ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ն. Փաշինյան. «Մեր դարավոր բարեկամ, եղբայր ՌԴ-ն ունի բոլոր լծակները՝ թույլ չտալու Ադրբեջանին գնալ սադրանքի»



ՀԱՊԿ անդամ Բելառուսի՝ Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգիչ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, և վերջինս իր մտահոգության մասին անձամբ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին կառավարությունում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հետք»-ի հարցին:

Հիշեցնենք, որ Բելառուսը Ադրբեջանին վաճառել է «Պոլոնեզ» համազարկային համակարգեր, և այդ մասին հայտնի է դարձել այս տարվա հունիսին:

«Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը, ես ուզում եմ մենք արձանագրենք, որ բոլոր շփումներում ես Հայաստանի շահերի հետ առնչվող բոլոր հարցերը կամ առնվազն այդ հարցերի որոշակի շրջանակ, որ այդ օրակարգի հետ համընկնում է, բարձրաձայնում եմ, բնականաբար Բելառուսի նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրել եմ, և մենք այդ թեմայով խոսել ենք: Ես մտահոգություններս արտահայտել եմ, և դա շարունակելու է մնալ մեր օրակարգում»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է փոխադարձ պարտավորությունները հստակ իրականացնեն:

«Եթե մենք ՀԱՊԿ անդամ ենք, նշանակում է՝ մենք ձեր առաջ ունենք պարտավորություն, դուք՝ մեր առաջ, եկեք այդ շրջանակը ճշտենք և պահպանենք: Մեր խնդիրն է ՀԱՊԿ-ում մեր մասնակցության արդյունավետությունը բարձրացնել, հետևաբար մեծացնել նաև կազմակերպության արդյունավետությունը, և դրա համար ամեն ինչ անելու ենք»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ ՌԴ-ն այս տարածաշրջանում կարող է զսպել ցանկացած էսկալացիա:

«Ես համոզված եմ, որ ՌԴ-ն ունի բոլոր լծակները տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար, և ես ասում եմ՝ չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ ՌԴ-ն թույլ կտա տարածաշրջանում պատերազմի վերսկսում: Չեմ կարող հավատալ նույնիսկ, որ Ադրբեջանը կհամարձակվի որևէ սադրանքի կամ գործողության գնալ՝ առանց աշխարհաքաղաքական պայմանների առկայության: Պետք է բոլորս մեր պայմանագրային փոխադարձ պարտավորությունների նկատմամբ լինենք առավել նախանձախնդիր և անկեղծ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ Մոսկվա վերջին այցից հետո հստակեցրել է՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն առաց մութ անկյունների:

«Մենք բացարձակապես բաց, անկեղծ քաղաքականություն ենք վարում և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի, և՛ ՆԱՏՕ-ի, և´ բոլորի հետ, մեր որևէ հարաբերության մեջ ոչ մի ուրիշ գործընկերոջ նկատմամբ դավադրություն չի կարող լինել, ամեն ինչ պետք է լինի բաց, պարզ ու թափանցիկ»,- հստակեցրեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Բելառուսի նախագահի հետ հանդիպումը եղել է հենց այդ համատեքստում:

«Բելառուսի նախագահի հետ ուղիղ, պարզ խոսակցություն է եղել այդ մասին: Հայաստանի բոլոր քաղաքացիներս այս իրավիճակները պետք է հասկանանք՝ այո, մենք ազգովի պետք է ամեն րոպե պատրաստ լինենք պատերազմի, որովհետև մեր երկրի անվտանգությունից առավել կարևոր խնդիր չունենք: Իհարկե մեր դարավոր բարեկամ, եղբայր ՌԴ-ն ունի բոլոր հնարավորությունները և լծակները` թույլ չտալու Ադրբեջանին գնալ սադրանքի, և չեմ կարող հավատալ, որ ՌԴ-ն այդ լծակները չի գործադրի, բայց ասում եմ՝ պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանել մեր հայրենիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել նաև Իսրայելի տարածքով Սլովակիայի զենքը Ադրբեջան արտահանելու հարցը: Ըստ սլովակական Dennik N թերթի հետաքննության՝ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա է տրամադրել։ Դրանք տարանցել են Իսրայելով և հայտնվել Ադրբեջանում։ Իսրայելում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր մտահոգությունն էր հայտնել այս կապակցությամբ: Մեր հարցին, թե արդյոք Իսրայելում Հայաստանի դեսպանը չպե՞տք է մտահոգություն հայտնի զենքի վաճառքի հարցով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Իսրայելում Հայաստանի դեսպանը նոր է սկսել իր գործունեությունը, նրա նստավայրը Երևանում է, ես մեկնելուց առաջ ընդունել եմ նրան, խոսակցություն ենք ունեցել, որոշակի հանձնարարականներ են տրվել իրեն»:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ