HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը, առանց բացելու, հետաձգել է դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր նշանակված էր Նորքի «զինված խմբի» գործով դատական նիստ, սակայն դատավոր Արմեն Բեկթաշյանը, առանց բացելու, որոշել է այն հետաձգել։

Ինչպես դատարանի դիմաց հավաքված պաշտպաններն ու ամբաստանյալները մեզ հետ զրույցում հայտնեցին, Բեկթաշյանը, դատարանի վարչական շենքից դուրս գալով, տեղեկացրել է, որ նիստ չի լինելու, ապա ամբաստանյալներից Էդվարդ Ներսիսյանին, ով ազատության մեջ է, ասել, որ ստորագրի հաջորդ նիստի մասին ծանուցված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։

Բեկթաշյանն, ըստ դատարանի դիմաց հավաքվածների, ասել է, թե նիստը հետաձգվում է, քանի որ ամբաստանյալ Վլադիմիր Առաքելյանը վատառողջ է։

Նշենք, որ Առաքելյանն օրեր առաջ վիրահատվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում և մինչև այսօր գտնվում էր այնտեղ։ Այսօր, սակայն, նա դուրս է գրվել հիվանդանոցից։

Նրա պաշտպան Արայիկ Ալվանդյանի փոխանցմամբ՝ Առաքելյանն այսօր պատրաստ էր ներկայանալ դատական նիստին, սակայն նրան դատարան չեն ներկայացրել։

«Նման պայմաններում անհասկանալի է, թե ինչու է դատավոր Արմեն Բեկթաշյանն այսքան ձգձգում այս գործով դատական նիստերը։ Արդեն տևական ժամանակ է, ինչ այս գործով դատական նիստերը տարբեր պատճառաբանություններով չեն կայանում, ուստի ինչ-որ միտում է երևում, որ կամ պարոն Բեկթաշյանը չի ցանկանում այս գործով արդարադատություն իրականացնել կամ այլ պատճառներ կան նման կերպ վարվելու համար»,- լրագրողների հետ զրույցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վրդովմունք արտահայտեց գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։

Պաշտպանը հիշեցրեց, որ «զինված խմբի» գործով ամբաստանյալներից շատերը կալանքի տակ են, և նրանց պաշտպանները պատրաստվում են նրանց խափանման միջոցը փոխելու և ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնել, որը, սակայն, դատական նիստերի շարունակական ձգձգումների պատճառով հնարավոր չի լինում։

«Ամբաստանյալների մեջ վատառողջ մարդիկ կան, որոնք արդեն շուրջ 3 տարի գտնվում են կալանքի տակ, և դատարանը շատ հստակ գիտի, որ պիտի այդ հարցը բարձրացվի։ Երբ նա ինչ-ինչ պատճառներով հրահանգ է տալիս, որ մեկուսարանից ուղեկցում չիրականացվի, այստեղ, այո, ես միտում եմ տեսնում, որովհետև ստացվում է, որ նա ցանկանում է անօրինական կարգով անազատության մեջ շարունակել պահել այդ անձանց»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Դատավոր Արմեն Բեկթաշյանը վերջերս ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, և դա, ինչպես ենթադրվում է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում նրա համար։

Դատավորի ծանրաբեռնվածությունը, ըստ փաստաբանի, չի կարող արդարացում հանդիսանալ Բեկթաշյանի նման վարքագծի համար։

«Անձինք չպետք է պատասխանատվություն կրեն դատավոր Բեկթաշյանի ծանրաբեռնվածության համար։ Արդար դատաքննության, անձնական անձեռնմխելիության իրավունքները Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներ են։ Եթե գերծանրաբեռնված է, թող զեկուցագիր գրի և հրաժարվի այս գործից»․- ասաց Պետրոսյանը։

Փաստաբանն, այնուամենայնիվ, նկատեց, որ մինչև ԲԴԽ անդամ ընտրվելը ևս ամեն ինչ հարթ չի եղել այս գործի քննության առումով, և նախկինում ևս դատական նիստերը հետաձգվել են տարբեր պատճառաբանություններով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter