HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 300 միլիոն դրամի չարաշահման դեպք է հայտնաբերվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարված խախտումների մասին հաղորդագրություն է ուղարկվել գլխավոր դատախազություն՝ պարզելու կան քրեական գործի տարրեր, թե ոչ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Խախտումների հիմնական ծավալը չբուժված հիվանդների համար գանձված գումարներն են, երբ հիվանդները չեն ստացել բուժօգնություն, բայց գումարներ են գանձվել, այս պահին մոտ 300 միլիոն դրամի նման դեպք ենք հայտնաբերել»,- ասաց նախարարը:

Նախարարը մանրամասնեց՝ խախտումները սոցփաթեթի ծրագրին է առնչվում, ըստ այդ ծրագրի՝ քաղաքացիները կանխարգելիչ բուժզննության կենթարկվեին, որի համար պետությունը վճարում է 8000 դրամ:

«Այդ մարդկանց 90 տոկոսը ձևակերպվել են ստացիոնար բուժման համար և յուրաքանչյուրի համար գանձվել է 100-200 հազար դրամ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը Արա Մինասյանն է՝ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց՝ այժմ մի շարք հիմնարկներում ստուգումներ են իրականացնում, նույնիսկ հրաման է ստորագրել՝ սահմանելով բուժհաստատությունների ցանկ, որ նախարարության աշխատակիցներն օպերատիվ կերպով կարողանան ստուգել հիվանդների շարժը, այսինքն՝ որքան հիվանդ է գրանցված, և որքանն է այդ պահին ԲԿ-ում բուժում ստանում:

«Նոր ինստիտուտ ենք ուզում ներդնել՝ մեծ բուժհիմնարկներում պետական առողջապահական գործակալության ներկայացուցչի առկայություն, ինչպես ապահովագրական ընկերություններն ունեն ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են պացիենտների խնդիրներով, երբ լինի պետպատվեր, և խնդիրներ առաջանան, փոխանցեն մեր թեժ գիծ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter