Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակությունը «կոնֆիդենցիալ երկխոսություն» է սկսել գերեվարված Կարեն Ղազարյանի հարցով



Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակությունը «կոնֆիդենցիալ երկխոսություն» սկսել է համապատասխան մարմինների հետ հուլիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի հարցով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության թվային հաղորդակցման պատասխանատու Գոհար Տեր-Հակոբյանը:

«Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է ներգրավված բոլոր կողմերի, իշխանությունների և պատկան մարմինների հետ: Մենք գործում ենք՝ համաձայն մեր մանդատի և աշխատելաոճի: Կարող եմ ասել, որ ըստ մեր ընթացակարգերի՝ այդ պրոցեսը սկսվել է»,- նշեց Գոհար Տեր-Հակոբյանը:

Վերջինս նշեց, որ այս պահին չի կարող տեղեկություններ տրամադրել Կարեն Ղազարյանի պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խումբը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի շրջանի ուղղությամբ փորձել է հատել սահմանը։ Իսկ ադրբեջանական զինուժի ստորբաժանումները հայտնաբերել եւ հետ են մղել, իսկ խմբի անդամներից մեկին՝ Կարեն Ղազարյանին գերի են վերցրել։

Սակայն ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքեցին ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Կարեն Ղազարյանը դիվերսիոն խմբի անդամ է՝ նշելով, որ նա Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1984 թվականին:

Արծրուն Հովհաննիսյանն ու Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել էին նաև, որ Կարեն Ղազարյանը առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ