HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ուսանողները դժգոհ են ակադեմիական տարկետման վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովից

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ և ձեռքբերումներ ունեցած 209 ուսանողներ դիմել են կրթության և գիտության նախարարություն՝ ակադեմիական տարկետման իրավունք ստանալու համար: Նրանցից 132-ը ստացել է դրական եզրակացություն: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին կրթության և գիտության նախարարությունից:

Ալեքսանդր Խաչատրյանը տարկետում ստանալու համար նախարարություն դիմածներից մեկն է: Նա  հրավիրվել է հարցազրույցի, սակայն տարկետման իրավունքի վերաբերյալ դրական եզրակացություն չի ստացել. սահմանված նվազագույն շեմից (65 բալ) մեկ բալ քիչ է հավաքել:

Ալեքսանդրը սովորել է Ռուսական պետական հումանիտար համալսարանում, ապա վերադարձել Հայաստան, ավարտել Գիտությունների ազգային ակադեմիան, այս տարի էլ անվճար կարգով ընդունվել ԳԱԱ-ի ասպիրանտուրա:

Ալեքսանդրի բողոքը վերաբերում է տարկետման տրամադրման ընթացակարգին: Ասում է՝  դիմորդների համար պայմանները հավասար չեն եղել, իսկ գնահատման համակարգն անհասկանալի է: Մասնավորապես՝ նշում է այն հանգամանքը, որ պահանջվող փաստաթղթերի ցանկում եղել են` հետաքրքրվածության (մոտիվացիոն) նամակ, երաշխավորագրեր,  «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգ»-ում կատարված փոփոխությունից հետո ավելացել է հարցազրույցը, բայց միայն հարցազրույցն է  գնահատվել՝ 20 բալային համակարգով: «Հանձնաժողովը չի գնահատել գիտական հոդվածների բովանդակությունը, կարևորել է միայն ձևը»,-ասում է նա:

Ալեքսանդր Խաչատրյանը միակը չէ, որ բողոքում է հանձնաժողովի որոշումից:  

Թադևոսյան Արմանն ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, տարկետում ստանալու համար ներկայացել է հարցազրույցին, սակայն 0.75 բալով դուրս է մնացել տարկետման իրավունքի մրցույթից: Հարցազրույցից մի քանի օր հետո գիտական աշխատանք է ներկայացրել, դրա մասին հայտնել է հանձնաժողովի անդամներին, սակայն հաշվի չեն առել: Արմանի համար անհասկանալի են հանձնաժողովի անդամների տված ոչ մասնագիտական հարցերը: Ասում է՝ կցանկանար, որպեսզի հանձնաժողովը գնահատեր ուսանողի մասնագիտական որակները և հարցազրույցի ժամանակ մասնագիտական հարցեր ուղղեր:

«Հետք»-ին դիմած ուսանողները դժգոհում են նաև, որ հանձնաժողովի անդամների մեջ եղել են ուսանողներ, մինչդեռ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը նախօրոք հայտարարել էր, թե «որպես հանձնաժողովի անդամներ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու»: 

Վաչագան Աբելյանը սովորել է Մոսկվայում: Ասում է, որ անվճար ընդունվել է մագիստրատուրա, սակայն մրցույթին մասնակցելու համար վերադարձել է։

Դիմող-ուսանողները դժգոհում են, որ բողոքարկման հանձնաժողովում նույն մարդիկ են եղել, և որոշումները չեն փոխվել:

Այս ուսանողները դիմել են ԿԳ նախարարին, սակայն ստացել են պատասխան, թե` դիմեք դատարան: Դատարան դիմելու ժամանակ չունեն. ամառային զորակոչն ավարտվում է:

Ուսանողները սպասում են Կառավարության առաջիկա նիստին, որտեղ կհրապարակվեն պարտադիր զինվորական ծառայությունից ակադեմիական տարկետում ստացողների անունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter