HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավագանու անդամների ստորագրություններն ակնհայտ տարբերվում են

Արմավիրի մարզի մի շարք համայնքների ավագանու որոշումների ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ որոշ համայնքներում  ավագանու անդամների ստորագրություններում կան ակնհայտ տարբերություններ: Այսինքն, նույն անդամը տարբեր որոշումների տակ ստորագրել է տարբեր ձևով: Չի բացառվում, որ նրանց փոխարեն ստորագրել են այլ անձինք:

Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը զարմացավ, որ իրենց համայնքի ավագանու անդամների ստորագրությունները տարբերվում են: Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ հնարավոր են դեպքեր, երբ ավագանու անդամները որոշումը ստորագրեն համայնքապետարանից դուրս, օրինակ՝ տանը: Սակայն փաստեց, որ բոլոր դեպքերում ավագանու անդամների փոխարեն այլ մարդ չի ստորագրել:

«Գյուղի ժողովուրդ են, հնարավոր է` չսպասեն ստորագրելուն, դուրս գան, բայց բոլոր դեպքերում իրենք են ստորագրում»,-ասաց Մանվել Օհանյանը:

Մարզի Շենավան համայնքում ամենից հաճախ «փոխվում» է ավագանու անդամ, 38-ամյա Սահակ Սիմոնյանի ստորագրությունը: Վերջինս Հանրապետական կուսակցության անդամ է: Ավագանու գրեթե բոլոր որոշումների տակ դրված նրա ստորագրությունը տարբերվում է, այդ թվում՝ նույն օրը կայացրած որոշումների:

Ակնհայտորեն տարբերվում են նաև ավագանու մեկ այլ անդամի` Մկրտիչ Միքայելյանի ստորագրությունները: Վերջինս անկուսակցական է: Շենավանի համայնքապետից պարզաբանում ստանալ չհաջողվեց, նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Նշենք, որ Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանը 2017թ. տարեվերջին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց համացանցում տարածված լուսանկարների պատճառով: Համայնքապետը երկու այլ տղամարդու հետ լուսանկարվել էր երկու անկենդան սպիտակագլուխ անգղի հետ: Պարզվեց, որ նշված գիշատիչ թռչունը գրանցված է Կարմիր գրքում, և դրանց որսն արգելված է: Արթուր Մկրտչյանը պնդում էր, որ ինքը չի որսացել սպիտակագլուխ անգղերին. դրանց տեսել է ճանապարհին ընկած:  

Արթուր Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ մեղքը չի ապացուցվել:

Նույն պատկերն է նաև Մրգաշատ համայնքում: Այստեղ տարբերվում են ավագանու անդամ Վոլոդյա Հակոբյանի ստորագրությունները: Վերջինս միակը չէ, ավագանու այլ անդամների ստորագրություններում ևս տարբերություններ կան:

Մրգաշատի համայնքապետ Գևորգ Դանիելյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ որոշումների տակ ավագանու անդամները ստորագրում են տեղում: Նա ևս զարմացավ, որ ավագանու անդամների ստորագրությունները տարբերվում են: «Վոլոդյա Հակոբյանն ամենաակտիվ մասնակիցն է, ո՞նց կարող է ստորագրությունը տարբերվել»,-ասաց Գ. Դանիելյանը:

Զրույցի ընթացքում Մրգաշատի համայնքապետն, այնուամենայնիվ, ասաց, որ երբեմն որոշումներն ուղարկվում են ավագանու անդամների տուն` ստորագրելու:

Մարզի Վանանդ համայնքում նույնպես ավագանու անդամների ստորագրությունները տարբերվում են: Մասնավորապես, խոսքը ավագանու երեք անդամների ստորագրությունների մասին է՝ Այլազ Սլոյանի, Արթուր Թովմասյանի և Քրիստինե Խլղաթյանի:

Վանանդ համայնքն ունի ավագանու 5 անդամ, սակայն նիստերին հիմնականում մասնակցում են վերը նշված երեք անդամները:

Նշենք, որ ավագանու անդամների  փոխարեն ստորագրելը Արմավիրի մարզում նորություն չէ: Օրինակ, Շահումյանի Թ/Ֆ արդեն նախկին համայնքապետ Արթուր Յայլոյանը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, համայնքի ավագանու անդամ Հակոբ Մերուժանի Դանիելյանի` 2015թ. սեպտեմբեր ամսից սկսած` հանրապետությունից բացակայելու, ավագանու նիստերին և կայացրած որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու պայմաններում, նրա փոխարեն ստորագրելով` կեղծել և շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը համայնքապետին մեղավոր էր ճանաչել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter