HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» Հայաստանի կառավարության աջակցության համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելը:

Նախարար Գրիգորյանը գործընկերներին մաղթել է ծրագրի իրականացման հաջող ընթացք և հույս հայտնել, որ առաջիկայում վերականգնվող էներգետիկայի ոլորտում հաջողություն արձանագրելու և հպարտանալու ևս մեկ առիթ կլինի:

«Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» ընկերության տնօրենը շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության և կառուցողական աշխատանքի համար: Նիկոլա Ֆասքուելը վերահաստատել է թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ծրագրի իրականացման հետագա փուլերը ևս հաջողությամբ կընթանան:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ «Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ է դրվել Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

Մեկնաբանություններ (1)

Վախթանգ Սիրադեղյան
Ողջունելով հանդերձ համաձայնագրի ստորագրումը՝ չեմ կարող համաձայնվել հետևյալ ձևակերպմանը. «Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները»: Այսինքն՝ Գեղարքունիքում ավելի «շատ» արև կա՞, քան, ասենք, Արարատի մարզում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter