանալու մ ուզուն եմ ամուսնանաս որ գո նման գեղեցի և խելացի երեխաներ ունենաս Հարսանիքիդ հաստատ գալու եմ: Երանի այդ օրը որ գալու է մեր նոր Հայաստանում Հաստատ ազատության մեջ էս լինելու հույս ու հավատով եմ սպասում ԴՈւԽՈՎ ր
Հասմիկ
Մհեր ջան սրտով զգում եմ քո անմեղությունը , youtubeov միշտ հետեվում եմ եվ միշտ լաց եմ լինում չեմ կարողանում զսպել ինձ : համբերություն տղաս : անիծվի այն ռեժիմը որի պատճառով այդտեղ ես:
Գագիկ
Այո Մհեր ջան, միշտ եդպես ԴՈՒԽՈՎ Եղբայր, ես նույնպես հավատում եմ քո գրած ամեն մի բառին ու դու արժանի ես շուտով ապրել առանց ճաղավանդակների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter