HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանությունը նախարար Արթուր Գրիգորյանին բերման ենթարկելու որոշումը չի կատարել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Էներգետիկ և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել, սակայն ոստիկանությունն այս որոշումը չի կատարել:

Գագիկ Պողոսյանի վարույթում քննվում է «Արդշինբանկ»-ի վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ  գործը, որով Արթուր Գրիգորյանը վկայի կարգավիճակ ունի: Վերջինս դատարանի կողմից պատշաճ ծանուցվել, սակայն նիստերին ցուցմունք տալու համար չի ներկայացել, որից հետո Պողոսյանը նրան բերման ենթարկելու որոշում է կայացրել ու այն ուղարկել ոստիկանություն, որպեսզի ոստիկանները կատարեն որոշումը:

«Թավշյա հեղափոխությունից» հետո, սակայն, Գրիգորյանը դարձել է նախարար: Այս գործով վերջին դատական նիստին դատավոր Գագիկ Պողոսյանը կողմերին առաջարկեց ստեղծված պայմաններում դիրքորոշում հայտնել` նախարարի մասնակցությունը դատական նիստին ապահովելու տարբերակների վերաբերյալ: Մեղադրող դատախազն առաջարկեց նախարար դարձած Գրիգորյանին ևս մեկ անգամ ծանուցել ու հրավիրել նիստին, իսկ դատավարության մյուս մասնակիցները` տուժողի ներկայացուցիչ Հրանտ Անանյանն ու ամբաստանյալի շահերի պաշտպան Բագրատ Պետրոսյանը, պնդեցին, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և նախարարը պետք է բերման ենթարկվի: Դատավորն, այնուամենայիվ, որոշեց նախարար Գրիգորյանին մեկ անգամ ևս ծանուցել՝ նիստին ներկայանալու համար:

Նշենք, որ այս գործով վկաներից մեկը՝ Հարություն Համբարձումյանը, դատարանին հայտնել է, որ  Արթուր Գրիգորյանն, ով նախկինում եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բարեկամական հարաբերություններ ունի «Արդշինբանկ»-ի վարկը ոչ նպատակային օգտագործելու առթիվ հարուցված քրեական գործով անցնող մեղադրյալ. «Հագնեաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի հետ:

Մեկ այլ վկա Կարեն Մանուկովն էլ գործի նախաքննության ընթացքում հայտնել է, որ Արթուր Գրիգորյանը «Հագենաս» ՍՊԸ-ի վարկով շահագրգռվածություն է ունեցել: Այսինքն՝ կարելի է ասել, որ նախարար Գրիգորյանը այս գործով կարևոր վկա է:

Հիշեցնենք, որ վարկը ոչ նպատակային օգտագործելու փաստի առթիվ Գագիկ Պողոսյանի վարույթում քննվող  գործով ամբաստանալի կարգավիճակ ունի «Արդշինբանկ»-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչ Արթուր Կարապետյանը: Քրեական գործով «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանն էլ մեղադրյալ է, բայց նրա մասով գործը դեռևս նախաքննության փուլում է: Գևորգյանը տևական հետախուզման մեջ է եղել, և, իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս հայտաբերվել է Գերմանիայում:

 Ըստ Արթուր Կարապետյանի մեղադրանքի` նա 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի) «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում  «Արդշինիբանկ» ՓԲԸ-ից միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր լիազորությունները չարաշահելու մեջ, որով, ըստ մեղադրանքի, բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացել են ծանր հետևանքներ:

Ըստ գործի նյութերի՝ «Հագենաս» ՍՊԸ-ն «Արդշինբանկ»-ից շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկ է վերցրել, հայտնել, որ պետք է ալկոհոլային խմիչք արտահանի, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ չի մարել:

Վարկը ստանալու համար գրավադրված է եղել բանկի ավանդատու Կարեն Գևորգյանի, ինչպես նաև վերջինիս աղջկա և կնոջ՝ բանկում ունեցած ավանդը, և վարկային պարտավորությունները «Հագենաս» ՍՊԸ-ի կողմից չմարելուց հետո իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի  չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Ըստ գործի նյութերի՝ Կարեն Գևորգյանին, այսպիսով, պատճառվել է 660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ Արթուր Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:

Արթուր Կարապետյանը ժխտում է վերը նշված գործընթացում նյութական շահագրգռվածություն ունենալու հանգամանքը, իսկ Կարեն Գևորգյանի ընտանիքը պնդում է, որ Կարապետյանի մասնակցությամբ գործարքները ստորագրելիս դրանց բովանդակությանը չեն ծանոթացել, չեն իմացել, որ իրենց ավանդները գրավադրվել են «Հագենաս»-ի վարկի համար:

Վկա Կարեն Մանուկովը, ով, հիշեցնենք, նախաքննության ընթացքում խոսել է նախարար Արթուր Գրիգորյանի կողմից «Հագենաս»-ի վարկի հարցում շահագրգռվածություն ունենալու մասին, երկու դատական նիստերի ընթացքում դատարանում ցուցմունք է տվել: Դատավարության կողմերը բազմաթիվ հարցերի միջոցով փորձում էին նրանից ստանալ հարցի պատասխանը, թե «Հագենաս»-ին վարկ տրամադրելու ժամանակ սոցապնախարար եղած Գրիգորյանը ի՞նչ շահագրգռվածություն է  ունեցել վարկի տրամադրման հարցում, այդ շահագրգռվածությունը եղել է անձնակա՞ն, թե՞ գործնական, որին ի պատասխան Կարեն Մանուկովը պատասխանեց, թե իր կարծիքով` Գրիգորյանի շահագրգռվածությունը գործում եղել է որպես պաշտոնատար անձ: Իսկ թե ինչու էր սոցապնախարարը հետաքրքվում ոգելից խմիչքների արտահանմամբ, պարզ չէ:

Կարեն Մանուկովը  որոշ մանրամասներ հայտնեց նաև Խաչիկ Գևորգյանի բիզնեսի, Արթուր Կարապետյանի և իր փոխհարաբերությունների մասին: Ըստ վկայի ցուցմունքի` ինքը բանկային գործում լուրջ փորձ ունի: Խաչիկ Գևորգյանը ցանկացել է Հայաստանից կոնյակ արտահանել Չինաստան, և որպես խորհրդատու իրեն է դիմել: Երբ կոնյակի արտահանման համար վարկ վերցնելու անհրաժեշտություն է եղել, Գևորգյանը վկային ծանոթացրել է ամբաստանյալ Արթուր Կարապետյանի հետ, սակայն, ըստ վկայի, իր և Արթուր Կարապետյանի հարաբերություններն այսքանով սահմանափակվել են, որևէ այլ առնչություն չեն ունեցել:

Մանուկովը հայտնեց, որ Հայաստանից կոնյակն արտահանվել է Չինաստան, սակայն այն խոտանվել է, և  Խաչիկ Գևորգյանը, խոտանված ապրանքը վերադարձնելու փոխարեն, ցանկություն է հայտնել այն վերամշակել ու վաճառել: Մանուկովն ասում է, թե ինքը Գևորգյանին խորհուրդ չի տվել նման բան անել, բայց թե հետագայում ինչ ճակատագիր է ունեցել խոտանված ապրանքը, չգիտի:

Նշենք, որ տուժող կողմին կոնյակի արտահանման ու խոտանման պատմությունն արժանահավատ չի թվում: Տուժող կողմը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ըստ վարկային փաստաթղթերի` «Հագենաս»-ին կոնյակի արտահանման համար մի քանի անգամ վարկեր են տրամադրվել, սակայն մինչ այդ վարկերի տրամադրումը կոնյակն արդեն արտահանված է եղել:

Ինչպես է ստացվում, որ կոնյակն արտահանում են, նոր արտահանման համար վարկ տրամադրում. հարց է բարձրացնում տուժող կողմը: Կարեն Մանուկովի հարցաքննության ժամանակ դատավորը հարց հնչեցրեց, թե արդյոք ինքը` Մանուկովը կամ, օրինակ, նախարար Արթուր Գրիգորյանը չե՞ն վճարել կոնյակի արտահանման գումարները, ինչին Մանուկովը բացասական պատասխան տվեց:

Այս գործով այսօր հերթական դատական նիստն է նշանակված. նախարար Գրիգորյանը կներկայանա, թե ոչ, պարզ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter