HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպի արտահերթ ընտրություններ

Հետհեղափոխական Հայաստանում, թերևս, առաջնահերթ խնդիրներից է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նմանատիպ քաղաքական ճգնաժամեր, երբ կառավարությունը չի ունեցել խորհրդարանական մեծամասնություն, անկախ Հայաստանի պատմության մեջ նույնպես եղել են։ Այսպես 1998թ պալատական հեղաշրջումից հետո, իրականում, 1995թ․ ձևավորված և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ԱԺ-ն պետք է լուծարվեր և անցկացվեին արտահերթ ընտրություններ։ Մոտավորապես նույն իրավիճակը ստեղծվեց 1999թ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո։ Չէ՞ որ խորհրդարանը ձևավորվել էր միայն Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի տանդեմի շնորհիվ։ Սակայն երկու դեպքում էլ վերոնշյալ երեք գործիչներին անվերապահորեն նվիրված աջակիցների մեծ մասը հարմարվեց ստեղծված քաղաքական նոր իրավիճակին և նույն ջերմեռանդությամբ սատարեցին իշխանությունը վերցրած քաղաքական ուժերին. «Մեռավ թագավորը, կեցցե թագավորը» միջնադարյան սկզբունքով: Իսկ իշխանություն կրողներն էլ առաջնորդվեցին, կարծում եմ, առանց կարդացած լիելու՝ բնազդորեն, Մաքիավելու սկզբունքով «Իշխանության գալուց հետո, հենվիր նախկին ռեժիմի գործիչների վրա, նրանք քեզ հավատարմորեն կծառայեն»։

Այսօր էլ, 2017թ ձևավորված և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը ստացած խորհրդարանը, առավել ևս չի արտահայտում սթ ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո ստեղծված քաղաքական իրավիճակը։ Բայց ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, և´ ԲՀԿ-ն, և´ ՀՅԴ-ն, և´ ՔՊ-ի, ԵԼՔ-ի դաշնակից Հանրապետություն, Լուսավոր Հայաստան Կուսակցությունները ( ի դեպ որոնք ոչ պակաս, քան ՀՀԿ-ն, դեմ էին հեղափոխությանը) հարմարվեցին ստեղծված իրավիճակին և անցան «ժողովրդի կողմը»։ Ինչ վերաբերում է 2017թ. քվեարկության արդյունքում շուրջ 60% ստացած ՀՀԿ-ին, փոխանակ որպես քաղաքական ուժ առաջինը պահանջեր արտահերթ ընտրություններ` նախընտրեց «արժանապատվորեն» հարմարվել՝ անդամ առ անդամ լքելով  ՀՀԿ խմբակցությունը։ Կարծում եմ, այսօր նոր իշխանությունը որևէ լուրջ խնդիր չունի, արդեն «թարմացված» և «ժողովրդի կողմն անցած» խորհրդարանում իր ուզած նախագծերն ու որոշումներն անցկացնելու համար։ Արդյոք նոր իշխանություններն էլ կհետևեն նախորդների «արդյունավետ» փորձին։ Հավանաբար՝ ոչ, չնայած դեռևս հստակություն չկա, թե երբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները, նոյեմբերի՞ն, հաջորդ տարի՞, իսկ հաջորդ տարի ո՞ր ամսին։ Իհարկե, բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների և տեխնիկական հարցեր լուծելու խնդիրներ կան։ Առաջինը, բնականաբար, ընտրական օրենսգրքի փոփոխություններն են։ Կարծես, հիմնական խնդիրը դրված է, այսպես կոչված ռեյտինգայինը վերացնելն ու պարզ, համամասնական ընտրական համակարգ ստեղծելը։

Արդյոք համամասնական համակարգը առավել առաջադիմական է մեծամասնականից։ Համոզված եմ՝ ոչ։ Եվս մեկ անգամ անդրադառնանք մեր ոչ հեռավոր պատմությանը։ Խորհրդային ընտրական օրենքով 1990թ ԳԽ ընտրություններն անցկացվեցին մեծամասնական համակարգով։ Եւ չնայած, այն տարիներին ՀՀՇ-ի հանրային աջակցությունն ահռելի էր, ԱԺ-ում մեծամասնություն կազմեցին կոմունիստները` օգտագործելով, դեռևս, իրենց ձեռքի տակ գտնվող վարչական ռեսուրսները։ Հիշում եմ ընտրություններից հետո, ՀՀՇ վարչության քննարկումները ապագա ընտրական օրենքի շուրջ։ Բոլորը կողմ էին 100%-անոց համամասնական համակարգին` իրավացիորեն համարելով, որ դրանով ՀՀՇ-ն անցած ընտրություններին առավել շատ պատգամավորական մանդատներ կունենար։ Սակայն, արդեն հերթական ՝ 1995թ ընտրություններից առաջ, ՀՀՇ-ն կորցրել էր հանրային աջակցությունը և իշխանությունը պահելու համար մոռացավ իր խոստումը և ընդունեց 40% համամասնական, 60% մեծամասնական ընտրական օրենք։ Բացի այդ, հաշվի առնելով շրջանային գործկոմների նախագահների նկատմամբ լիակատար վերահսկողության բացակայությունը (դեռևս չկար սահմանադրությամբ պարտադրված մարզպետ-ֆեոդալների ինստիտուտը)` հետաձգվեց պրոֆեսիոնալ խորհրդարանի ամրագրումը, գործկոմների նախագահներին պատգամավորի մանդատով գայթակղելու և նրանց վարչական ռեսուրսները օգտագործելու նպատակով։

Ինչևէ, 90-ականներից ընդդիմությունը պահանջում էր 100%-անոց համամասնական ընտրություններ, իշխանության ներկայացուցիչները (մինչև 1998թ, ՀՀՇ-ի,1998 թ. ՀՀԿ-ի) դեմքի խելոք արտահայտությամբ, բացատրում էին, թե որքան կարևոր է ժողովրդի համար ունենալ իր տարածքային պատգամավորին: Ընդդիմությանը կարելի է հասկանալ։ Հաշվի առնելով հայաստանյան ընտրական ավանդույթները` մեծամասնական համակարգով ԱԺ-ում լավագույն դեպքում ներկայացված կլինեն առավելագույնը 4-5 պատգամավոր, քանի որ եթե ընդդիմադիր թեկնածուն ստանում է, օրինակ 30%-ից ավելի ձայներ, միևնույն է, դրանք զրոյանում են։ Հայաստանյան մեծամասնական ընտրություններում ընտրակաշառքի դերն ավելի մեծ է, ինչպես նախագահականի ժամանակ, որը դիպուկ է ներկայացրել իր «Խաղեր» ժողովածուում Արմեն Շեկոյանը

Գեղամյանին կընտրեի

(մեռնեմ իրա մենձ սրտին),

Բայց հինգ հազար մանեթով

Ձենըս տվի Ռոբերտին:

Համամասնականի դեպքում, որքան էլ գործեն իշխանության վարչական, ֆինանսական ռեսուրսները, միևնույն է, ընդդիմությունը մի կերպ հաղթահարում է 5%-անոց շեմը և խցկվում ԱԺ` ունենալով խմբակցություն` իր նախագահով, քարտուղարով, ծառայողական ավտոմեքենայով, գուցե  ԱԺ հանձնաժողովի նախագահով, կամ առնվազն տեղակալով և այլ արտոնություններով։

Իրականում, եթե չկիրառվեն ընտրական գործընթացներին բնորոշ հայաստանյան ավանդույթները, եթե ընտրությունների նկատմամբ լինի հասարակական վստահություն, կարծում եմ մեծամասնական համակարգն առավել վստահելի և ներկայացուցչական է։ Մեծամասնականի դեպքում ամեն ընտրատարածքում կծավալվի գաղափարական մրցակցություն, կուսակցությունները ստիպված կլինեն առաջադրել քաղաքականապես առավել զարգացած, իրենց ոլորտներում մասնագիտացված գործիչների, կնվազեն ներկուսակցական խարդավանքները։ Իհարկե, այս ամենը տեսականորեն, քանի որ ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ, թե հեղափոխությունն ամեն ինչ շտկել է, և հայաստանյան տխուր ավանդույթներն արդեն անցյալում են։

Հետևելով ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին` կարծես թե ընտրվում է համամասնականի այնպիսի տարբերակ, որ քվեաթերթիկում ներկայացվում են կուսակցության ցուցակի առաջին երեք անունները։ Հայաստանում նախընտրական քարոզարշավը հիմնականում, որպես կանոն, տանում են կուսակցությունների առաջնորդները («Մենք գիտենք` ինչ ենք անելու, ոնց ենք անելու, ումով ենք անելու, ով է մեզ․․․», կամ «Ժողովուրդ ջան, ես ձեր ցավը տանեմ»)։ Մնացած կուսակցականները, լավագույն դեպքում, քարոզարշավի ժամանակ, շրջապատած իրենց սիրելի առաջնորդին, կեղծ, լայնորեն ժպտում են։

Եվ կուսակցությունների նախընտրական ցուցակում անունների հերթականությունը կախված է լինում, տվյալ անդամի կամ առավել նվիրվածության և հաճոյանալու կարողությունից առաջնորդին, կամ նրա ֆինանսական ներդրումից՝ կամ կուսակցությանը, կամ որպես կաշառք առաջնորդին, ինչպես նաև ներկուսակցական խարդավանքներից։ Առաջնորդին էլ ձեռնտու է ունենալ այդպիսի, իր հրահանգները անվերապահ կատարող, կոճակ սեղմող պատգամավորներ։ Որոշ երկրներում (Նորվեգիա, Ֆինլանդիա) այդ հարցը լուծել են` ընտրողին հնարավորություն տալով քվեարկել ոչ միայն իր կողմից համակրելի և ընդունելի կուսակցության ամբողջական ցուցակին, այլև իր ցանկությամբ փոփոխել ցուցակում ներկայացված անձանց համարները։ Կարծում եմ` այս մոդելն առավել առաջադիմական է, այն մեղմում է ներկուսակցական խարդավանքները և խթանում ցուցակում բոլոր ներկայացվածների նախընտրական ակտիվությունը։

Վերջերս այս թեմաներով զրուցում էի Վիգեն Խաչատրյանի հետ և նա շատ հետաքրքիր միտք հայտնեց

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցության նպատակը իշխանության հասնելն է` հանրության առջև կուսակցությունների  պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով կարելի է քննարկել, ոչ միայն ներկուսակցական ժողովրդավարությունն ապահովող մեխանիզմներ «Կուսակցությունների մասին օրենք»-ում, նաև Ընտրական օրենսգրքում ներառել հետևյալ դրույթները

Կուսակցությունների նախընտրական ցուցակներում անվանական  ներկայացված են տվյալ կուսակցության, ինչպես ԱԺ հանձնաժողովների նախագահների, այնպես էլ կառավարության անդամների թեկնածուները։ Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է հանրությանը ներկայացնել իր կողմից առաջարկված, իրենց կուսակցության կողմից հավանության արժանացած, կուսակցության նախընտրական ծրագրում ներառված տվյալ ոլորտի կառավարման և զարգացման ծրագիրը։

Պարտադիր ընտրություններին մասնակցող կուսակցությունների պետական բարձր պաշտոնների հավակնող պատգամավորական թեկնածուները մասնակցում են հրապարակային, այդ թվում հեռուստատեսային քննարկումների, բանավեճերի, միմյանց հետ դեբատների։

Այն կուսակցությունները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, դադարում են կուսակցություն լինելուց` դառնալով հասարակական կազմակերպություն։

Գիտեմ, որ այս դրույթները դժվար թե ընդունելի լինեն, բայց սրանք, կարծում եմ` կբերեն նոր քաղաքական մշակույթ և հնարավորինս կսահմանափակեն կոճակ սեղմողների («պոլի փետերի») թափանցումը խորհրդարան։

Այժմ նախընտրական դաշինքների մասին։ Եւս մեկ անգամ հետհայաց գցենք պատմությանը։ Հայաստանում առաջին նախընտրական Հանրապետություն դաշինք(ՀՀՇ, ՀՀԿ, ՀՔԴԿ, ՄՀԿ, ՀԼԴԿ, ՀՍԴՀԿ) ձևավորվեց 1995թ ընտրությունների նախաշեմին։ Նախաձեռնությունը, ինչպես նշեցի վերևում, արդեն հանրային աջակցությունը կորցրած, իշխող ՀՀՇ-ինն էր։ Նպատակը, թերևս ՀՀՇ արդեն վարկաբեկված դեմքով հանդես չգալն էր, ինչպես նաև  շահել և չեզոքացնել արմատական որոշ ընդդիմադիրների (Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան)։ Իսկ ի՞նչ ճակատագիր ունեցան դաշինքն ու նրա անդամ կուսակցությունները։ Բացի ՀՀԿ-ից, որը դարձավ 1998թ իրական իշխանությունը կրող Վազգեն Սարգսյանի անձնական կուսակցությունը, մյուսների մասին` կամ լավ, կամ ոչինչ։ Դաշինքային հաջորդ փորձը, նույնպես իշխանական 1999թ ստեղծված Միասնություն (ՀՀԿ, ՀԺԿ) դաշինքն էր, որը գոյատևեց մինչև 1999թ ահաբեկչությունը: 2003թ ստեղծվեց առաջին ընդդիմադիր Արդարություն (ՀԺԿ, Հանրապետություն, ԱԺՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՀԴԿ) դաշինքը: Եվ ինչ, ու՞ր են դաշինքի անդամ կուսակցությունները։ Հետո Ժառանգություն (Ժառանգություն, Ազատ Դեմոկրատներ), ՀԱԿ (ՀԱԿ, Ազատություն, ՍԴՀԿ, ՀԺԿ, հետագայում ՝ՔՊ) և վերջապես ԵԼՔ (ՔՊ, Հանրապետություն, Լուսավոր Հայաստան) և ՕՐՕ, Ծառուկյան դաշինք:  

Իրականում նախընտրական դաշինքները ստեղծվում են առանց որևէ գաղափարական հիմքի, այլ համատեղ, մի կերպ ԱԺ խցկվելու համար։ Դաշինքները ստեղծվում են նաև մեկ մարդու շուրջ ստեղծված կուսակցությունների այդ նույն մարդ-առաջնորդի, իր կուսակցության ինքնուրույնությունը, այն է՝ սեփական վերահսկողությունն իր կուսակցության նկատմամբ չկորցնելու նպատակով։ Հակառակ դեպքում` նույն գաղափարները (եթե գաղափարներ ունեն) կրող կուսակցությունները կմիավորվեին և, ավելի քան 70 կուսակցությունների փոխարեն` փոքր Հայաստանում կգործեին առավելագույնը 10-ը։ Այսպիսով, կարծում եմ դաշինքներն էլ իրենց հերթին խոչընդոտում են կուսակցությունների զարգացմանը։ Թերևս միակ հաջողված դաշինքը ԵԼՔ-ն էր, որի անդամ ՔՊ-ն իրականացրեց թավշյա հեղափոխությունը։ Բայց, համոզված եմ, որ եթե 2017թ ընտրությունները քիչ թե շատ նորմալ անցկացվեին ՔՊ-ն և Լուսավոր Հայաստանը կհաղթահարեին 5%-անոց շեմը։ Այժմ, երբ ոչ միայն հույսեր, այլև կարծես հնարավորություններ կան համեմատաբար նորմալ ընտրություններ անցկացնելու, կարծում եմ ընտրական օրենսգրքով պետք է վերացվի նախընտրական դաշինքներ ստեղծելու հնարավորությունը։ Հակառակ դեպքում, էլի կունենանք անարդյունավետ, անհեռանկարային, տարբեր ինքնասիրահարված գործիչների ազգանուններով տարաբնույթ դաշինքներ։ Պատկերացնենք նաև, որ կարող են ստեղծվել անբարեհունչ ազգանուններով քաղաքական դաշինքներ, օրինակ՝ ՂԱՍԱԲՕՂԼՅԱՆ, ԹԱՎԱՔԱԼՅԱՆ և այլն։ Եվ ընդհանրապես ես զարմանում եմ, ինչպես կարող է իրեն հարգող գործիչը (էլ չեմ ասում մարդը) հանուն անձնական առաջխաղացման, կորցնի սեփական դեմքն ու անունը` ընդունելով շեֆի ազգանունը։

Անհրաժեշտ է նաև սահմանադրական փոփոխություններով ուժը կորցրած ճանաչել 89-րդ հոդվածի 3-րդ մասը՝ պարտադիր կայուն մեծամասնության հասկացությունը և ընտրության երկրորդ փուլի անցկացումը։

Այսօր, կարծում եմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել նոր, գաղափարական կուսակցությունների ստեղծման, կուսակցությունների միավորումների (տարբեր կուսակցությունների առաջնորդները պետք է մի փոքր մեղմեն իրենց անձնական հավակնությունները հանուն միավորման), զարգացման համար։ Սրան զուգահեռ ԱԺ անցումային շեմը պետք է իջեցնել առնվազն 3%` հնարավորություն տալով նրանց դառնալու խորհրդարանական քաղաքական միավորներ։ Ընտրություններից հետո, խնդրեմ, ստեղծվում են կառավարական կոալիցիաներ։

Հ․Գ․ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, կրկնակի քվեարկությունը բացառելու համար նախատեսվում է ընտրողների մատները պատել հատուկ քսուքով։ Հաշվի առնելով  նախկին դառը փորձը` առաջարկն ընդունելի է։ Եթե այն չօգնի, հաջորդ ընտրություններին կարելի է կիրառել աֆրիկյան որոշ երկրների առաջադեմ փորձը՝ կրկնակի քվեարկողների թևն արմունկից կտրել․․․

Ավետիք Իշխանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter