HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը»

Կառավարության խնդիրն է ստեղծել ներառող տնտեսական համակարգ: Այս մասին կառավարությունում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության տնտեսական քաղաքականությանը:

«Մենք նախկինում ունեցել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ բոլոր ոլորտները գործունեության սահմանափակ մակարդակ են ունեցել: Ներառող տնտեսական համակարգն այն է, որ նման սահմանափակումները պետք է գոյություն չունենան, և տնտեսական ոլորտները պետք է լինեն հասանելի»,-ասաց վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ այս խնդրի լուծման համար քաղաքական մակարդակում խնդիրներ չկան. կառավարությունը ժամանակ առ ժամանակ ծանոթանալու է իրավիճակին, թե ինչ փոփոխություններ են լինում տնտեսական համակարգում, և եթե արդյունքները չբավարարեն, ապա նոր գործիքակազմ է կիրառվելու:

«Հակված ենք դա իրականացնել հանդարտ՝ առանց ցնցումների, ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ներդրումային միջավարի ապահովման համար առաջնային պայմանները հենց իր թվարկածներն են:

Վարչապետն անդրադարձավ նաև կառավարության կադրային քաղաքականությանը՝ արձանագրելով, որ պաշտոնյաների երեք խումբ կա՝ նոր մարդիկ, հին մարդիկ և այն մարդիկ, ովքեր հին ժամանակներում աշխատել են, իսկ նոր ժամանակներում փոխել են կարգավիճակը:

«Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը, սա վերաբերում է բոլորին՝ նորերին, հներին: Կադրային առումով կառավարության ամենակարևոր խնդիրը հեղափոխության հաղթանակը ֆիքսելն էր, հիմա պետք է հասկանանք, որ տեղի է ունենում ադապտացիայի շրջան, և սա վերաբերում է բոլորին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ ադապտացիայի շրջանում լինելու են մարդիկ, ովքեր հարմարվելու են իրավիճակին, և լինելու են մարդիկ, ովքեր չեն հարմարվելու, ինչն անխուսափելի է: Փաշինյանի վստահեցմամբ՝ այն պաշտոնյաները, որոնք չեն հարմավի նոր իրողություններին, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել, եթե «քննչական մարմինները հարցեր չեն ունենա նրանց ուղղված»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter