HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Հրաժարվել թատրոնը որպես հիմնարկ ընկալելու մտքից

Հայաստանում թատերական ներկայացումները հազվադեպ են դառնում լայն քննարկման առիթ, մտնում առօրյա որպես հրատապ թեմա, երկխոսելու առիթ, մաշկին ու մտքին դիպչող հարցադրում:

Պատճառը շատ պարզ է. թատերական ողջ համակարգը՝ շարունակելով գոյատևել խորհրդային մոդելով, անհուսալիորեն կաղապարված է, իսկ թատերական ներկայացումը չի դիտարկվում որպես հաղորդակցության միջոց: Այսինքն, հանդիսատեսին թատերական գործողության համամասնակիցը դարձնելու նպատակը չի համարվում առաջնային: Կարևոր է համարվում ներկայացման (բեմադրության) ներկայացումը (պրեզենտացիան):

Երբ լսում ենք «թատրոն» բառը, միանգամից պատկերացնում ենք շենքը, թատերախումբը, միգուցե մտաբերում ենք որոշ դերասանների ու գեղարվեստական ղեկավարի անունները, բայց դժվարանում ենք առանձնացել հենց ստեղծագործությունը, որի նպատակը լինի կոնտակտ հաստատելը:

Թատրոնի այն մոդելը, որը կար Սովետական Հայաստանում, շարունակում է կրկին ու կրկին վերագործարկվել նաև այսօր: Այսօր, երբ արդեն քառորդ դար և մեկ սերունդ' բոլորովին այլ իրականություն է:

Թատրոնները դեռ կարողանում են գործել, քանի որ ունեն պետական օժանդակություն (թեև միշտ դժգոհ են, որ այն չի բավարարում), կայուն խաղացանկ (երբեմն տարիներով անփոփոխ) ու իրենց բեմական տարածքը (որը նաև հանձնում են վարձով): Այսինքն, բոլոր նախապայմանները կան չփոխվելու համար:

Եվ հետաքրքիրն այն է, որ թատրոնը ունի նաև հանդիսատես (քիչ թե շատ), սակայն պետությունից ուզում է երաշխիքներ, որ պետպատվերով արված ներկայացումները պետք է ապահովեն մարդկանց հոսքը թատրոններ՝ աբոնեմենտների ու տարբեր այլ պետդիտումների ձևաչափով:

Սա այն իներցիան է, որը խախտել չեն համարձակվում ո՛չ թատրոնների ղեկավարները, ո՛չ էլ պետական գերատեսչությունը:

Բայց խնդիրն այն է, որ շենք, թատերախումբ, խաղացանկ ու հանդիսատես ունենալը դեռ չի նշանակում, որ կա թատերական մթնոլորտ ու այդ մթնոլորտը սնում է հանրային կյանքն ու միաժամանակ՝ սնվում հանրային կյանքից:

Դա նշանակում է ընդամենը, որ թատրոնը շարունակում է գոյատևել պետական հովանու ներքո՝ առանց լուրջ իմաստային վերբեռնման և առանց ցնցումների: Եվ որպես հետևանք՝ առանց արձագանքների, ինքն իր մեջ պարփակված ու երկյուղած, պետպատվերի ու պետդիտումների սպասող:

Թատերական ներկայացումները չեն դառնում լուրջ քննարկման առիթ, քանի որ լայն իմաստով՝ դրանք պետք չեն: Ինչպես ասենք, պետք էին 1986-89 թթ.-ին, երբ հեղափոխությունն ու սովետական անցյալից հրաժարումը լիցք տվեց բեմին, իսկ հետո այդ լիցքը տեղափոխվեց նաև առօրյա:

Ազատ շուկայական (նաև ազատ իմաստների) պայմաններում թատրոնները կարող էին հաղորդակցության միջոց դառնալ, եթե բյուջետային հրեշների հարմարավետ ու հանգիստ շրջանակներից դուրս գալու փորձեր անեին: Ընդ որում՝ կարևոր չէ, հաջող, թե անհաջող, կարևորը, որ այդ փորձերը արվեին պարբերաբար ու հաճույքով:

Պետականի ծուղակը

«Պետական» բառը, սոսնձվելով թատրոնին (որպես կոլեկտիվ, շենք ու հաշվապահություն), զրկում է թատերական արվեստը էներգիայից ու դնում թատրոնը այն հիմնարկների շարքում, որոնց միակ երազանքը կայուն պետաջակցություն ունենալն է:

Պետական մշակութային հիմնարկները Խորհրդային միության գոյության կարևոր երաշխիքներից էին, քանի որ որքան լավ էին հետևում հիմնական գծին, այնքան շատ էին ստանում գումար (շքանշան, պարգևատրումներ և տարբեր նյութական բարիքներ): Խորհրդային կարգերի փլուզումը թատրոններին դարձրեց անպաշտպան՝ վերացնելով նրանց կերակրող ու ներշնչող գաղափարախոսությունը: Իսկ առանց գաղափարախոսության «պետական» բառը սկսեց խանգարել առաջին հերթին թատրոններին: Այն կարծես սկսեց դատարկությունը ծածկող կափարիչի դեր կատարել:

Այդ մասին տարիներ շարունակ խոսվել է, բայց հիմա, երբ թավշյա հեղափոխությունից հետո առավել մեծ են սպասելիքները հենց մասնագիտական համայնքներից, արժե ոչ թե խուսափել թատրոնների դերը քաղաքականացնելուց, այլ ընդհակառակը՝ սրել այդ դերը:

Ի վերջո, քաղաքականացումը նշանակում է որոնել իմաստային փոփոխության, որից հետո միայն կարելի է խոսել գեղագիտական, կառուցվածքային կամ ոճական առանձնահատկությունների մասին:

Արա Նեդոլյան

Թատերագետ Արա Նեդոլյանն ասում է. «Պետական ոլորտն ամբողջովին իրենից ներկայացնում է ծառայության ոլորտ, իսկ (թատերական) արվեստի ոլորտը՝ ընդհակառակը, ազատ անձնական և հանրային ստեղծագործության ու ինքնադրսևորման տիրույթ է: Հետևաբար, «պետական թատրոն» եզրույթն անիմաստ է և վնասակար, քանի որ առաջացնում է ոչ թե թատրոն, այլ նրա կեղծ նմանակը, որը, ինչպես ամեն մի անիմաստ երևույթ, իզուր վատնում է հասարակության սահամանափակ ռեսուրսները»:

Այս մեկնակետի վրա հիմնվելով էլ Արա Նեդոլյանն ու ռեժիսոր Նանոր Պետրոսյանը ուրվագծել են թատրոնի ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի փոփոխման մի քանի քայլանոց հուշագիր:

Առաջին քայլով առաջարկվում է թատերական արվեստի կայացման միավոր համարել ոչ թե թատրոնը, այլ ներկայացումը: Հետևաբար աջակցել ոչ թե մնայուն ու ձևավորված կոլեկտիվներին ու թատրոններին, այլ միայն ներկայացումների կայացմանը:

Եվ սա ամենակարևոր իմաստային վերբեռնումն է, որի մասին շատ է խոսվել 1991-ից հետո, բայց ոլորտի պատասխանատուների քաջությունը չի բավարարել փոխելու թատրոնի համակարգը, և թատրոնը շարունակել է գիտակցվել որպես եռամիասնություն (կոլեկտիվ-շենք-ռեժիսոր), այլ ոչ թե որպես առանձին համամասնակցային իրադարձություն:

«Լավ ներկայացումը երբեք չի ընկալվել որպես ինքնուրույն արժեք, այլ համարվել է կայուն ու կոշտ հիերարխիա կառուցելու միջոց, երբ անհրաժեշտ էր անձնական նվիրվածություն գլխավոր ռեժիսորի նկատմամբ և նման այլ բաներ: Հետևաբար՝ ռեժիսորների կյանքի նպատակը դառնում էր պետական կարգավիճակ ստանալը... Բայց տեսնում ենք, որ երբ ստեղծագործողը դառնում է պետական հիմնարկի ղեկավար, նա դադարում է լինել արտիստ, ռեժիսոր ու արվեստագետ և, ի վերջո, սպառվում է: Ընդ որում՝ ոչ միայն որպես ստեղծագործող, այլև որպես քաղաքացի»,- ասում է Արա Նեդոլյանը:

Թատրոնը պետք է ապապետականացվի: Դա տեղի է ունենալու վաղ թե ուշ, ավելի լավ է՝ վաղ: Այսինքն, արդեն:

Ամբողջովին պետական ֆինանսավորմամբ կարող են աշխատել մանկական թատրոնը (կամ թատրոնները), նաև մեկ դրամատուրգիական թատրոն, որը կիրականացնի իր հանրային ծառայությունը հայալեզու թատերագիրների ստեղծագործությունների բեմադրությամբ:

«Եթե Սունդուկյանի թատրոնը բեմադրի ժամանակակից հայ դրամատուրգների պիեսները, կարող է ժամանակի ընթացքում վերածվել դրամատուրգիական թատրոնի: Սա դանդաղ պրոցես է»,- ասում է Նանոր Պետրոսյանը, ով վստահ է, որ թատրոնի ավտորիտար ռեժիմը հնարավոր է փոխել, եթե լինի դա ցանկացող թիմ:

Բեմի խնդիրը

Արա Նեդոլյանն ու Նանոր Պետրոսյանը առաջարկում են պետական աջակցության քայլեր, որոնց հիմքը կլինի ոչ թե բեմի ու թատերախմբի մեկընդմիշտ ամրագրումը, այլ պարբերաբար տարանջատումը:

Թատրոնների բեմերը ֆոնդ են, որից կարող են որոշակի ժամկետով օգտվել բոլոր ցանկացողները: Պետք է ներմուծել ներկայացման հայտ գրելու պրակտիկան, իսկ բեմ տրամադրել՝ ելնելով ապագա ներկայացման նպատակահարմարությունից:

Եվ հետո, տարին մի քանի անգամ անցկացնել ստացված ներկայացումների փառատոն-ստուգատեսներ, որոնց հիման վրա հաջողված ներկայացումները հնարավորություն կստանան ներկայացվելու պետական բեմերում' դրա դիմաց արդեն վարձատրելով մասնակիցներին ֆիքսված գումարներ: Դա թույլ կտա չվարձատրել, ինչպես հիմա, անհաջող ներկայացումները:

Ստուգատեսների ժյուրիները կարելի է կազմել տվյալ ստուգատեսին չմասնակցող թատերական գործիչներից: Իհարկե, ամենաբարդը ներկայացումների հաջողությունը չափելն է: Բայց Արա Նեդոլյանը պնդում է, որ ֆորման ինքը կթելադրի տրամաբանությունը:

«Շատ կարևոր է, որ որոշողը այստեղ լինի ոչ թե ադմինիստրատիվ մարմինը (նախարարությունը), այլ մասնագիտական համայնքը: Թատրոնը մրցակցային արվեստ է, որը ենթադրում է գնահատական, հաղթանակ ու պարտություն: Շատ վստահում եմ ֆորմային, եթե թատրոնների ղեկավարները կատարեն պատասխանատու ժյուրիի դեր, իրենց մեջ էլ շատ բան կփոխվի: Կսովորեն, որ տարին երկու անգամ սովորական մահկանացուների պես պիտի գրեն հայտ, որտեղ հասկանալի ձևով կբացատրեն, թե ինչ են բեմադրում և ինչու: Երբ թատրոնի ղեկավարները հայտնվեն նորմալ իրավիճակում, նրանց կյանքն ավելի լավը կդառնա, քանի որ դուրս կգան կեղծ ֆորմայից»,- ասում է նա:

Նանոր Պետրոսյան

Նանոր Պետրոսյանը շեշտում է, որ երբեք չի հանդիպել ներկայացումների գնահատման պրակտիկայի. «Տարիներ շարունակ չի արվել ներկայացումների գնահատում թե՛ որպես արվեստի գործ, թե՛ որպես գումարային հաշվետվություն: Արդեն մի քանի անգամ հանդիպել ենք մշակույթի նախարարի հետ՝ քննարկելու թատրոնում հնարավոր փոփոխությունները: Բոլորն ասում էին՝ տվեք մեզ հարթակ ու բեմ: Իսկ ովքեր ունեին բեմ, ասում էին, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է: Թատրոնը չի դիտարկվում որպես մտածողություն: Այսինքն, զրույցը չի ստացվում, քանի դեռ չի վերանայվում թատրոնի դերը: Այո, դահլիճները կարող են լիքը լինել, թատրոնները կարող են ցույց տալ դրամարկղային հաջողություն, բայց տեղի չի ունենա շարժ, եթե չլինի մտքի փոփոխություն, վերաիմաստավորվի, թե ինչ են բեմը, լսարանը, դերասանը»:

Հանրային գնահատական

Պետական թատրոնների ղեկավարները, որոնք չեն ուզում որևէ բան փոխել, հիմնականում բերում են փաստարկներ, որ դահլիճները լիքն են, մարդիկ գալիս են' ներկայացում դիտելու, մարդիկ ուրախ են:

«Ուզում եմ միանգամից նշել, որ հանդիսատեսի գալը կամ չգալը չի կարող լինել գնահատական: Պիտի լինի մասնագիտական համայնք, որը գնահատում է ներկայացումը, հանրային այլ գնահատական լինել չի կարող: Անցած 20 տարվա ընթացքում հանրային գնահատականը հակագնահատական էր: Համենայնդեպս, բոլոր թատրոնների ներկայացումներում շատ լավ երևում էր մշակույթի նախկին նախարարների ճաշակը: Եվ դա նրանց անձնական-գեղարվեստական ճաշակն էր, ասենք, այն ճաշակը, որով նկարազարդվել են մետրոյի նախշազարդ «գորգերը»,- ասում է Արա Նեդոլյանը:

Նանոր Պետրոսյանը կարևորում է թատերագետների դերը. «Թատերագետները կարող են լավ ներկայացումները դնել շրջանառության մեջ: Թատերագետն իր տեքստով է հուշում հանդիսատեսին, թե ինչպես կազմաքանդել թատրոնը»:

Իսկ Արա Նեդոլյանը վստահ է, որ թատերագետներ կլինեն, երբ լինի մրցակցություն թատրոնների միջև, քանի որ հենց գնահատողները կսկսեն բերել փաստարկներ, թե ինչու է մի ներկայացումը լավը, մյուսը՝ վատը:

«Ժյուրիում պիտի լինեն հենց հեղինակները և վիճեն իրար հետ: Թատրոնի մասին կխոսեն, եթե ներկայացումը դառնա հաղորդակցման նյութ: Ես, օրինակ, գրում եմ քաղաքականության մասին, քանի որ դա հաղորդակցության նյութ է, իսկ թատրոնը՝ ոչ»,- ասում է նա:

Բոլոր դեպքերում, եթե ուզում ենք փոփոխել ծանրաքարշ թատերական համակարգը, պիտի պետության դերի նվազեցնող քայլեր արվեն: Համակարգը պետք է կարողանա ավտոմատ աշխատել՝ առանց վարչական ցուցումների: Եվ նաև առանց սիմվոլիկ կապիտալի (կոչումների, պետպարգևների) բաշխումի:

Հուշագրում կա մեկ այլ կարևոր կետ, որտեղ ասվում է. «Թատրոնի մասին օրենքից ու կյանքից պետք է հանվի «ազգային» բառի անտեղի օգտագործումը թատրոնների վերաբերյալ»: Այդ բառը, բացի ավելորդ տատանումներից, ոչինչ չի ավելացնում թատերական արվեստին:

Թատրոնն իր կենդանի էությամբ (հիմա, այստեղ ու հենց քեզ համար սկզբունքով) հաղորդակցության լավագույն միջոցներից է, որը, սակայն, զարմանալի կերպով ուշանում է հանրային տրամադրություններից, ինչը կենդանի արվեստի բնությանը դեմ է:

Մեկնաբանություններ (1)

Tigran Martirosyan
Հըմմ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter