HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Տեղեկատվական միասնական համակարգ․ վտանգավոր ապրանքը իրացումից կհանվի ԵԱՏՄ բոլոր երկրներից

ԵԱՏՄ անդամ երկրները շուտով կփոխանակվեն վտանգավոր ճանաչված ապրանքների վերաբերյալ տեղեկություններով։ Դրա համար առաջիկայում կգործարկվի փորձնական ծրագիր, որի նպատակն է միասնական տեղեկատվական համակարգ ստեղծել՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին չհամապատասխանող ապրանքների վերաբերյալ։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վտանգավոր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգ ստեղծելու աշխատանքներն արդեն սկսել է։

Այդ համակարգի ստեղծման հիմնական նպատակներից է իրականացնել վերահսկողություն՝  ընդունված և գործող տեխնիկական կանոնակարգերի պահպանման, ինչպես նաև՝ ազգային օրենսդրությունն աստիճանաբար եվրասիական միության օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ։

Ինչպես նշված է ԵՏՀ կայքում, այս համակարգը թույլ կտա ԵԱՏՄ անդամ պետություններին օպերատիվ կերպով տեղեկություններ փոխանակել վտանգավոր ապրանքների վերաբերյալ՝ անհրաժեշտության դեպքում կանխելով դրանց վաճառքն ու սահմանափակելով սպառողների անվտանգությանը վնասող ապրանքներիի իրացումը։

Այսպիսով, վտանգավոր ապրանքը, որը չի համապատասխանում ԵԱՏՄ ընդունված տեխնիկական կանոնակարգերին և հայտնաբերվել է միության անդամ որևէ երկրում, շրջանառությունից կհանվի բոլոր երկրների իրացման ցանցերից։

Համակարգը ստեղծվելու է ԵԱՏՄ ինտեգրման տեղեկատվական համակարգի շրջանակներում։ Մասնակից երկրները, բացի վնասակար և ռիսկային ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրելուց, նաև հնարավորություն կունենան ներկայացնել սեփական երկրներում իրականացրած վերահսկողական գործողություններն ու դրանց արդյունքները։

Սա, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա պատշաճ կերպով կազմակերպել նաև ներկրման/արտահանման ժամանակ ի հայտ եկող փաստաթղթային խնդիրների լուծումն ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու հարցերը։

Միասնական համակարգ ստեղծելու որոշման մեջ նշված է, որ եթե որևէ ապրանքի վերաբերյալ վտանգավոր լինելու տեղեկություն կա, ապա միության անդամ երկրների վերահսկող մարմինները պետք է օրենքով սահմանված բոլոր քայլերն իրականացնեն, որպեսզի կանխեն ՄՄ ՏԿ չհամապատասխանող ապրանքների վաճառքը։

Հայաստանում վերահսկող մարմիններից է գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

Եվրասիական հանձնաժողովը զուգահեռ մշակում է նաև ժամանակավոր կանոնակարգ, որը կսահմանի ԵԱՏՄ լիազոր մարմինների միջև համագործակցության կարգը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter