Նախարարը վստահեցնում է՝ մանկական մահացության դեպքերը գնալով կրճատվում են
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ մանկական մահացության դեպքերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված մահացության մի քանի դեպքերին:
«Մանկական մահացությունը՝ թե՛ մինչև 1, թե´ մինչև 5 տարեկանի դեպքում աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել: 2017 թվականին մենք ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան երեխաների դեպքում»,- ասաց Թորոսյանը:
Նախարարի խոսքով՝ ըստ կիսամյակային տվյալների այդ ցուցանիշը գնալով բարելավվում է:
«Մանկական և մայրական մահացությունն ընդհանրապես երկրի առողջապահական համակարգի ամենակարևոր ցուցիչներից է, և միշտ մեր ուշադրության կենտրոնում է. ուսումնասիրում ենք ցանկացած նման դեպք, պարզապես չեմ ուզում հատուկ ասել, բայց եթե 300-ը բաժանենք 365 օրվա վրա, ինչքան էլ որ ցավալի է, համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է: Դրանք մասնագետների կարծիքով հիմնականում այն դեպքերն են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չի լինում փրկել»,- ասաց նախարարը:
Մեկնաբանել