Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Արմօյլ»-ի տնօրեն. «Իմ պրոբլեմը չէ, որ Հայաստանում համապատասխան մասնագետներ չկան»



«Արմօյլ» ընկերության գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ դժգոհեց ՀՀ բնապահպանության նախարարությունից այն բանի համար, որ չկան համապատասխան մասնագետներ, ովքեր փորձաքննություն իրականացնեն նավթամթերքի վերամշակման ոլորտում, մասնավորապես «Արմօյլ»-ի և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ներդրումներով Եղվարդի Նատի թաղամասում կառուցվելիք նավթամթերքի վերամշակման գործարանում:

«Հետք»-ը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բնապահպանության նախարարությունը  փորձաքննություն չէր իրականացրել այն պատճառով, որ շինարարական աշխատանքները՝ իրականացվում են 1361 քառակուսի մետր կազմող մակերեսի վրա, որը որպես քաղաքաշինական կառույց չի գերազանցում փորձաքննության ենթակա 1500 քառակուսի մետր կառուցապատման մակերեսը:

Սակայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նավթավերամշակման գործարանը քաղաքաշինական կառույց չէ: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3.բ կետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության:

Այս դիտարկման առնչությամբ Ալֆրեդ Աբեդին նշեց, որ տարածքում այս պահին միայն շինարարություն է ընթանում, չկա արտադրություն, հետևաբար՝ չի կարող լինել նաև քիմիական արդյունաբերություն.

«Մինչ հասնենք նավթամթերքի վերամշակմանը, կատարում ենք շինարարություն, որի համար ունեմ թույլտվություն: Շինարարության տարիների ընթացքում միգուցե մտքափոխվում եմ, և նախատեսում եմ ոչ քիմիական բան արտադրել: Այնուամենայնիվ ես 2015 թվից ներկայացրել եմ փորձաքննության, բայց մասնագետ չկա, որ գա ուսումնասիրի: Եվ դա իմ պրոբլեմը չէ»,- ասաց Աբեդին:

Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը, ով հայտնեց, որ այսօր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտը ներկայացրել են բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին, 10 օր հետո կկայանա այս հարցով երկրորդ հանրային լսումը: Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 10-ին:

Նատիում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցումը տեղի բնակիչների դժգոհությունն էր առաջացրել, ովքեր հուլիսի 10-ին փակել էին Եղվարդ-Երևան մայրուղին: Ալֆրեդ Աբեդին կրկին պնդեց, որ գործարանը ոչ մի վտանգ չի ներկայացնում, և ինքը չի հասկանում բնակիչների դժգոհության առիթը.

«Ես արդեն ոչինչ չեմ հասկանում: Նաիրիտը փակում են, ժողովուրդը գալիս բողոքում է, ասում է՝ բացեք: Մենք գործարան ենք բացում, ժողովուրդը ասում է՝ փակեք»,- դժգոհում է «Արմօյլ»-ի տնօրենը՝ ընդգծելով, որ իրենց գործարանից արտանետումներ և թափոններ չեն լինելու:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս կարող է բիտումի արտադրության ժամանակ արտանետումներ չլինեն, Ալֆրեդ Աբեդին նշեց, որ դա կախված է վերամշակման գործընթացում կիրառած տեխնոլոգիաներից.

«Ամենասխալը արտադրման ձևը մազութից բիտում ստանալն է: Այն, ինչ որ տեսնում եք Հայաստանի ճանապարհներին, մազութից ստացված բիտումն է, որը ձգողականություն չունի, այդ պատճառով էլ անձրևների ժամանակ ասֆալտը քանդվում է: Մենք բիտումը ստանալու ենք VB-ից (Vacuum Bottom), որի արտադրությունը կայանալու է կոմպրեսորային բարձր ճնշման տակ: Եթե ես ներկրում եմ 10 հազար տոննա հումք, ապա ստանալու եմ 10 հազար տոննա ապրանք: Այսինքն՝ թափոններ չեն լինելու»,- նշեց Աբեդին:

Կառուցվելիք նավթամթերքի վերամշակման գործարանի տարածքը բաղկացած է 6 առանձին հողակտորներից՝ սեփականության առանձին վկայականներով: Հողակտորներից երեքի վրա ապօրինի շինարարություն է տեղի ունեցել: Այս մասին նշեց Արայիկ Կեսոյանը.

«Փաստաթղթերում կառուցապատման տարածքի մակերեսների անհամապատասխանություն կար, դրանց համար երեք անգամ տուգանվել ենք համայնքապետարանի կողմից»,- ասաց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել էր, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի կառուցման համար թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերում Եղվարդ համայնքի պաշտոնատար անձանց կողմից ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել՝ նշված ընկերությանը թույլատրելով Եղվարդի Նատի թաղամասում կառուցել նշված գործարանը։

Փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու առնչությամբ Արայիկ Կեսոյանը նշեց, որ դա իրենց հետ կապ չունի: «Հետք»-ի դիտարկմանը, թե դա ի օգուտ «Արմօյլ»-ի է արվել, Ալֆրեդ Աբեդին արձագանքեց, թե հինգ տարվա ընթացքում իրենց օգտին ոչինչ չի արվել:

Հավելենք, որ նավթամթերքի վերամշակման գործարանը նախատեսվում է գործարկել 40-45 օրվա ընթացքում: Ըստ Ալֆրեդ Աբեդիի՝ գործարանը կունենա 250 աշխատատեղ ամսական՝ 220 հազար միջին աշխատավարձով: «Արմօյլ»-ի տնօրենը նշեց, որ ամսական նախատեսում են արտադրել 5 հազար տոննա բիտում և 10 հազար տոնա քսայուղ, իսկ արտադրանքի հիմնական մասը արտահանվելու է Վրաստան, արդեն պատվերներ կան նաև Ռուսաստանից, Չեխիայից, Իտալիայից և Ռումինիայից:

Հունիս 10-ի բողոքի ակցիայի ժամանակ Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը ցուցարարների հետ զրույցի ընթացքում երաշխավորել էր, որ եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ գործարանը նույնիսկ չնչին վնաս է ներկայացնում շրջակա միջավայրին, ապա գործարանի աշխատանքները կդադարեցվեն: 

Եղվարդի Նատի թաղամասում՝ Երևանյան խճուղի 129 հասցեում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի բաժնետոմսերի կեսը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ մյուս կեսը «Արմօյլ» ընկերությանը, որի հիմնադիրն է պարսկահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը:

Լուսանկարում՝ «Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդին


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ