HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նաիրա Զոհրաբյան. «Կասկածելի պատմություններում հայտնված անձինք Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակում չեն լինի»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու է, սակայն դեռևս հստակ չէ՝ ով է ցուցակը գլխավորելու:

Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում քաղաքապետի ընտրության հարցն էր, չէր կայացել քվորում չլինելու պատճառով: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը այս նիստից հետո մեկնաբանվում է երկու կերպ՝ փորձագետների մի մասը պնդում է, որ արդեն իսկ ավագանին լուծարված է, մյուսների համոզմամբ՝ ավագանին երկու շաբաթվա ընթացքում կարող է նիստ հրավիրել և ընտրել քաղաքապետ: Ըստ նախնական հաշվարկների՝ սեպտեմբերին կլինեն Երևանի ավագանու ընտրություններ, որի ժամանակ էլ Երևանի քաղաքապետ կընտրվի:

Երևանի գործող ավագանու խմբակցություններից դեռևս միայն «Երկիր ծիրանի»-ն է հայտարարել քաղաքապետի իրենց թեկնածուի՝ Զարուհի Փոստանջյանի մասին: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ որոշում չունեն դաշինքով են արտահերթ ընտրություններին մասնակցելու, թե առանձին-առանձին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի խոսքով՝ իրենց մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա: Արտախորհրդարանաան ուժերից՝ ՀԱԿ-ը դեռևս չի հստակեցնում՝ մասնակցելու են ընտրություններին, թե ոչ: «Ժառանգությունը» մասնակցելու է, սակայն դեռ չեն որոշել մասնակցության ձևաչափը: «Հետք»-ի հարցերին պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

-Տիկին Զոհրաբյան, կա՞ որոշում, թե Երևանի ավագանու ընտրություններում ով է գլխավորելու ԲՀԿ ցուցակը:

-Դեռ Երևանի ավագանու ընտրությունների անցկացման հետ կապված որևէ հստակություն չկա, Երևանի մասին օրենքը տարբեր կերպ է մեկնաբանվում, քանի որ օրենքում ինչ-ինչ սողանքներ կան, որոնք թույլ են տալիս տարբեր մեկնաբանությունների: Օրինակ այն, որ ընտրությունները կարող են նշանակվել սեպտեմբերի կեսին, վերջին, կամ կառավարությունը պետք է լուծարի ավագանին: Երբ հստակեցվի, թե երբ են նշանակվելու ընտրությունները, այդ ժամանակ կհայտարարենք, թե ինչ ցուցակով ենք մասնակցելու: Այս պահին մենք ունենք քաղաքական որոշում՝ անկախ նրանից, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կլինի սեպտեմբերի 9-ին, 16-ին, թե 29-ին կամ ավելի ուշ, ԲՀԿ-ն մասնակցելու է:

Մենք ունե՞նք քննարկումներ, թե ովքեր պետք է լինեն ցուցակի առաջին եռյակում, իհարկե ունենք, բազմաթիվ անուններ են քննարկվում, մենք ունենք  պրոֆեսիոնալ թիմ, ովքեր հրաշալի հասկանում են Երևանի մենեջմենթը, խնդիրները և կարող են Երևանի զարգացման ճիշտ ու գրագետ ծրագիր ներկայացնել: Մի բան կարող եմ հստակեցնել՝ մեր թիմում չեն լինելու մարդիկ, ում անունը շաղկապված կլինի տարբեր կասկածելի պատմությունների մեջ, ում կենսագրությունում ստվեր կա, լինելու են մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ են ներդնելու՝ լուծելու Երևանի բազմաթիվ խնդիրները:

-Հնարավո՞ր տարբերակ է, որ ընտրություններին դաշինքով մասնակցեք:

-Այդ հարցը դեռ չենք քննարկել, բայց կարծես թե կուսակցությունում տրամադրվածությունն այնպիսին է, և կարծում եմ՝ այդպես էլ կլինի, որ մենք մասնակցենք առանց որևէ դաշինքի, միայն մեր կուսակցությամբ:

-Տիկին Զոհրաբյան, Դուք ասացիք, որ ցուցակը գլխավորելու է հեղինակություն ունեցող անձ, ում անունը կասկածելի պատմությունների մեջ չի եղել, մամուլում շրջանառվում է ձեր անունը՝ որպես ցուցակի առաջատար, ցանկութուն կա՞ այն գլխավորել:

-Դա որոշելու է մեր քաղաքական թիմը, ցանկացած որոշում ինձ համար կլինի ընդունելի, ով էլ գլխավորի ցուցակը, ես կանգնելու եմ իր կողքին և օգնելու՝ ներկայացնել Երևանի զարգացման մեր ծրագիրը և Երևանի զագացման մեր տեսլականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter