HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետի աշխատակազմից չեն հերքում՝ նախկին նախագահների ունեցվածքներն ուսումնասիրվելու են

«Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտնել է՝ Հայաստանի 3 նախագահները մյուս բոլոր նախկին ու ներկա պաշտոնյաների նման օրենքի առաջ հավասար են, և բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների ձևավորման օրինականությունը ստուգելու գործընթացում նրանց հանդեպ տարբերակված մոտեցում չի ցուցաբերվելու:

Դեռևս 2016 թվականի նոյեմբերին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ էր դրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրների ունեցվածքը և գույքային վիճակը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնություն, սակայն այն չէր ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ: Ըստ այդ նախագծի՝ հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնելու էր 3 փուլով՝ սկզբում ուսումնասիրվելու էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո, ապա՝ 1998 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հունվարի 1-ը, իսկ վերջին փուլում՝ 1991 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1998 թվականի հունվարի 1-ը պաշտոնավարած բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի ու եկամուտների օրինականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, որը նախկինում նման նախագիծ էր հեղինակել, մեր հարցման մեջ խնդրել էինք հստակեցնել, թե արդյոք կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու է, թե ոչ:

Հարցման պատասխանում նշվում է, որ ինչպես 2016 թվականին, այնպես էլ հիմա բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման օրինականության հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում է:

«2016 թվականին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վերը նշված խմբին պատկանող անձանց եկամուտների ձևավորման օրինականությունը ստուգելու նպատակով օգտագործել էր իր պատգամավորական լիազորությունները, այն է՝ հանդես էր եկել համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Ներկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն ուսումնասիրությունն իրականացնելու համար կարող է օգտվել իր վարչապետական լիազորություններից, ուստի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնության հարց կարող է դիտարկվել այնքանով, որքանով այն կարող է փոխլրացնել գործադիր իշխանության լծակներով նույն խնդրի իրականացմանը»,- ասված է պատասխանում:

Մեր հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի երեք նախկին նախագահների գույքի և եկամուտների ուսումնասիրման գործընթաց սկսել, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը պատասխանել է.

«Հայաստանի Հանարապետության երեք նախկին նախագահները մյուս բոլոր նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների պես հավասար են օրենքի առաջ, և հետևաբար, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների ձևավորման օրինականությունը ստուգելու գործընթացում նրանց հանդեպ տարբերակված մոտեցում չի ցուցաբերվելու»:

Հետաքրքրվել էինք, թե արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի օրինականության ուսումնասիրությունը կարող է դիտվել որպես վենդետա, քանի որ թե՛ մինչև ընտրվելը, թե՛ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ վենդետա չի լինելու, ինչի դեպքում կարող էր բացառվել ուսումնասիրությունը: Հարցման պատասխանում նշվում է, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի եկամուտների և ունեցվածքի  ձևավորման օրինականության ստուգումը չի կարող հակասել վենդետաների բացառման սկզբունքին, «քանի որ ըստ սահմանման որպես վենդետա կարող է որակվել միայն անձնական (կլանային) և անօրինական հետապնդումը կամ հաշվեհարդարը»:

Լուսանկարը՝ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter