HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը և սպասարկումը անուղղակիորեն նպաստում է ոլորտի մոնոպոլիզացիային

Արդեն շուրջ 5-6 տարի է  ինչ սկսվել է այսպես կոչված «Նոր սերնդի Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ)» ներդրումը Հայաստանի հանրապետության տարածքում: Այս  գործընթացի հիմնական նպատակներից մեկը Հայաստանում անկանխիկ գործարքների խթանումն է ,որի շնորհիվ էլ «ստվերի կրճատումը։ Այդ նպատակով ստեղծվեց ՀԴՄ-ների ներկրման ՊՈԱԿ և Պետական բյուջեից  հսկայական գումարներ ուղղվեցին  նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք  բերելու նպատակով,որոնք հետագայում պետք է վաճառվեին տնտեսավարող սուբյեկտներին:

Մինչ այժմ նոր սերնդի ՀԴՄ-ները ներդրվել են միայն խոշոր ձեռնարկություններում։ Խոշոր ձեռնարկություններին դրանք վաճառվել են 360 000 դրամով `ավելի փոքրերին 180 000 դրամով: Մանր և միջին ձեռնարկությունների համար որ սերնդի ՀԴՄ-ների գները սահմանվել էին 60 000 դրամ, իսկ սահմանային գոտիներում աշխատող ձեռնարկատերերին պետք է տրամադրվեին ընդհանրապես անվճար: Սակայն չգիտես ինչ պատճառով այս գործընթացը դադարեցվեց և նույնիսկ արդեն փոխանցված գումարների դիմաց մանր և միջին ձեռնարկատերերին չտրամադրվեցին նոր սերնդի ՀԴՄ-ներ և գումարները հետ վերադարձվեցին: Կարճատև դադարից հետո շուկայում հայտնվեց մեկ այլ Նոր սերնդի ՀԴՄ, որի  վաճառքի գինը հստակ սահմանվեց 160 000 դրամ: Փոքր և միջին ձեռնարկություններին ըստ օրենքի պետք է պարտադրվեն տեղադրել 2019թ-ի հունվարի 1-ից։

Սակայն նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը կդառնա հսկայական  բեռ փոքր և միջին ձեռնարկությունների համար, որը կարող է տանել ընդհուպ մինչև դրանց սնանկացման։ Դեռ ավելին,  փորձը ցույց է տվել, որ մինչ այժմ խոշոր ձեռնարկություններում ՀԴՄ-ների  ներդնումը ուղեկցվել է ՀԴՄ-ների ներդրման ու սպասարկման ոլորտների մոնոպոլիզացիայով և պոտենցյալ կոռուպցիոն սխեմաներով։

Նոր սերնդի ՀԴՄ-ի արժեքն է 160 000 դրամ, այն դեպքում, երբ հին սերնդի ՀԴՄ-ի արժեքը տատանվում էր 60 000-75 000 դրամի սահմաններում։ Այսինքն պետականորեն սահմանված գինը շուրջ 200 տոկոսով ավել է քան մրցակցային շուկայում առկա հին սերնդի ՀԴՄ-ի գինը։ Դեռ ավելին նույնիսկ այն դեպքում, եթե հնարավոր լինի ավելի ցածր գնով նույն Նոր սերնդի ՀԴՄ-ի ներկրումը այլ վայրից, ապա դա նույնպես անհնար է,քանի դեռ չեն սպառվել արդեն ներկրված ՀԴՄ-ները: Հետևությունները թողնում ենք Ձեզ։

 Իսկ որն է  հին սերնդի և նոր սերնդի ՀԴՄ-ների ֆունկցիոնալ տարբերությունները։Նոր սերնդի  ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներից  մեկն այն է, որ  դրանք զինված լինեն  քարտ կարդացող սարքերով` վճարման տերմինալներով: Վճարման տերմինալի առկայությունը զգալիորեն ավելացնում է ՀԴՄ-ի արժեքը: Շատ կասկածելի է վճարման տերմինալը ՀԴՄ-ի հետ կապելու անհրաժեշտությունը: Ներկայումս շուկայում ներդրված արդեն իսկ 25 000 Նոր սերնդի ՀԴՄ-ներից միայն 1500- 2000 ի դեպքում է գործում Նոր սերնդի ՀԴՄ-ի վճարային տերմինալը` մնացած բոլոր տնտեսավարողներն օգտվում են բանկերի կողմից տրամադրված տերմինալներից։

Մանր և միջին ձեռնարկատերերին ստիպողաբար նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու դեպքում, այդ ՀԴՄ-ների վճարային տերմինալների ակտիվացումը առավելևս  կասկածելի է, քանի որ նախ դրանց ակտիվացումից հետո տնտեսավարողը ստիպված կլինի վճարել տերմինալի սպասարկման համար վճար և բացի այդ անկանխիկ առևտրի դեպքում  նաև շրջանառության 1-3 տոկոսը: Այսպիսով որքան շատանա անկանխիկ առևտրի ծավալը վճարային տերմինալի միջոցով, այնքան ավելի մեծ կլինի կորուստը շրջանառությունից մանր և միջին տնտեսավարողների համար:

Արդյունքում ինչ կունենանք` Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը մանր և միջին տնտեսավարողների մոտ կդառնա մեծ բեռ նախ ՀԴՄ-ների բավականին բարձր արժեքի պատճառով` 160 000 դրամ, իսկ վճարային տերմինալի ակտիվացման դեպքում նաև բավականին բարձր տոկոսներ կվճարվի շրջանառությունից:

Եթե կարելի է ինչ-որ կերպ արդարացնել Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը խոշոր տնտեսավարողների դեպքում ապա մանր և միջինի դեպքում պարզապես կդառնա մեծ բեռ ձեռք բերման առումով, իսկ վճարային տերմինալի ակտիվացման դեպքում և այդ տերմինալով անկանխիկ վճարներումների ծավալների մեծացումը պարզապես կտանի սնանկացման:

Արդյունքում կա մի չարդարացված  գործընթաց, պետական միջոցների չարդարացված ուղղորդում ՀԴՄ-ների ձեռք բերման համար, որոնց   արժեքի բեռը  ընկնելու  առանց  այդ էլ մի կերպ գոյատևող մանր և միջին ձեռնարկությունների վրա:Հարկ է նշել նաև, որ անկանխիկ առևտրի կազմակերպման համար նարկայումս արդեն կան շատ ավելի մատչելի սարքավորումներ և մեխանիզմներ, որոնց դեպքում անկանխիկ առևտրի միավոր գործարքի գինը շատ ավելի ցածր է, քան վճարային տերմինալի դեպքում 1-3 տոկոսը,որի բեռը նորից մնալու է տնտեսավարողի ուսերին:

Ֆինանսական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման ներկա ժամանակաշրջանում ուղղակի ծիծաղելի և հետընթաց քայլ է կապելՀԴՄ-ն անկանխիկ առևտրի ձևակերպման միայն մեկ տեսակի հետ:

Նոր սերնդի ՀԴՄ-ներին վերագրվող մյուս ֆունկցիան ապրանքացանկի տպումն է ՀԴՄ-կտրոնի վրա: Այդ և մնացած բոլոր պահանջվող  տեխնիկական փոփոխությունները  կարելի է անել նաև հին սերնդի ՀԴՄ-ների  վրա , որոնց  ֆունկցիոնալ հնարավորությունը դա թույլ է տալիս, իսկ դրանց արժեքը էապես տարբերվում է նոր սերնդի ՀԴՄ ների արժեքից

Պետության կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը և սպասարկումը անուղղակիորեն նպաստում է ոլորտի մոնոպոլիզացիային։ Եթե մինչ օրենքի ներդնումը ոլորտում գործում էին 5-7 ձեռնարկություններ, որոնք մրցակցում էին ազատ շուկայական պայմաններում, ապա այսօր նոր սերնդի ՀԴՄ-ների տեխնիկական պայմանների-լիցենզիաների ներդրման արդյունքում ոլորտում գործում է մեկ ձեռնարկություն։ Ուստի մրցակցային շուկայի բացակայության պայմաններում տուժելու է միմիայն սպառողը։ Դեռ ավելին ըստ օդում կախված լուրերի, այն ձեռնարկությունը որը ստանձնել է նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործառույթները, անուղղակիորեն կապված է նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ուրեմն ինչու չազատականացնել  ՀԴՄ-ների ներկրման շուկան: Անկանխիկ վճարումների ստացման մեթոդների առաջարկը մանր և միջին բիզնեսի համար թողնել բանկային համակարգին  առավել ժամանակակից և մատչելի  ֆինանսական տեխնոլոգիաներով դրանց լուծումները գտնելու համար: Արդյունքում կշահի, իհարկե, մանր և միջին ձեռարկատերը ունենալով լայն ընտրություն ՀԴՄ-ի ձեռքբերման թե' արժեքի և թե' ֆունկցիոնալ  առումով :

Կարեն Խաչատրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter