HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորին խոշտանգած ՔԿՀ աշխատակցի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ.-ն մի խումբ անձանց կազմում խոշտանգել է կալանավոր Ա. Ա.-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք:

ՀՔԾ-ն հայտնում է, որ 2018 թվականի մարտի 16-ին` ժամը 00:35-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված կալանավոր Ա. Ա.-ի և նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ա. Հ.-ի միջև խոսակցություն է ծավալվել կալանավորի կողմից վերջինիս բարև չտալու հարցի շուրջ, որի ընթացքում կալանավորը տվել է անհասցե հայհոյանքներ: Դրանից հետո Ա. Հ.-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ և մինչ այդ հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ, այն է` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Ա. Ա.-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` Ա. Հ.-ն նույն ՔԿՀ-ի մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ արձանագրություն այն մասին, թե իբր կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին և խոչընդոտել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ա. Հ.-ի վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 17.07.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter