Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Աբովյան քաղաքում որդերի միջոցով օրգանական պարարտանյութեր են արտադրվում


Կալիֆորնիական կարմիր որդերի շարժունակության և մեծ ախորժակ ունենալու շնորհիվ կարելի է ստանալ քիմիական որևէ տարր չպարունակող օրգանական պարարտանյութ։

«Կալիֆորնիական կարմիր որդերը բերվել են Կրասնոդարից, անվնաս են, հիվանդության հարուցիչներ չեն։ Սովորական անձրևորդերից տարբերվում են իրենց ավելի շարժունակությամբ եւ մեծ ախորժակով»,- պատմում է «ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լուսինե Նալբանդյանը։ 

Աբովյան քաղաքում գործող ընկերությունը կալիֆոռնիական որդերի միջոցով արտադրում է կենսահումուս, որը օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Այն ապահովում է բույսի աճի համար սննդանյութեր, բարելավում է ֆոտոսինթեզի գործընթացը: Ընկերության հիմնադիր-տնօրեն Լուսինե Նալբանդյանը ասում է, որ օրգանական պարարտանյութերի մեջ աճեցված բույսերն ավելի փարթամ են և հիվանդությունների, վնասատուների նկատմամբ ավելի բարձր դիմադրողականություն ունեն:

Ընկերության տարածքում գտնվող հողամասում տեսանելի են իտալական կանաչ ռեհանը, հազրեվարդը (ռոզմարին), տերեւակաղամբը, եղեսպակը, դեկորատիվ դդմիկները։ Լուսինեն ցույց է տալիս կանաչապատ տարածքի վերջնամասում գտնվող եգիպտացորենի ցողունները եւ ասում, որ այս տարի առաջին անգամ ունենալու են գունավոր՝ կարմիր, դեղին, սեւ, հատիկներով եգիպտացորեն։ Նպատակն է ցույց տալ, թե օրգանական պարարտանյութերի առկայությամբ, առանց քիմիկատների Հայաստանում հազվադեպ աճող բույսերն ինչպես կարելի է աճեցնել, եւ ինչ տեսք կունենան դրանք։ 

Ընկերության արտադրամասում շարքով դրված են հողանման զանգվածով լցված բեռնասայլերը, կողքին՝ ցուցադրական տարա։ Լուսինեն բացում է տարայի կափարիչը, ցույց տալիս որդերին` ծղոտի ու գոմաղբի խառնուրդի մեջ։

Առաջին բեռնասայլում օրգանական կենսահումուսն է` որդերի կողմից մշակված գոմաղբի, կոմպոստի խառնուրդից առաջացած զանգվածը։ Կոմպոստն օրգանական հարուստ նյութերի քայքայման արդյունքում ստացված զանգվածն է, ընկերությունն այն ստանում է Աբովյան քաղաքի սնկարտադրության գործարանից. սունկը աճում է ծղոտի, եւ թռչնաղբի վրա։ Որդերն ուտում են գոմաղբն ու կոմպոստը, արտաթորանքից ստացվում է փափուկ հողանման զանգված, այն որեւէ հոտ չունի:

Մինչեւ ծրագիրը սկսելը հիմնադիրները կարեւորել են թափոնների վերամշակումը, ուստի սնկարտադրությունից մնացած թափոնները վերաօգտագործում են։

Կենսահումուս արտադրելու նպատակն է անցնել բնական, էկոլոգիապես մաքուր բանջարեղենի աճեցմանը։

«Մեր գործունեությունը, կարծես, հիմք է` նպաստելու գյուղատնտեսության զարգացմանը։ Փորձում ենք չստեղծել նոր թափոն, հոգ տանել արդեն եղածի մասին։ Ի տարբերություն գոմաղբի՝ կենսահումուսով աճեցված բույսն ավելի արագ է մեծանում եւ հիվանդությունների դեմ ավելի դիմակայուն է»,- ասում է տնօրենը։

Ընկերության հաջորդ արտադրանքը սուպերմիքսն է՝ տորֆի, ավազի հատիկների ու կենսահումուսի խառնուրդ։ Այն սենյակային բույսերի, սածիլների աճեցման համար է: Մեծ ցանքատարածքների ու այգիների համար էլ արտադրվում է նոր տեսակ՝ հատիկավորված կենսահումուս, որը հարմար է պարարտացրիչ մեքենայի միջոցով դաշտերում ցրելու համար։

Ընկերությունն արտադրում է նաեւ հեղուկ պարարտանյութ, որն օգտագործվում է կաթիլային ոռոգման միջոցով։

Արտադրամասի ներսում փոքր ջերմոց ունեն, որտեղ աճեցնում են տարբեր երկրներից բերված բույսեր, ինչպես նաեւ վնասատուներին ճնշող հատկություններով օժտված ծաղիկներ։

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։