Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Կարեն Գասպարյանի առանձնատան տարածքի տեսախցիկների տեսանյութերը ներկայացվել են նախաքննական մարմնին



Ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբայր Կարեն Գասպարյանն ու վերջինիս ընտանիքի անդամները Հայաստանում են: Այս մասին «Հետք»-ին ասաց Կարեն Գասպարյանի պաշտպան Արման Թամրազյանը:

Վերջինս նշեց, որ տարածված տեղեկությունն այն մասին, որ Կարեն Գասպարյանն իր ընտանիքի անդամների հետ մեկնել է ՌԴ Սոչի քաղաք, իրականությանը չի համապատասխանում:

Թամրազյանի խոսքով՝ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում տարածվել են ուռճացված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Ա. Սարգսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ քրեական գործ է հարուցվել սպանության սպառնալիք տալու և ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից Ա. Սարգսյանին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքերի առթիվ:

2018թ. հուլիսի 8-ին Ա. Սարգսյանը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց, անչափահաս դստեր կողմից Վարդավառ տոնի հետ կապված քաղաքացի Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վիճաբանություն է ծագել վերջինիս և իր միջև:

Այնուհետև, ժամը 12:30-ի սահմաններում, Կարեն Գասպարյանի որդին, ով հանդիսանում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայող, իրեն կանչել է Կոտայք գյուղում գտնվող ամառանոց, որտեղ իրեն տվել են սպանության սպառնալիք. պահանջել են ծնկաչոք ներողություն խնդրել' հայտարարելով, որ հակառակ դեպքում ավտոմեքենայում գտնվող զենքով կսպանեն: Վախենալով սպառնալիքներից՝ ծնկի է իջել և ներողություն խնդրել, որի ընթացքում ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածել է դեմքին:

Պաշտպան Թամրազյանի խոսքով՝ Կարեն Գասպարյանի առանձնատունը, որտեղ, ըստ տուժող կողմի, տեղի է ունեցել միջադեպը, կահավորված է տեսախցիկներով որոնք արձանագրել են այն, ինչ իրականում տեղի է ունեցել:

«Տեսախցիկների միջոցով արձանագրված իրական միջադեպը որևէ աղերս չունի «տուժողների» կողմից հայտնած և մամուլում շրջանառվող տեղեկատվության հետ»,- ասում է Թամրազյանը:

Փաստաբանը նշեց, որ անվտանգության տեսախցիկներից ստացված տեսագրությունները ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Պաշտպանի խոսքով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ներկայացված տեսանյութը օրենքով սահմանված կարգով զննության ենթարկվելուց հետո, համապատասխան փուլում պաշտպանական կողմը այն կտեղադրվի համացանցում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա այն դիտել և պատկերացում կազմել դեպքի վերաբերյալ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ