HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանում է

Կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է «Հետք»-ի «Դիմումներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Արայիկ Հարությունյանին» հրապարակումը, որը ներկայացնում ենք նույնությամբ: Պարազաբանումը ստորագրել է փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

«Ի պատասխան «Հետքի» 10.07.2018 թվականի «Դիմումներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախարար Արայիկ Հարությունյանին» հրապարակման՝ տեղեկացնում եմ, որ 2017 թվականին ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում փոփոխությունների էին ենթարկվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատման և տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ միջպետական համաձայնագրերով արտերկրի բուհերում սովորողների հետ կապված:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանվել էր կարգ, որում ամրագրվել էր գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման պայմանները: ՀՀ նոր կառավարությունը, սկզբունքորեն կողմ լինելով գործող օրենքի հիմնովին փոփոխությանը, ստիպված էր առաջնորդվել գործող օրենքով, քանի որ հուլիսից մեկնարկում էր ամառային զորակոչը: Կարճ ժամանակահատվածում կառավարության և ուսանողների միջև բազմաթիվ քննարկումների արդյունքում փոփոխվել է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշումը, որով հեշտացվել է տարկետում ստանալու՝ նախապես սահմանված գրեթե անհաղթահարելի շեմը:

Դրանք իջեցվել են 60` մագիստրատուրայի, 65` ասպիրանտուրայի համար: Կարգում կատարված բարելավումներից մեկն էլ այն է, որ որոշվել է աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման  shanghairanking.com կայքի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողներին բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով տալ տարկետում, եթե նրանք ունեն կրթաթոշակ (scholarship) և որպեսզի այն չլինի sponsorship-ով՝ սոցիալական հավասարությունը  պահպանելու նպատակով:

Բաց նամակի հեղինակը գրում է, որ հանձնաժողովը հաշվի չի առել մի քանի միջազգային գիտաժողովների ժամանակ զեկույցներ կարդալու հրավերքները։ Նշենք, որ համաձայն կարգի՝ հաշվի չեն առնվում այն փաստաթղթերը, որոնցով դիմումատուն պետք է մասնակցի գիտաժողովների: Հնարավոր է, որ դիմումատուն դիմի, ավելին՝ նրա անունը հայտնվի գիտաժողովի կայքում, սակայն նա այդպես էլ չմասնակցի գիտաժողովին: Այդ տեսանկյունից է հանձնաժողովը նման որոշում կայացրել: Վստահեցնում ենք, որ որևէ մեկի կողմից ներկայացված մասնակցության հրավերքը հիմք չի ընդունվել: Առհասարակ, որևէ հարցում որևէ մեկին բացառություն չի արվել, եթե այն չի համապատասխանել գործող կարգին:

Հեղինակը նաև գրում է, որ իր որդու հոդվածները «շատ մեծ հավանականությամբ տպագրվելու են գիտական ամսագրերում, և այդ փաստը հաշվի չի առնվել հանձնաժողովի կողմից»: Նշենք, որ հանձնաժողովը չի կարող հիմք ընդունել «մեծ հավանականությամբ» կանխատեսումը, առավել ևս, որ միջազգային ամսագրերի պարագայում նման մոտեցումներն անտրամաբանական են:

Հեղինակին նաև հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ստացվել, որ 1,5 ամսվա ընթացքում տարկետման իրավունքից օգտվել ցանկացողների թիվն այդքան մեծացել է, և Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում հոդվածներ են տպագրվել այդ կարճ ժամանակահատվածում: Նշենք, որ համաձայն վերոնշյալ կարգում կատարված փոփոխությունների` ուսանողներին հնարավորություն է տրվել նաև ներկայացնել այն հրապարակումները, որոնք տպագրվել են ԲՈԿ-ի կողմից ընդունված գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված ամսագրերում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովն ընդունել է ինչպես արդեն տպագրված հոդվածները, այնպես էլ տվյալ ամսագրերի տված տեղեկանքները՝ հաշվի առնելով ԲՈԿ-ի պրակտիկան:

Հեղինակը նաև կամայական մեկնաբանություններ է անում և աղավաղում ՀՀ ԿԳ նախարարի տեղակալի՝ 09/07/2018-ին «ԵրկիրՄեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հնչեցված հարցազրույցը՝ ընդգծելով, որ երկակի ստանդարտներ են կիրառվել տարկետման որոշում կայացնելիս։ Փոխնախարարը ընդամենն ասել է, որ գործող կարգը կատարյալ չէ, և բուհերում բնականաբար առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց ևս ժամանակի ընթացքում տրվելու են լուծումներ:

Հեղինակը խնդրում է բացառության կարգով վերանայել որդու գործերը և կառավարության որոշմամբ տրամադրել տարկետում: Նշենք, որ ժամկետից դուրս որևէ փաստաթուղթ չի ընդունվել, և հանձնաժողովը չի կարող նման բացառություններ անել:

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմը գիտակցում է խնդրի կարևորությունը ու նրբությունը, որ յուրաքանչյուր ծնող շահագրգռված է կրթության շարունակականության խնդրով: Այդուհանդերձ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի կարող որևէ մեկի պարագայում կատարել բացառություններ և առաջնորդվել ու առաջնորդվում է բացառապես ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ ու դրանում ամրագրված սկզբունքներին համահունչ»:

լուսանկարում՝ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, աղբյուրը՝ ֆեյսբուք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter