Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Միսակ Հովսեփյանին առնչվող հէկը սկսել է փորձարկումները



Սյունիքի մարզի Գեղի գետի վրա կառուցված «Աստղաբերդ» փոքր հէկն սկսել է փորձարկումները: Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնել է Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի վարչական ներկայացուցիչ Վասիլ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ փոքր հէկի ջրհավաք ավազանը գտնվում է Նոր Աստղաբերդ բնակավայրում, իսկ կայանը՝ Գեղիում:

Սյունիքի 9 ՀԿ-ների եւ 3 կուսակցությունների (ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր ծիրանի») ներկայացուցիչներ վերջերս դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ժամանակավորապես դադարեցնել այս հէկի, ինչպես նաեւ մարզում հանքարդյունաբերական մի շարք ծրագրերի գործունեությունը: Դիմողներն առաջարկել էին Սյունիքի մարզի բնապահպանական իրավիճակը դիտարկել ազգային անվտանգության ապահովման տեսակետից՝ օգտագործելով օրենսդրական հնարավոր գործիքակազմ, եւ ժամանակավորապես դադարեցնել մի շարք ծրագրերի ընթացքը, որոնք կխորացնեն մարզի խնդիրները:

Նամակի հրապարակումից հետո «Տելիա Մայնինգ» ընկերության ներկայացուցիչը հանդիպել էր երեք ՀԿ-ների ներկայացուցիչների, որոնց թվում եղել է «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ ընկերությունը մտահոգվել էր, թե ինչու պիտի ծրագիրը դադարեցվի: Ներկաները պատասխանել են, որ դա կարող է ժամանակավոր բնույթ կրել, մինչեւ վերահսկողություն իրականացնող պետական կառույցը կարժ ժամանակամիջոցում ստուգումներ իրականացնի, պարզի, թե ինչ աշխատանքային նախագիծ են ներկայացրել, ինչքանով է այն համապատասխանում բնապահպանական չափորոշիչներին:

Գեղի գետը Ողջիի վտակներից է, սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայից, մոտ 30 կմ երկարություն ունի: «Աստղաբերդ» փհէկի համար օգտագործվել են 1,7 մ տրամաչափի պողպատե խողովակաշար մոտ 5200 մետր երկարությամբ: Դա նշանակում է, որ գետի ավելի քան 1/6-ը մտնելու է «Տելիա Մայնինգի» խողովակաշարի մեջ: Կառույցը տարեկան արտադրելու է 24 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:

Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ՝ մտահոգող պատճառներից մեկն էլ հենց խողովակների տրամագիծն է: «Գեղի գետը սեզոնային ջրառատության եւ սակավաջրության խնդրին է առնչվում, եւ մենք պետք է իմանանք, թե հէկը որ սեզոններին է շահագործվելու, ինչքանով է պահպանելու էկոլոգիական թողքը կամ պահպանելո՞ւ է, թե՞ ոչ: Համոզված չենք, որ ընկերությունն առանց օրենքների շեղումների կշահագործի, մեծ գումարներ են ներդրվել, հետեւաբար, տնտեսվարողը ցանկություն կունենա կարճ ժամանակում վերադարձնել ներդրված գումարները»,- ասում է Փարսադանյանը:

Հանդիպմանը ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ հէկերի վերահսկողության հարցը՝ նշելով, որ թե՛ իրենք, թե՛ պետական կառույցները հասարակական պատշաճ վերահսկողություն չեն կարող իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաների ներդրում, որոնցով կապոհովվի հէկերի առցանց վերահսկողությունը: Այդ դեպքում քաղաքացին ցանկացած պահի կարող է հետեւել, թե որքան է տվյալ հէկի էկոլոգիական թողքը:

Կապանցի բնապահպանի խոսքով՝ առաջարկն ուղղված է ոչ թե մասնավոր ընկերությանը, այլ պետական պատկան կառույցներին, որոնց միջոցով կարգավորվում է ոլորտը: Ըստ նրա, եթե առցանց վերահսկողությունը ներդրվի, այն պետք է կարգավորվի նաեւ օրենսդրությամբ՝ պետք է ամրագրվի, թե ինչ ընթացակարգերով է իրականացվելու վերահսկողությունը, ով է հոգալու տեխնոլոգիաների ծախսերը, եւ այլն:

Հիշեցնենք, որ «Տելիա Մայնինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին ու մինչեւ 2015-ը ընկերության սեփականատերը Միսակ Հովսեփյանն էր՝ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, 2015-2016 թթ. ՍՊԸ-ի սեփականատերը երեւանցի Գեւորգ Խաչատրյանն էր, ում փոխարինել է Բալահովիտ գյուղի բնակիչ Հակոբ Թադեւոսյանը:

Գլխավոր լուսանկարում ձախից երևում է Գեղի գետը, աջից՝ անցկացվող խողովակաշարը, 2017 թ. (լուսանկարը՝ Արմեն Փարսադանյանի)


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ