HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային կոմիտեի նախագահն աշխատանքային շաբաթը սկսել է մարզային այցերով

Արմավիրի մարզը հանրապետությունում ոռոգման ջրի ամենաշատ սպառողն է: Մարզում գործում են ջրօգտագործողների 3 ընկերություններ, որոնք սպասարկում են 97 համայնքի 23700 ջրօգտագործողների, իսկ ջրի սպառման ծավալը տարեկան միջինում կազմում է 290 մլն.խ.մ:
Դեռևս ձմեռվանից, ելնելով եղանակային պայմաններից, ակնհայտ էր, որ տարին ջրասակավ է լինելու և ոռոգման համակարգը պետք է գործի մեծ լարվածության պայմաններում: Իսկ վերջին օրերի շոգ եղանակն այս տարածաշրջանում ավելի է մեծացրել ջրի պահանջարկը, ստիպելով նախատեսվածից շատ ջուր օգտագործել: Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ ոռոգման ջրի պատշաճ մատակարարման, արդար բաշխման, նորմատիվների, ինչպես նաև վարձավճարների գանձման խնդիրներն ու համակարգում իրականացվող աշխատանքները տեղում քննարկելու  համար այսօր Արմավիրի մարզ են մեկնել Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը, ՋՕԸ-ների աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանը:

Ի․ Գաբայանը մարզում խորհրդակցություն է հրավիրել «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-ների գործադիր տնօրենների, «Ջրառ» կազմակերպության,  մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ի․ Գաբայանը լսել է ընկերությունների ղեկավարներին, կիսել նրանց մտահոգությունները սակավաջրության հետ կապված, բայց և վստահեցրել, որ ունեցած ջուրն առավելագույն արդարությամբ, օպտիմալ տարբերակներով բաշխելու դեպքում բոլոր ջրօգտագործողները հավասարաչափ կկարողանան օգտվել ջրից, էական վնասներ չեն կրի ու  կկարողանան ավելի պարտաճանաչ վճարել օգտագործած ջրի դիմաց:

Պատկերը մտահոգիչ էր նաև գանձումների մակարդակով. շուրջ 30 տոկոսի նվազում է արձանագրվել, որի հետևանքներն առաջին հերթին զգալի կլինեն հենց համակարգում: Դրանք կանխելու համար կոմիտեի ղեկավարն առաջարկում է ջրօգտագործողներին իրազեկել, պարզաբանել, հողի մշակին  հաշվետու լինել, թե ինչ նպատակներով են ծախսվում  նրանց վճարած գումարները և արդարության սկզբունքի պահպանման դեպքում վստահ լինել, որ ավելի պարտաճանաչ վճարումներ կկատարվեն, իսկ այդ գումարները կուղղվեն նաև համակարգի պահպանությանն ու մնացած ծախսերին:

Ինեսսա Գաբայանը խոսել է ՋՕԸ-ների մասին, որոնց աշխատաոճի փոփոխությունը հրատապ պահանջ է առաջին  հերթին՝ ինքնակառավարման  տեսանկյունից: «Ջրօգտագործողների  ընկերությունները ժամանակին ստեղծվել են՝ հենց ջրօգտագործողին մասնակցային կառավարման  հնարավորություն տալու  համար: Դա շատ  կարևոր է և պետք է լիարժեք իրացվի, որպեսզի մեր ջրօգտագործողները տեղյակ ու մասնակից լինեն իրենց ընկերության ամբողջ գործունեությանը: Մենք այս ուղղությամբ էլ լրջագույն անելիքներ ունենք», - ասել է կոմիտեի նախագահը:

Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են նաև կարկտահարությունից, ցրտահարությունից տուժած տնտեսություններին փոխհատուցում տալու խնդրին՝ պարզաբանելով, որ նախկինում կառավարությունից այդ փոխհատուցումը սուբսիդավորման տեսքով էր և վնասներ կրած գյուղացին  կարողանում էր այդ կերպ փակել մասնավորապես ոռոգման ջրի վարձը:

Կոմիտեի նախագահը խոստացել է խնդիրը քննարկել շահագրգիռ մյուս կառույցների հետ, ներկայացնել նաև կառավարությանը: «Արմավիրի մարզում լուրջ խնդիր կա նաև գերնորմատիվ հողերի հետ կապված. այստեղ պետք է պետության հստակ քաղաքականությունը լինի. այդ տարածքներում  անիմաստ է ինտենսիվ ոռոգում  պահանջող մշակաբույսեր աճեցնել, մյուս կողմից դա կանխելու և գյուղացուն  ճիշտ ուղղորդելու  համար պետք է անդադար աշխատանք համապատասխան կառույցների հետ միասին, որպեսզի անընդհատ  չբախվենք անիմաստ ջուր վատնելու  խնդրին», - տեսակետն է ներկայացրել Ինեսսա Գաբայանը՝ շրջելով մի քանի համայնքների աղակալված հողատարածքներով:

Այցի հաջորդ կանգառը Զարթոնքի պոմպակայանն էր, որն իր ներուժից էապես նվազ հզորությամբ  է աշխատում Սևջուր գետի ցամաքելու պատճառով և չի կարողանում լիարժեք ջուր հասցնել իր սպասարկման գոտու ջրօգտագործողներին: Այցն ավարտվել է անհետաձգելի մի քանի հանձնարարականներով: Կոմիտեի նախագահը առաջիկա աշխատանքային օրերը հիմնականում կտրամադրի մարզային այցերին՝ առկա խնդիրները տեղերում լիարժեք գույքագրելու, իրականացվող ծրագրերին ծանոթանալու և անելիքները հստակեցնելու  նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter