HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Հարցազրույց «Ոսկե ծիրան 2018»-ի գլխավոր մրցանակակիր Ռոման Բոնդարչուկի հետ

Միջազգային խաղարկային մրցույթի «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին արժանացած «Հրաբուխ» (Ուկրաինա/Գերմանիա) ֆիլմի ռեժիսորը ուկրաինացի Ռոման Բոնդարչուկն է։

Բոնդարչուկին գրում եմ հուլիսի 15-ին «Գնացքի մեջ եմ, գնացքն էլ՝ սարերի»պատասխանում է։ Պայմանավորվում ենք զրուցել ավելի ուշ, մինչ այդ ես փորձում եմ հնարավորինս ծանոթանալ Բոնդարչուկի ֆիլմերին։

ԿԿարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության համալսարանի շրջանավարտ Բոնդարչուկի ֆիլմացանկում կարելի է գտնել հիմնական 6 հետեւյալ  ֆիլմերը «Հիշատակության օր» (2007, կարճամետրաժ), Mms (2009, կարճամետրաժ), «Եվրոմայդան. կոպիտ հատում» (2014, վավերագրական), «Ուկրաինացի շերիֆներ» (2015, վավերագրական), «Դիքսիլենդ» (2016, վավերագրական), «Հրաբուխ» (2018, խաղարկային(լիամետրաժ)):

Սկսում եմ ավարտական «Տաքսիստ» ֆիլմից, որն արժանացել է Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակին, «Կինոշոկ» բաց կինոփառատոնում՝ Ռուսատանի պրոդյուսերների մեծ մրցանակին, ինչպես նաեւ «ԿիոնոտեատրDoc» փառատնի մրցանակին՝ «համարձակության եւ քնարականության» համար։

Ֆիլմացանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ 2018թ․-ի արտադրության «Ոսկե ծիրանի» մրցանակակիր «Հրաբուխը» 36-ամյա Բոնդարչուկի՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմ նկարելու առաջին փորձն է մինչ այդ նկարահանել է կարճամետրաժ խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր։ Նրա «Ուկրաինացի շերիֆներ» (2015թ) վավերագրական ֆիլմը գրանցել է հաջողություններ մի շարք կինոփառատոներում, ապա 2016 թվականին հայտնվել «Օսկար»-ի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի ընդլայնված ցանկում (long list)։

 

Ինչպե՞ս եք վերաբերում մրցանակներին, պարգեւներին։

Մրցանակները նպաստում են նոր կինոնախագծերի մեկնարկին ու իրագործմանը․ ավելի հեշտ է դառնում հավաքել լավ թիմ, երբ մարդիկ սկսում են քեզ վստահել եւ աջակցել՝ տեղյակ լինելով նախորդ ֆիլմերի մասին։ «Հրաբուխի» նկարահանումների ժամանակ «Ուկրաինացի շերֆիներ» ֆիլմի հաջողությունն այդ առումով շատ նպաստեց․ այն արդեն ներկայացվել էր «Օսկար»-ի, մեր առջեւ տարատեսակ դռներ էին բացվում, թույլ էին տալիս նկարահանել «բարդ» տարածքներում․․․ Մի խոսքով լավ էին վերաբերում մեզ։

Ինչպես հասկացա, «Հրաբուխը» Ձեր առաջին լայնամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Վավերագրական կինոյից անցումը դեպի խաղարկային ինչո՞վ էր պայմանավորված։ Մինչ հարցին պատասխանեք, ուզում էի մի դիտարկում անելֆիլմը դիտելիս թվաց, թե մասսայական տեսարաններում տեղացիներ են նկարահանվել, ոչ պրոֆեսիոնալներ։

Այո, այդպես է․ պրոֆեսիոնալ դերասաններից ֆիլմում նկարահանվել են Վիկտոր Ժդանովը (Վովայի դերում) եւ Կրիստինա Դեյլիկը (Մարուշկայի դերքում), իսկ Լուկասի դերը մարմնավորող Սերգեյ Ստեպանսկիի համար դերասանական դեբյուտ էր․ Սերգեյը մասնագիտությամբ հնչունային ռեժիսոր է։ Մնացյալ դերերում տեղացի բնակիչներ են․ ինձ դուր է գալիս այդ մեթոդը, սիրում եմ լսել բարբառը, տեսնել արեւայրուքը, պլաստիկան։

«Հրաբուխ»-ն իրականում սկսվել է որպես վավերագրական նախագիծ․ ծանոթացա կնոջս հորեղբոր հետ՝ Վովայի, ով ապշեցնում էր իր «բիզնես գաղափարներով»․ ինձ ցույց տվեց սուպեր սոսինձ, առաջարկեց համատեղ բիզնեսով զբաղվել՝ փորել եւ դուրս հանել գերմանացի զինվորների ոսկորները ու վաճառել դրանք իրենց գերմանացի բարեկամներին։

Այնքան տպավորված էի, որ միանգամից սկսեցի նկարահանել։ Այդպես մի քանի տարվա հետեւողականության արդյունքում սցենարի համար նյութ հավաքվեց։  Զգում էի, որ խաղարկային ֆիլմի պիտի վերածվի, ուզում էի հրաշք տեսնել էկրանին, ոչ թե վերապատմում լսել։

Ինչպե՞ս զարգացավ  Լուկասի կերպարը։

Ինձ «հետեւող» տեսակ էր պետք․ այնպիսի մեկը, ով կարող էր խորանալ իրեն անհայտ իրականության մեջ, ճանաչել մարդկանց, իրենց առասպելաբանությունը։ Այդպես ես էի «խորանում», երբ նկարում էի Վովային։ Ես ու Լուկասը հասակակից ենք եւ, այսպես ասած, կյանքում մեր անհանգստություններն ու կասկածները համընկնում են։


Դրվագ «Հրաբուխ» ֆիլմից

Ինչպե՞ս են սկսվել հարաբերությունները կինոյի հետ։

Ես ծնվել եւ մեծացել եմ Խերսոնում․ գնում էի կինոակումբ, որտեղ դասականների գործերն էին ցուցադրում։ Հետո ծանոթացա «Տոտեմ» երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի ժողովրդի հետ (այն ժամանակ փոքր փրոդաքշըն-ստուդիա էր)։ Սկսեցինք տարբեր հեռուստահաղորդումներ անել՝ մանկական ծրագրերից սկսած մինչեւ անհավանական թվացող փորձարարական վիդեոարտեր։ Հետո Կիեւ, Թատերական ինստիտուտ, Յուրի Իլյենկոյի արվեստանոց․․․

Հետաքրքիր է՝ Ձեզ համար ինչպե՞ս է ձեւակերպվում «նկարահանման հրապարակը»ֆիլմի հաջողությունն ինչո՞վ է պայմանավորված, նկարահանման ընթացքում աշխատանքային պրոցեսը կոնկրե՞տ է։

Որպես այդպիսին կոնկրետ դեղատոմս չկա։ Ինձ համար կարեւոր է պրոցեսի մասնակիցների միջեւ ստեղծված ամբողջական, առողջ մթնոլորտը, որից էլ հնարավոր է դառնում ներշնչվել, որտեղ կարող ես ճանաչել ու հիանալ պահի գեղեցկությամբ։

Ֆիլմերի հիմնական տեղանքը Խերսոնի մարզն է՝ Ձեր ծննդավայրը։ Ինչո՞վ է առանձնանում այն։

Կարծում եմ՝ լավ եմ հասկանում այստեղի մարդկանց՝ իրենց հիանալի ու բարդ կողմերով հանդերձ։ Նրանց ճակատագրերն են ինձ հետաքրքրում, դիմագծերը։ Կապվածություն կա այս տեղանքին․ երբ դուրս ես գալիս կայարան ու զգում, որ թթվածինը ներսդ է լցվում․․․ Ուզում ես շփվել, լուսանկարել, գետափից ցատկել Դնեպրի մեջ։

Ձեր դիպլոմային աշխատանքը՝ «Տաքսիստ» կարճամետրաժը, փառատոնային մի քանի մրցանակների է արժանացել։ Որպես մասնագիտական առաջին փորձ ինչո՞վ է առաձնանում այս ֆիլմը։

«Տաքսիստ» ֆիլմում պրոֆեսիոնալ դերասաններ չկան․ ես եւ օպերատորը, տեսախցիկը ձեռքներիս, գնացինք Խերսոն եւ ուղղակի մարդկանց հետ շփումների արդյունքում շատ նյութ հավաքեցինք սցենարի համար, հետո խնդրեցինք նրանց խաղալ «իրենք իրենց» տեսախցիկի առջեւ։ Ունեինք հերոսին՝ «տաքսիստին» (իրականում տեղացի ռոք-աստղ է), ով էլ ֆիլմի պատմություններն իրար կապող կերպարն էր։

Այդ մեթոդը շատ սիրեցի․ հիմա այդպիսի ֆիլմերն անվանում են «հիբրիդային»։

Անդրադառնանք նաեւ «Ուկրաինացի շերիֆներ» լայնամետրաժ վավերագրական ֆիլմին։ Ինչպե՞ս ստացվեց փոքրիկ գյուղի մեծ պատմությունը ֆիլմի վերածել եւ հասցնել մինչեւ «Օսկար»։

Նկարահանման աշխատանքները տեւել են 3,5 տարի։ Պատմությունը միանգամից էր հետաքրքրել, երբ իմացա, որ Հին Զբուրյովկա գյուղում «շերիֆներ» են հայտնվել։ Երբ գնացի ու ծանոթացա իրենց հետ, հասկացա, որ մեր «Չակ Նորրիսն» ու «Տոննի Սոպրանոն» են․ իդեալական ուղեկիցներ (напарники) ` տարբեր բնավորություններով եւ դիմագծերով։

Մի քանի ամիս ես ու ձայնային օպերատորս հերթապահում էինք  գյուղսովետի մոտ, որ մեզ կանչի վերցնեն․ շերիֆներն, իհարկե, չէին ուզում մեզ վերցնել, ավելին՝ սպասում էին, որ մենք, մնացած «հեռուստանկարահանող խմբերի» պես, շուտով կհավաքվենք ու կմեկնենք այդտեղից։

Հետո ուղղակի հոգնեցին թաքնվելուց, մենք էլ առանց առանձնահատուկ թույլտվության նստեցինք իրենց մեքենան․․․ Սկսեցին հետաքրքիր դրվագներ ի հայտ գալ։ Իմացանք բոլոր պատմությունները, դժվարությունները, ծանոթացանք գյուղացիների հետ ու ընկերացանք։ Ընդհանուր շատ թեմաներ առաջ եկան, շարունակում ենք շփվել մինչ օրս։

Ինչ վերաբերում է «Օսկարին», արդեն մարկետինգի մասին պատմություն է․ այս ֆիլմն ինձ ու պրոդյուսերին շատ բան սովորեցրեց․ գնացինք Լոս-Անջելես, ցուցադրեցինք ֆիլմը, հանդիպումներ կազմակերպեցինք։ Այդ տարի առաջին անգամ Ակադեմիան ընդունելու էր վավերագրական ֆիլմերի հայտեր «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգի համար ․․․

Առհասարակ այս անվանակարգում մրցակցությունը պետությունների մրցակցություն կարելի է համարել, ինչպես օրինակ Օլիմպիական խաղերում է․ ինչքան շատ ռեսուրսներ են հատկացվում պետությանը այդ ոլորտի համար, այնքան արագ է այդ պետության կինոն աչքի ընկնում, այդքան հեշտ է ֆիլմդ հայտնվում լավագույն հնգյակում։


Դրվագ «Ուկրաինացի շերիֆներ» ֆիլմից

Վավերագրողի համար ի՞նչն է կարեւորվում նկարահանման ընթացքում, ինչպե՞ս պիտի երեւա վավերագրված պատկերը։ Հարցի պատասխանի համար օրինակ կարող է ծառայել Ձեր վերջին վավերագրական աշխատանքը՝ «Դիքսիլենդը»։

Ինձ համար կարեւորը առաջին էմոցիոնալ ազդակն է․ եթե պատմությունն ապշեցրել է կամ կերպարն է դուրս եկել եւ/կամ տեղանքն է ուժեղ ազդեցություն ունեցել, ես սկսում եմ մտածել, թե դրանից ինչպես կարելի է ֆիլմ ստանալ։

«Դիքսիլենդի» դեպքում այս նշածներիցս հենց տեղանքից սկսվեց ամեն բան։ Խերսոնի մի նվագախումբ, որն ամեն տոնի մասնակից է, «Երեխաների եւ երիտասարների  պալատի» նկուղում փորձ էր անում, եւ երաժշտությունը լսելի էր այգու ողջ տարածքում, անցնողները հավաքվել էին նկուղի փոքր պատուհանների մոտ․․․ Կողքից դիտողի համար «կառնավալային» տեսարան էր, ինչպես Ֆելլինիի ֆիլմերում, իսկ հենց նկուղում հայելային հակառակն էր, ինչպես Ալիսայի հայտնի հեքիաթում․ ժանգոտված խողովակներ, կանաչ պատերին ահռելի չափերի պոստերներ, եւ լամպերից դուրս եկող թույլ լուսավորություն։

Երկու աշխարհ․ արտաքինն ու նկուղինն իրար ոչ մի կերպ նման չէին․․․

Ծանոթոցա ուսուցչի՝ Սեմյոն Նիկոլայեւիչ Ռիկվինի եւ աշակերտուհներից մեկի՝ Պալինայի հետ․ այն ժամանակ Ռիկվինն արդեն 80 տարեկան էր, Պալինան՝ 8։ Պատմությունն ինքնիրեն պոեզիայի էր վերափոխվում, եւ շատ էր մեծ ցանկությունը գտնել պատկերային լուծումը, որը ցույց կտա այդ պոեզիան փոխանցող երեխայի հայացքը։
Դրվագ Դիքսիլենդ ֆիլմից

Դուք նաեւ «Եվրոմայդանկոպիտ հատում» ֆիլմի ռեժիսորներից մեկն եք, որը, որպես այդպիսին, անդրադառնում է «Մայդանի» գործողություններին։ Ուկրաինական կինոն ի՞նչ փոփոխություններ է կրել «Մայդանից» հետո, ի՞նչ ազդեցություններ։

«Եվրոմայդանը» 10 ռեժիսորների աշխատանքների համատեղ արդյունք էր։ Ամբողջական անվանումը՝ «Եվրոմայդան․ սեւագիր մոնտաժ»։ 

«Մայդանի» ժամանակ այսպես էր․ նա, ով ուներ տեսախցիկ ուղղակի դրսում էր եւ նկարում էր։ Այդ նկարահանումներից շատերի արդյունքում հետաքրքիր ֆիլմեր ստացվեցին․ նկարողների մի մասը հենց այդտեղ էլ պատմությունն ամփոփեց, մյուսները գնացին իրենց հերոսների հետեւից դեպի արեւելք՝ նկարելու պատերազմը, եղան այնպիսինները, որ իրենց հերոսների հետտրավմատիկ սինդրոմները նկարեցին, իսկ մյուսները՝ շարունակում են նկարել մինչ օրս։

Առհասարակ շատերը սկսեցին զբաղվել վավերագրությամբ, որովհետեւ տեղի ունեցածն իրենց մտերիմներին էր վերաբերում։

Ժամանակակից ուկրաինական կինոյի տենդեցների մասին ի՞նչ կասեքմիջազգային կինոհարթակ դուրս գալու ի՞նչ հնարավորություններ ունի, զարգացմանը նպաստող ի՞նչ գործոններ կան։

Այս պահին ամեն ինչի լավատասկան է։ Կինոյի հարցերով պետական գործակալությունը աջակցոմ է շատ ֆիլմերի․ հենց միայն այս աշնանը ցուցադրվելու է 18 ուկրաինական նոր ֆիլմ։

Կարեւոր փառատոններում ներկայացված է ուկրաինական կամ Ուկրաինայի հետ համատեղ նկարված կինոն։ Պրոդյուսերները սովորել են՝ ինչպես համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ, ինչպես արտադրել համատեղ ֆիլմեր, որը նույնպես մեծացնում է ապագա ֆիլմի լսարանը։ Ռեժիսորներն անգլերեն են սովորել եւ մասնակցության հայտեր են ուղարկում սցենարի եւ մոնտաժի միջազգային ուորքշոփերին մասնակցելու համար։

Կարեւորն այն է, որ մեզ իզոլացված չենք զգում․ դուրս ենք եկել երկրի սահմանների եւ նախկին ԽՍՀՄ պետություն լինելու սահմանափակումներից։ Կարծում եմ սա նաեւ զգացվում է ժամանակակից ուկրաինական կինոյում։

Կարեւոր է, որ այս ամենը շարունակական բնույթ կրի․ այդ ժամանակ արդեն ուկրաինացի հանդիսատեսը կիմանա իր դերասաններին, կգնա ֆիլմ դիտելու նաեւ այս կամ այն դերասանի համար։

Այս հնարավորությունները թույլ կտան, որ կինոարտադրությամբ զբաղվեն լավագույն մասնագետները․ չի լինի այնպես, ինչպես հինգ տարի առաջ էր, երբ նկարիչը վազելու էր ռեստորանի ներքին հարդարանքներն անելու․․․

Պատկերացրեք, որ մեր զրույցը կարդալու են մարդիկ, ովքեր հուլիսյան շոգ օրվա վերջում՝ գուցե հենց այս պահին, որոշում են ֆիլմ դիտել։ Հենց հիմա ո՞ր ֆիլմն անցավ Ձեր մտքով։

Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ է ցուցադրվում Երեւանում, բայց կասեի՝ դիտիր Ֆելլինի, Անտոնիոնի կամ Սորրենտինո, տրամադրությունդ հաստատ կբարձրանա։ Նրանց ֆիլմերում էլ է «շոգ», բայց իրենք դրա հետ վարվելու ձեւերը գտել են․ հիանալի պատկեր է, հագեցնում են ծարավը գեղեցիկ գավաթների մեջ լցված կոկտեյլներով․․․

Լուսակարները՝ Բոնդարչուկի ֆեյսբուքյան էջից եւ ֆիլմերը ներկայացնող հրապարակումներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter