HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտուրը. ինչ ենք գնում ու վաճառում

Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր Հայաստանի առաջնային առևտրային գործընկերների շարքում է։ Երկու երկրների առևտրային հարաբերություններն հիմնված են սիգարետի, ադամանդի, ոսկերչական իրերի ու ոսկու առևտրի վրա։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2017 թվականին, ըստ առևտրաշրջանառության ծավալների, Միացյալ Էմիրություններն  Հայաստանի TOP 10 գործընկերների ցանկում է: Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 3,2%-ը բաժին է ընկել Միացյալ Էմիրություններն  հետ առևտրին։ Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառությունը, ըստ վիճկոմիտեի, կազմել է մոտ 203 մլն դոլար։ Ընդ որում՝ առևտրի հաշվեկիշռը դրական է. մոտ 3 մլն դոլարով ավելի շատ արտահանում ենք, քան ներմուծում։

ԱՄԷ-ի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում 4,6% է, իսկ ներմուծման կազմում՝ 2,4%

Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ վերջին տասը տարիներին Հայաստան-Միացյալ Էմիրություններ առևտուրն առավել աշխուժացել է 2016 թվականից, երբ Հայաստանը սկսել է նկատելի ծավալի արտահանում իրականացնել դեպի այս երկիր, մասնավորապես՝ սիգարետի, ադամանդի ու ոսկերչական իրերի։ Իսկ մինչև այդ հիմնականում ներմուծողի դերում էր։

2017 թվականին, ըստ Մաքսային ծառայության, Հայաստանից Միացյալ Էմիրություններ է արտահանվել 104 մլն դոլարի ապրանք, որը 2016 թվականի համեմատ 86%-ով աճել է։ Այստեղ պետք է նշենք, որ արտահանման վերաբերյալ Մաքսային ծառայության և վիճոկմիտեի տվյալները փոքր-ինչ տարբերվում են, սակայն տարբերությունը էական չէ։

Հայաստանից Էմիրություններ արտահանվող ամենամեծ ծավալի ապրանքը սիգարետն է, որը զբաղեցրել է արտահանման կեսը՝ 54,2 մլն դոլար։ Ընդ որում՝ 2016 թվականի համեմատ դեպի ԱՄԷ հայկական սիգարետի արտահանումը 2017 թվականին աճել է 2,1 անգամ։

Արտահանվում են նաև զգալի ծավալի ոսկերչական իրեր ու ադամանդ։ Ոսկերչական իրերի արտահանման ծավալը 2017-ին եռապատկվել է ու կազմել 24,2 մլն դոլար, իսկ ադամանդի ծավալը՝ 40%-ով կրճատվել (12,4 մլն դոլար)։

2017-ին արտահանվել են նաև մարդատար ավտոմեքենաներ (7,1 մլն դոլար)։

Ինֆոգրաֆիկայում ՀՀ-ԱՄԷ առևտրաշրջանառության ծավալներն են 2010-2017թթ.։ Տվյալները հրապարակել է Մաքսային ծառայությունը, որի բազայում առևտուրն ըստ երկրների ներկայացված է 2010թ. սկսած։

Նախորդ տարի նկատելիորեն աճել է նաև Միացյալ Էմիրություններից Հայաստան ներմուծումը։ Այն կազմել է մոտ 100 մլն դոլար՝ 2016 թվականի համեմատ աճելով 80%-ով։

Հայաստանն ԱՄԷ-ից ներմուծում է մեծամասամբ ադամանդ։ 2017 թվականին ներմուծել է 310 հազար կարատ ադամանդ, որի ընդհանուր մասքային արժեքը կազմել է 62 մլն դոլար՝ 80%-ով ավելին, քան 2016-ին։ ԱՄԷ-ից ներմուծման աճը գլխավորապես պայմանավորված է հենց ադամանդի ծավալների ընդլայնմամբ։

Այսինքն՝ Հայաստանը ԱՄԷ-ից զգալի քանակի ադամանդ է ներմուծվում, միաժամանակ՝ արտահանվում։ Ներմուծվող ադամանդը ծառայում է որպես հումք, որը հայ ադամանդագործների կողմից վերամշակվելուց հետո արտահանվում է ավելի թանկ գնով։ Ի դեպ, ինչպես ցույց են տալիս Մասքային ծառայության տվյալները, Հայաստանը ադամանդի հումք է ներմուծում նաև Ռուսաստանից, Բելգիայից, Կանադայից, Հնդկաստանից և այլն, սակայն հումքի ամենախոշոր մատակարարը այսօր ԱՄԷ-ն է։ ԱՄԷ-ից ներմուծվող հումքը հիմնականում ավելի էժան է մյուս երկրներից ներմուծվող հումքի համեմատ։

Ներմուծման կազմում մյուս համեմատաբար խոշոր ծավալի ապրանքը ոսկին է։ 2017-ին ԱՄԷ-ից Հայաստան է ներմուծվել 22,1 մլն դոլարի ոսկի։ Մաքսային ծառայության ներկայացրած ապրանքացանկից դժվար է հստակեցնել, թե ոսկին ինչ տեսքով է ներմուծվել։ Ցանկում այն ներկայացված է որպես «Ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով) փոշի»։

Նախորդող տարիներին ևս ԱՄԷ-ից Հայաստան ներմուծման կազմում հիմնական ապրանքը եղել է ադամանդը։ Ներմուծվել է նաև ոչ մեծ ծավալների ոսկի։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ԱՄԷ-ից Հայաստանը ներմուծում է տարատեսակ ապրանքներ, բայց՝ փոքր ծավալներով։

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա վիճկոմիտեի վերջին տվյալներով՝ հունվար-մայիսին, 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանից ԱՄԷ արտահանումն աճել է 20,2%-ով և կազմել մոտ 40 մլն դոլար։ Միաժամանակ, ներմուծումն ավելացել է 12,9%-ով՝ կազմելով 35 մլն դոլար։ Մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել առևտրի այս տարվա տվյալներն ըստ ապրանքների, հետևաբար՝ առայժմ պարզ չէ, թե որ ապրանքների հաշվին է աճն ապահովվել։

Դրամական փոխանցումների պատկերը

Ֆիզիկական անձինք Միացյալ Էմիրություններից ամեն տարի մի քանի միլիոն դոլար են փոխանցում Հայաստան բանկերի միջոցով։ Տրանսֆերտներ են կատարվում նաև հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Միացյալ Էմիրություններ։  Այդուհանդերձ, Միացյալ Էմիրություններից ստացվող գումարների ծավալը էական չէ՝ համեմատած, օրինակ, Ռուսաստանից ստացվող գումարների։

Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ 2017 թվականին ԱՄԷ-ից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 27,1 մլն դոլար։

Միևնույն ժամանակ Հայաստանի ԱՄԷ է փոխանցվել մոտ 21,4 մլն դոլարին համարժեք գումար։ Շեշտենք, որ խոսքը ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) կողմից բանկերի միջոցով փոխանցված գումարների մասին է։

Կենտրոնական բանկի վերջին տասը տարիների տեղեկագրերում եղած տվյալները ցույց են տալիս, որ դրամական փոխանցումների առավել խոշոր արտահոսք (ՀՀ-ից ԱՄԷ) գրանցվել է 2008 թվականին։ Ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ն այն երկրների խմբում է, որոնց հետ Հայաստանն ունի դրամական փոխանցումների բացասական հաշվեկշիռ, այսինքն՝ արտահոսքն ավելի մեծ է, քան ներհոսքը։

Պարբերաբար Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև տնտեսական կապերի աշխուժացմանն ուղղված հայտարարություններ են արվում ինչպես առևտրի դիվերսիֆիկացման, այնպես էլ՝ ներդրումների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Պաշտոնական հանդիպումներում հատկապես ուշադրություն են դարձնում ներդրումային ծրագրերին, սակայն դրանք, գոնե առայժմ, զգալի արդյունքներ չեն տվել. ԱՄԷ-ն «աչքի չի ընկնում» Հայաստանում կատարած ներդրումների ծավալով։

լուսանկարը՝ Eugene Kaspersky / flickr.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter