HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Երբ կունենանք հստակ ուղերձ, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, կքննարկենք, բայց ոչ թե կառավարությունում, այլ ազգովին»

Արցախի խնդրի կարգավորման հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է կարգավորման այնպիսի տարբերակ, որը ընդունելի չի լինի հայ ժողովրդի համար:

Այս մասին կառավարությունում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրերս կառավարական առանձնատանը վարչապետ Փաշինյանը հանդիպել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Լրագրողի հարցին, թե ինչ են խոսել առաջին նախագահի հետ, արդյոք անդրադարձ է կատարվել նաև ԼՂ խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակին, վարչապետը հարցով պատասխանեց՝ իսկ Ադրբեջանը պատրա՞ստ է որևէ փոխզիջումային տարբերակի քննարկման:

«Կարծում եմ՝ մեթոդական սխալ է Հայաստանի ներկայացուցչին հարցնելը` կարգավիճակի դիմաց տարածքների զիջման սկզբունքը ընդունելի՞ է, թե՞ ոչ, իսկ որևէ մեկը հարցրե՞լ է՝ Ադրբեջանի համար ընդունելի՞ է այդ տարբերակը, թե ոչ: Երբ ասում ենք փոխզիջումային տարբերակ, դա նշանակում է` երկու կողմն էլ պատրաստ են որոշակի զիջումների, երբ կունենանք հստակ ուղերձ, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, կքննարկենք փոխզիջման հարցը, բայց ոչ թե կառավարությունում, այլ ազգովին»,-ասաց վարչապետը՝ շեշտելով, որ չի կարող լինել կարգավորման այնպիսի տարբերակ, որն ընդունելի չլինի հայ ժողովրդի համար:

Փաշինյանի համոզմամբ՝ չի կարող լինել որևէ իշխանություն, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում հաշվի չնստի մարդկանց կարծիքի հետ:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, Փաշինյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է առաջին նախագահինը:

«Առաջին նախագահին հրավիրել եմ կառավարական առանձնատուն՝ հյուրերի ընդունելության համար նախատեսված վայր, միասին սուրճ ենք խմել, զրուցել, նա փորձել է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինեին: Շատ օգտակար զրույց էր, բայց չեն եղել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ իր ընտրվելուց հետո առաջին գործերից է եղել ԼՂ խնդրի հարցով տեղեկատվությանը տիրապետելը, հանդիպել է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Փաշինյանը նաև շեշտեց՝ խնդրի կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի:

«Սա չի նշանակում, որ մենք չենք կարող խոսել խնդրի կարգավորման հարցի մասին, մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ, բայց երբ ասում ենք բանակցություն, պետք է լինի բանակցության նյութ, վստահության մթնոլորտ»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները հայկական կողմի համար ընդունելի չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter