ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» պաշտպանն ու մի լրագրող մինչև իշխանափոխությունը դիմում են ուղարկել Սերժ Սարգսյանին



Քրեական աշխարհում «Նուրատուսցի Ալիկ» անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը և Slaq.am կայքի լրագրող Աննա Սահակյանը մինչև իշխանափոխությունը դիմել են Սերժ Սարգսյանին՝ ակնկալով նրա միջամտությունը Բանդուրյանի՝ Սահմանդրությամբ երաշխավորված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների շարունակական խախտումները վերացնելու հարցում: Այս մասին պարզ դարձավ այսօր «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած սպանության գործով դատական նիստին:

Դատարանը հուլիսի 6-ին Դատական դեպարտամենտից ստացել էր Սերժ Սարգսյանին ուղղված վերը նշված գրությունները՝ թվագրված 2018 թվականի մարտի 14-ի ամսաթվով:

Գրություններից մեկ ամիս չանցած, փաստորեն, Հայաստանում իշխանափոխություն է եղել: Մեզ հետ զրուցում Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը պարզաբանեց, որ դիմումը Սերժ Սարգյանին է ուղղվել, քանի որ վերջինս է Սահմանդրության երաշխավոր հանդիսացել: Ըստ պաշտպանի՝ Ալիկ Բանդուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունենալով՝ արդեն երկար ժամանակ կալանքի տակ է:

Թե ինչ մեխանիզմով պիտի այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը միջամտեր կոնկրետ քրեական գործի ընթացքում դատավորի կողմից Բանդուրյանին կալանքի տակ պահելու որոշման վրա, պարզ չէ:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը, ի պատասխան դիմումների, մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածը, որը սահմանում է.

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

2. Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա: Դատավորները կաշկանդված չեն գործի մինչդատական վարույթում արված եզրահանգումներով:

3. Արդարադատությունն իրականացվում է դատավորների նկատմամբ կողմնակի ներգործությունը բացառող պայմաններում:

4. Դատավորների նկատմամբ ապօրինի ներգործություն դրսևորելու, ինչպես նաև դատարանի կողմից քրեական դատավարության իրականացմանը այլ միջամտության համար մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Այս գործով նախորդ դատական նիստի ավարտին Սարգսյանը ժամանակ էր խնդրել դատավոր Բաղդասարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն այսօր նշեց, որ միջնորդությամբ հանդես չի գալու

Այս գործն արդեն գտնվում է ավարտական փուլում: Դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չեղան, և դատավորը հայտարարեց դատական վիճաբանությունների փուլին անցնելու մասին: Հաջորդ դատական նիստին մեղադրական ճառով հանդես կգա դատախազ Գևորգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ, խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած` Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ