HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Ապարանի քաղաքապետի «Գնթունիք» սուպերմարկետը տրամադրում է անօրինական ՀԴՄ կտրոններ

Ապարան քաղաքի «Գնթունիք» սուպերմարկետում հաճախորդներին ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Պահանջելու դեպքում տալիս են մի կտրոն, որի վրա բացակայում են ՀԴՄ կտրոնի՝ օրենսդրությամբ պահանջվող տվյալները։

«Գնթունիքը» գրեթե միշտ բազմամարդ է։ Հաճախորդները հիմնականում տարածքով երթևեկողներն են, որոնց համար սուպերմարկետը դարձել է մի քանի րոպեով կայանելու, հանգստանալու և սնվելու վայր։ Այստեղով ամեն օր անցնում են մարզային երթուղայիններ, հաճախ՝ տուրիստական միկրոավտոբուսներ, ավտոբուսներ։ ՀԴՄ կտրոն չտրամադրելու պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ուշադրությունից վրիպում է սուպերմարկետի ակտիվ առևտրի իրական շրջանառությունն ու եկամուտը:

Ապարանի «Գնթունիք»-ում եղել ենք հունիսի 30-ին: «Հետք»-ի ընթերցողներից մեկն ադ օրը սուպերմարկետում գնում կատարելուց հետո պահանջել էր ՀԴՄ կտրոն, ստացել այս կտրոնը և ահազանգել այդ մասին իր ֆեյսբուքյան էջում:

Նույնը օրը որոշ ժամանակ սուպերմարկետի աշխատանքին հետևելուց հետո մեզ համար ակնհայտ էր, որ գնորդներին ՀԴՄ կտրոն չեն տալիս: Երկու տարբեր գնում կատարելուց հետո պահանջեցինք ՀԴՄ կտրոն, աշխատակիցները հսկիչ դրամարկղային մեքենայով տպեցին և տրամադրեցին նկարում պատկերված կտրոնները: Սրանցում երևում է կատարված գնումը, գնման վայրը, ժամը և օրը, բայց դրանք ՀԴՄ օրինական կտրոն չեն: 

ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրված լինեին նաև ՀԴՄ կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), սարքի կիրառության վայրի հասցեն, սարքի գրանցման համարը (ԳՀ): ՀԴՄ-ի ժապավեններին ներկայացվող պահանջները հաստատված են «Հարկային օրենսգրքով»: 381-րդ հոդվածում թվարկված տվյալներից որևէ մեկի բացակայությունը համարվում է ՀԴՄ կիրառության կանոնների խախտում:

Պահանջվող տվյալներից այս կտրոնների վրա բացակայում է նաև կարևոր (Ֆ) նշանը, որը ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում գործելու նշանն է: Միայն այս ռեժիմում է սարքը գեներացնում ֆիսկալ համար, որը տպագրվում է կտրոնի վրա:

Կառավարության որոշմամբ՝ ՀԴՄ-ները կարող են աշխատել միայն ֆիսկալային ռեժիմում: ՀԴՄ-ն անպայման պետք է ունենա ֆիսկալային հիշողություն. սա երկարատև հիշող սարք է, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական հաշվետվությունը առնվազն 4 ժամը մեկ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգին փոխանցելու համար:

«Հետք»-ը փորձեց պարզաբանում ստանալ «Գնթունիք» ընկերությունից, թե ինչպես են առանց ֆիսկալ համարի կտրոններով հարկ վճարում։ Ընկերության՝ համացանցում հրապարակված հեռախոսահամարին պատասխանեց մենեջերներից մեկը, ով նշեց, որ տնօրենը տեղում չէ և փոխանցեց փոխտնօրենի հեռախոսահամարը։ Վերջինս հարցերը լսելուց հետո խոստացավ պատասխանել հինգ րոպեից, ապա ինքը զանգահարեց և փոխանցեց մեկ ուրիշին, ով ներկայացավ որպես մենեջեր։ Հայկ անունով մենեջերը (ինքն այդպես ներկայացավ) պատասխանեց, թե միայն հարկայինին կարող է ասել, թե ինչպես է սուպերմարկետը հարկվում. «Ոչ թե ասենք ինչ-որ ամեն մի զանգողի փորձեմ պարզաբանեմ»։ Ավելացրեց, թե չի պատկերացանում՝ ինչ կտրոնների մասին է խոսքը, վստահեցրեց, որ իրենք ՀԴՄ կտրոն են տալիս, որի վրա նշված է ֆիսկալ համար։

Քանի որ Հայկը միայն հարկային մարմնին կարող է ասել, թե ինչպես է սուպերմարկետը հարկվում, դիմում ենք ՊԵԿ-ին՝ պարզաբանելու, թե ինչպես է սուպերմարկետը կարողանում անօրինական ՀԴՄ կտրոններով առևտուր իրականացնել:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ ՀԴՄ-ի և կենտրոնական տվյալների շտեմարանի միջև տեղեկությունների փոխանակումը համաժամանակեցված է (սինքրոնիզացիա), ինչը հնարավորություն է տալիս ՊԵԿ-ին վերևում հրապարակված կտրոնների վրա առկա օր ու ժամով ճշտել՝ արդյոք կատարված գործարքներն իրենց մոտ գրանցվել են, թե ոչ: 

«Գնթունիք»-ի միանձնյա սեփականատերը Ապարանի քաղաքապետն է

«Գնթունիք» ընկերությունը հիմնադրվել է 2005թ.-ին: Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` հիմնադրման տարվանից ՍՊԸ-ի միակ բաժնետերը Կարեն Մերուժանի Եղիազարյանն է:

 

Կարեն Եղիազարյանը Ապարանի քաղաքապետն է:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարեն Եղիազարյանը քաղաքապետի ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածուն էր, դա հաստատել է նաև ինքը՝ Եղիազարյանը, հարցազրույցներից մեկում: Ընտրություններից առաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որ ՀՀԿ-ի ներսում Կարեն Եղիազարյանին հատկապես սատարում է քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը. գործարարն այս հրապարկումները չի հերքել: Կ. Եղիազարյանը Ապարանի քաղաքապետի պաշտոնում է 2017թ. նոյեմբերից, այդ ժամանակվանից էլ համատեղում է համայնքի կառավարումն ու գործարարությունը:

ՊԵԿ-ն ամեն տարի հրապարակում է 3 մլն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած առևտրային կազմակերպությունների ցանկը, «Գնթունիք»-ը տարիներ շարունակ եղել է այս ընկերությունների ցանկում, սակայն 2017թ.-ից միանգամից հայտնվել է մեկ այլ՝ 10 միլիոն դրամ և ավելի եկամտային հարկ վճարածների ցանկում: «Գնթունիք»-ն այդ տարի վճարել է առնվազն 10 միլիոն դրամի չափով եկամտահարկ, ՊԵԿ-ը ստույգ չափը չի հրապարակել:

Չնայած գծապատկերի վերջին տարվա դրական շարժին՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ապարանի քաղաքապետ Կ. Եղիազարյանը, նախորդ տարիներին ինչպես իր, այնպես էլ ընկերության հարկային պարտավորությունների վճարումը ուշացնելու կամ հարկային խախտումներ անելու պատմություն ունի։ Այնպես որ, գծապատկերը միայն հարկային մարմնի արձանագրումն է և կարող է հեռու լինել ընկերության իրական հարկային պարտավորությունների չափից:  

Գործարար քաղաքապետը հարկերն ուշացնելու և խախտումներ անելու սովորություն ունի

2014թ․, երբ Կարեն Եղիազարյանը դեռևս քաղաքապետ չէր, Ապարանի նախորդ քաղաքապետը նրանից «Գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին» որոշում է կայացրել։ Համաձայն այս որոշման՝ Ապարան քաղաքի Բաղրանյան 61, 63, Սպ. Մելիքյան 3 հասցեներում գտնվող հասարակական նշանակության շինությունները, ինչպես նաև` շարժական գույքը` FORD, MERSEDENS –BENZ, BMW 750 մակնիշի ավտոմեքենաները հանդիսանում են Կարեն Եղիազարյանի սեփականությունը, որի համար վերջինս պարտավոր էր վճարել գույքահարկ։ Ըստ որոշման՝ գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմել է 1 303 440 դրամ, որը 2008-2013 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել: Գումարը ներառում է նաև պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժը։

Նախորդ տարիներին «Գնթունիք»-ը հայտնվել է ՊԵԿ-ի՝ 1 միլիոն դրամ և ավելի ապառքի (հարկային պարտքի) աճ ունեցող հարկ վճարողների ցանկում։

2014թ․ հաշվետու տարվա արդյունքներով ընկերությունը պետբյուջեին պարտք է եղել մոտ 7 միլիոն դրամի չափով հարկ, իսկ 2016թ.՝ շուրջ 4 միլիոն դրամ:

2017թ․ պետական եկամուտների կոմիտեն երկու անգամ կասեցրել է Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետի առևտուրը։ Կասեցումներից յուրաքանչյուրը տևել է 5 օր, ապա փոխարինվել 300 հազար դրամ տուգանքով։ ՊԵԿ-ը չի հստակեցրել, թե հատկապես ինչ խախտման համար է նշանակվել տուգանքը:

Նույն տարում «Գնթունիք» ընկերությունը հայտնվել է նաև ՊԵԿ-ի՝ աշխատողի աշխատանքի ընդունումը օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցած և (կամ) գրանցման հայտ չներկայացրած հարկ վճարողների ցանկում:

ՊԵԿ-ն արդեն հրապարակել է նաև 2018թ. առաջին եռամսյակում մի շարք տնտեսվարողների մոտ կատարված ստուգումների արդյունքները: Հարկային մարմինը, ըստ այս ցանկի, «Գնթունիք» չի այցելել:

«Գնթունիք»-ի երևանյան մասնաճյուղը առևտուրը կազմակերպում է ԱՁ-ով՝ չվճարելով ավելացված արժեքի հարկ

Դավթաշենի Անաստաս Միկոյան 2/1 հասցեում գործող «Գնթունիք» սուպերմարկետը «Գնթունիք» ընկերության նախագիծն է: Այդ մասին մեզ հետ զրույցում հաստատեց ընկերության աշխատակիցը: 

լուսանկարում՝ Դավթաշենի «Գնթունիք»-ը, աղբյուրը՝ ֆեյսբուք

Այստեղից գնում կատարելուց հետո ստացանք ՀԴՄ կտրոն, որի վրա սակայն նշված է ոչ թե ընկերության անունը, այլ անհատ ձեռնարկատիրոջ անվանում՝ «Նարեկ Միքայելյան»։ Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների բազայի՝ այս ԱՁ-ն գրանցվել է 2017թ․ նոյեմբերի 6-ին՝ սուպերմարկետի գործելուց մոտ երկու ամիս առաջ։

Հիշեցնենք, որ վերջերս ազգային անվտանգության ծառայությունը ԱՁ-ների միջոցով հարկերից խուսափելու դեպք բացահայտեց «Ալեքս Հոլդինգ» սուպերմարկետների ցանցում։ Ըստ բացահայտված սխեմայի՝ առևտուրը կազմակերպվել է անհատ ձեռնարկատերերի միջոցով: Սա հնարավորություն էր ընձեռել «Ալեքս Հոլդինգ» ընկերությանը 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: ԱԱԾ-ի տվյալներով՝ այն ժամանակ, երբ ԱՁ-ները հատել են իրացման 115 միլիոն դրամի սահմանաչափը, լուծարվել են կամ փակվել, փոխարենը բացվել են նորերը։

ՊԵԿ-ի հարկ վճարողների բազայում երևում է, որ «Նարեկ Միքայելյան» ԱՁ-ն ավելացված արժեքի հարկ վճարող չէ։ ՀԴՄ կտրոնի վրա ևս չկա վճարված ԱԱՀ-ի չափ:

ԱՁ-ի միջոցով է գործում նաև «Գնթունիք»-ի անունով երևանյան մյուս խանութը, որը գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ Ազատամարտիկների փողոցում։ «Գնթունիք» ընկերությունից սակայն մեզ վստահեցրին, որ իրենց է պատկանում միայն Դավթաշենի սուպերմարկետը:

առաջին լուսանկարը՝ Արթուր Ավագյանի, աղբյուրը՝ ֆեյսբուք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter