HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Սոցիալական կայքերում էջեր վարելու մի քանի խորհուրդներ

Հերթական հոդվածը նվիրված է մի քանի սոցիալական կայքերով գովազդներ, լուրեր և հղումներ տարածելու հարցերին, ներկայացված են որոշ խորհուրդներ:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բավական լուրջ գործիքներ կան շուկայում առաջ ընթանալն ապահովելու և կայուն տեղ զբաղեցնելու համար։ Կան և՛ վճարովի, և անվճար միջոցներ, որոնք թույլ են տալիս ակտիվություն ցուցաբերել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջները հասկանալու և բավարարելու համար։

Ապրանքի, կայքի կամ ծառայության գովազդային արշավը «Ֆեյսբուք» կամ որևէ այլ սոցիալական ցանցում կազմակերպելու համար նախ հարկավոր է ստեղծել տվյալ ցանցում այդ ապրանքի, ծառայության կամ ընկերության էջը, վճարային հաշիվ ունենալ և  գովազդային ձևեր ստեղծել՝ թիրախային լսարանով, տարածքային և ժամանակային ընտրանքներով։

Լավագույն արդյունք ստանալու համար վճարովի գովազդի տեքստը պետք է սահմանափակել մոտ 90 նիշերի սահմաններում, հղման նկարագրությունն էլ ցանկալի է, որ լինի ոչ ավելի, քան 25 նիշ: Ուղեկցող նկարի կետայնությունը պետք է սահմանափակել 1200x630 չափերում՝ ոչ ավելի, քան 20 տոկոս տեքստով: 

Ստորև ներկայացվում են սոցցանցերում գովազդների և հրապարակումների՝ առավել հայտնի տեսակները.

Ա․ Մեկ նկարով հրապարակում կամ գովազդ (Photo ad) - Այս դեպքում ցուցադրվում է ապրանքի կամ ծառայության հետ կապված մեկ նկար և դրվում է սեղմ նկարագրությունը, տրվում է հղումը կամ կապի միջոցը։ Նկարի որակը չպետք է չափազանց բարձր լինի․ այն կարող է թույլ կապի դեպքում երկար բեռնվել, միևնույն ժամանակ չպետք է շատ ցածր լինի․ այս դեպքում մեծ մոնիտորներով խղճուկ պատկեր կստացվի։ Լավագույն կետայնությունը՝  1200X900:

Բ․ Վիդեո գովազդ (Video ad) - Սա մի քանի րոպե տևողությամբ գովազդային հոլովակ է, որում ներկայացվում են տվյալ ապրանքի կամ ծառայության հետ կապված տվյալներ։ Լավագույն երկարությունը 2 րոպեն է, ոչ ավելի: Երբեմն հարկավոր է լինում ինտերնետային բարձրորակ կապ՝ առանց ընդհատումների դիտելու համար։

Գ․ Կարուսելային գովազդ (Carousel) - Այս դեպքում հնարավոր է ավելի քան 10 նկար կամ կարճ հոլովակ՝ կապված տվյալ ապրանքի կամ ծառայության հետ։ Կարող են ներկայացվել նաև իրար հետ տրամաբանորեն կապված մի քանի ապրանքներ կամ ծառայություններ՝ յուրաքանչյուր առանձին հղումով։ Նկատենք, որ նկարների տարբերակում հարկավոր է ուղեկցող տեքստի երկարությանն էլ ուշադրություն դարձնել․ խիստ երկար տեքստը պարզապես կվանի պոտենցիալ հաճախորդներին։

 

Դ․ Հավաքական գովազդ (Collection) - Այն թույլ է տալիս ներկայացնել հոլովակների կամ նկարների շարք, որտեղ կարող են լինել կատալոգներ, առանձին հղումներ և նկարագրություններ։ Այս դեպքում նույնպես պետք է չափավոր նկարագրություն դնել, այլ ոչ թե երկար ու հոգնեցնող։

Ե․ Սլայդի տեսքով գովազդներ (Slideshow) - Այս դեպքում հնարավոր է դիտել նկարներն ավտոմատ փոխվող հերթականությամբ։ Հարմար է հատկապես մոբայլ տարբերակի համար։ Ի տարբերություն վիդեո գովազդի՝ սլայդի դեպքում ավելի թույլ ինտերնետային կապ է հարկավոր։ Նկարներում երևացող տեքստը պետք է կարճ ու բովանդակալից լինի․ երկար նկարագրությունները պարզապես կարող են ծածկել նկարը և իջեցնել դիտոդականության ցուցանիշը։

Զ․ Հավաքական գովազդ (canvas կամ collection) - սա որոշ իմաստով նախորդ տարբերակների հանրագումարն է կամ միասնությունը։ Հիմնականում մոբայլ տարբերակով դիտելու համար է նախատեսված։ Գլխավոր նպատակը մոբայլ տարբերակով այցելությունների կամ առևտրի խրախուսումն է։

2 Հնարավոր է վճարովի գովազդային արշավ սկսել՝ օգտագործելով վերև նշված վճարային հաշիվը։ Ամեն անգամ օգտատերերի կողմից դիտման, հղումին հետևելու կամ գովազդը բացելու դիմաց «Ֆեյսբուքը» կամ մեկ այլ սոցիալական ցանց որոշակի գումար կգանձի տվյալ գովազդը տեղադրողի վճարային հաշվից։ Նախապես հարկավոր է ամենայն մանրամասնությամբ ընտրել թիրախային լսարանը, ընդհանուր և առօրյա բյուջեն՝  սահմանափակումներից խուսափելու համար։

Գովազդի ստեղծումից առաջ նաև հարկավոր է որոշել, թե այն ինչի համար է նախատեսված՝ էջի կամ կայքի առաջխաղացմա՞ն, թե՞ որևէ հրապարակման լսարանի ավելացման։ 

Սոցկայքերում գովազդի նպատակները։

Ա․ Էջի առաջխաղացում - Սա գովազդային արշավի ամենատարածված տեսակներից մեկն է, որի դեպքում գովազդվում է տվյալ էջը՝ հավանումների թիվը շատացնելու համար։ Սա իր հերթին բերում է հնարավոր հաճախորդների կամ ծառայություններից օգտվողների թվի ավելացման։ Էջի առաջխաղացման և հավանումների դեպքում հրապարակումները երևում են օգտատերերի լրահոսում։ Հիմնականում արվում է օգտատերերի հետ ինտերակտիվ շփում ունենալու համար։ Ակտիվորեն կարող է օգտագործվել հաղորդագրություններ գրելու ֆունկցիան։ 

Բ․ Կայքի առաջխաղացում - Այս դեպքում գովազդվողը կայքն է։ Սա թույլ է տալիս մեծացնել կայքի այցելությունների թիվը, գրավել նոր հաճախորդներ, նրանց ծանոթացնել կայքի նորություններին։ Հնարավոր է, որ այցելությունների ընթացքում կայքն ավելի բարենպաստ տեղ գրավի վարկանշային աղյուսակում, քան մրցակից ընկերությունը։ Կայքի առաջխաղացման գովազդում դրվում է կայքի ուղիղ հղումը։ Հարմար է հաճախորդների կամ այցելուների հետ երկարաժամկետ համագործակցություն ստեղծելու համար։

Գ․ Հրապարակման  առաջխաղացում - Սա այն դեպքում է կատարվում, երբ հարկավոր է կոնկրետ հրապարակում ավելի տեսանելի դարձնել, խրախուսել քննարկումները և օգտատերերի կողմից կարծիքներ ստանալ։ Որպես կանոն՝ արվում է կարճ ժամանակի համար, քանի որ շատ սեղմ ժամկետներում հրապարակումը հաճախ կորցնում է իր արդիականությունը։ Հարմար է օգտատերերին  կարճաժամկետ ակցիաներին ծանոթացնելու համար։ Հրապարակման լավագույն տարբերակը 40-80-120 կանոնի պահպանումն է (40-ից 80 նիշ, ծայրահեղ դեպքերում՝ 120)։

Ինչպես վարել սոցիալական կայքը

«Ֆեյսբուք» սոցկայքում հարկավոր է գրառում կատարել գոնե օրը մեկ անգամ՝ ուղեկցող նկարով և նկարագրությամբ։ Լավագույնը 13։00-16։00 ընկած ժամանակահատվածն է։ «Թվիթեր» միկրոբլոգում հիմնականում ընդունված է 5-30 հրապարակումը մեկ օրվա ընթացքում։ Հեշթեգերը հրապարակման մեջ կարևոր դեր են խաղում: Դրանք պետք է դրվեն այն լեզվով, ինչ լեզվով որ դրված է գրառումը։ Երկուշաբթիից հինգշաբթի 13:00-15:00 ընկած ժամանակահատվածը լավագույն տարբերակն է լսարանի մեծության առումով:  

«Լինկդին»-ում կարելի է շաբաթական 4-5 գրառում կատարել։ Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան 7-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածը լավագույնն է համարվում գրառումների և հրապարակումների համար։ 

«Գուգլ պլյուս» ցանցում օրական գոնե մեկ գրառումը լավագույն տարբերակն է, մանավանդ եթե այն արվում է առավոտյան 10-ից ցերեկվա 2-ն ընկած ժամանակահատվածում: Գրառումները կարող են տարածվել այսպես կոչված շրջանակներում, որոնք կարող են ընդգրկել օգտատերերի առանձին խմբեր։

Նկարների հրապարակմամբ հայտնի «Փինթերեստ» և «Ինստագրամ» սոցկայքերում էլ կարելի է օրական գոնե մեկ նկար տեղադրել՝ ուղեկցող տեքստով։

Անցյալ տարվա ընթացքում այս կայքերում լավագույն հրապարակման ժամանակահատված է համարվել երեկոյան 7-9-ը։ Ակտիվությամբ երկրորդ ժամանակահատված է համարվել կեսօրին մոտ հատվածը՝ 11-ից մինչև ցերեկվա 1-ը։

Սոցիալական կայքը ճիշտ ընտրելու հարցում հաճախ պետք է հաշվի առնել շուկայի առանձնահատկությունը, լսարանի աշխարհագրական դիրքը և հարակից այլ հարցեր։ Օրինակ՝ եթե մի երկրում տվյալ ապրանքանիշը մեծ ճանաչում ունի, սակայն սոցալական կայքը, որով գովազդ է իրականացվում շատ երկրներում, արգելափակված է այդ երկրում, բնական է, որ ընկերությունը պիտի մտածի մյուս սոցկայքերով գովազդն իրականացնելու մասին։

Հարկավոր է ուշադիր հետևել ոչ միայն սեփական, այլ նաև մրցակիցների շուկայական դիրքին, իրենց կողմից տարվող գովազդային քաղաքականությանը։ Սոցիակալան կայքերը և վերլուծություններ կատարող ընկերությունները կարող են օգնել այս հարցում։ Վիճակագրությունը թույլ կտա ավելի լավ կենտրոնացնել ջանքերը գովազդային արշավ սկսելու և վարելու համար, նաև կբացառի կամ նվազագույնի կհասցնի սխալների հավանականությունը։ Կան վճարովի և անվճար ծառայություններ առաջարկող ընկերություններ, որոնք մշտադիտարկման միջոցով տվյալներ են հավաքում և տրամադրում օգտատերերին, կազմակերպություններին, որպեսզի նրանք ավելի լավ կազմակերպեն իրենց գովազդային արշավները։ Լավագույններից և առավել հայտնիներից թվենք https://www.alexa.com, https://www.similarweb.com, https://www.quantcast.com կայքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter