HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Օհանյանի գործով վկաներից մեկի ցուցմունքը մեղադրական է

Այսօր շարունակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը: Դատարանը լսեց 4 վկայի ցուցմունքները, որոնցից միայն մեկն էր կրում մեղադրական բնույթ, այն էլ, ըստ էության, ուղղակիորեն վերաբերում էր ամբաստանյալի աթոռին հայտնված մյուս անձին՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին: 

Դատարանն առաջինը լսեց 1967 թ. ծնված Կարեն Օհանյանին՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2007-ի հունվարից: Նա նշեց, որ Մարգար Օհանյանի հետ նորմալ ընկերական հարաբերությունների մեջ է: Վերջինս ժամանակին աշխատել է իր հոր հետ, հետեւաբար միմյանց ճանաչում են շատ վաղուց: 

Այսօր հարցաքննված բոլոր վկաներն էլ սկզբում պնդում էին, որպեսզի դատարանը հիմք ընդունի նախաքննության ժամանակ իրենց տված ցուցմունքները: Սակայն բոլոր դեպքերում էլ դատավոր Մխիթար Պապոյանը նկատում էր, թե «համարեք, որ ձեր նախաքննական ցուցմունքը ոչ ոք չի կարդացել, պատմեք այն, ինչ ձեզ հայտնի է»:

Կարեն Օհանյանը նշեց, որ բենզինի խնդրի հետ կապված՝ անձամբ ինքը ամսական 2 անգամ ընդհանուր 350 լիտր բենզին է ստացել «ստարշինայից»՝ ամբաստանյալ Սամվել Մախմուրյանից, եւ երբեւէ չի եղել այնպիսի դեպք, որ ինքն իր ստացած բենզինի փոխարեն բաշխման քարտում ստորագրի բոլորովին այլ՝ մեծ թիվ: Իսկ թե իր ստորագրթյուններից հետո հաշվետվություններում բենզինի թվաքականը ինչպես է ներկայացվել, ինքը տեղակլ չէ:

«Ես բենզինի հետ ընդհանրապես կապ չունեմ»,- ասաց Կ. Օհանյանը: Նա հավելեց, որ մեկ անգամ իրեն տեսուչներն ասել են, թե ստացված բենզինը չի բավականացնում ծառայությանը, ինքն էլ՝ որպես վաշտի հրամանատար, այդ դժգոհությունը փոխանցել է այն ժամանակ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանին: Վերջինս էլ ասել է՝ եթե լինի, կավելացնենք: Կողմերի հարցերին ի պատասխան՝ Կ. Օհանյանը հստակեցրեց, որ տեսուչները բողոքում էին ոչ թե շատ ստորագրելու ու քիչ ստանալու համար, այլ ուղղակի, որ բենզինը քիչ է: Իսկ թե տեսուչները կոնկերտ ինչ կարգով եւ ինչ քանակի բենզին են ստացել, ինքը տեղյակ չէ:

Գրեթե նույն ցուցմունքը տվեց նաեւ մյուս վկան՝ 1979 թ. ծնված Արմեն Սարգսյանը՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատարը: Նա միայն մանրամասնեց, որ իր իմանալով՝ անշարժ պահակակատերի ծառայողները օրական ստանում էին 5-ական լիտր, իսկ երթուղիներում պարեկային ծաառայություն իրականացնողները՝ 10-ական լիտր բենզին: Նա հատուկ ընդգծեց, որ երբեւէ որեւէ տեսուչ իրեն չի բողոքել ստացած բենզինի սակավության կամ քիչ ստանալու ու շատ ստորագրելու համար: Եվ որեւէ անգամ բենզինի սակավության պատճառով իրենց աշխատանքները չեն խոչընդոտվել: 

Հաջորդ վկան Արմեն Մնացականյանն էր՝ ՃՈ ֆինանսական բաժանմունքի պետը, որը կատարել է նաեւ հաշվապահի պարտականություններ: Մարգար Օհանյանի հարցերին ի պատասխան՝ վերջինս հստակեցրեց, որ թե 2008-ից առաջ, երբ ՃՈ պետը Մ. Օհանյանը չէր, եւ թե դրանից հետո իրենց բենզինի քանակը եղել է նույնը, սակայն հետագայում բյուջեից ստացվող միջոցների 30 տոկոսի կրճատման պատճառով համապատասխան չափաքանակի բենզինի պակասը արդեն լրացրել են արտաբյուջետային միջոցների հաշվին, որոնք գոյացել են ՃՈ աշխատակիցների գանձումների եւ խախտումների դիմաց արձանագրված ակտերի հաշվին: 

Այսօր հարցաքննված վերջին վկան Ստեփան Սեդրակյանն էր՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի նախկին հրամանատարը: Նա նշեց, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ 2011-ի մայիսին ղեկավարությունն իրեն ուղարկել է թոշակի: Նրա ղեկավարած վաշտը սպասարկել է Արարատի եւ Արմավիրի մարզերը ու ծառայության համար բենզինի կտրոնները, ինչպես ասաց վկան, ստացել է ամբաստանյալ, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանից:

Սեդրակյանի՝ դատարանում եւ նախաքննության ժամանակ տրված ցուցմուքներում կային էական հակասություններ: Վկան երկու դեպքում էլ պնդել է, որ քիչ բենզին է ստացել, սակայն քարտում ստորագրել է անհամամետ ավելի մեծ թվի դիմաց: Նման հանձնարարական իրեն տվել է Ս. Կարախանյանը:

Առաջին հարցաքննության ժամանակ՝ 2011-ի օգոստոսին, Սեդրակյանը քննիչին պատմել է, որ Կարախանյանից ամեն ամիս ստացել է 3100, իսկ տարվա մեջ 4 անգամ՝ զորակոչային ամիսներին՝ 4100 լիտր բենզին: Փոխարենը ստորագրել է, թե իբր սովորական ամիսներին ստացել է 8000-10000 լիտր, իսկ զորակոչային ամիսներին՝ 10000-15000:

Արդեն երկրորդ նախաքննական ցուցմունքում, սակայն, վկան, ի պատասխան քննիչի այն հարցադրմանը, թե Կարախանյանի պնդմամբ՝ Դուք ամեն ամիս ստացել եք 6000 լիտր բենզին, պատասխանել է, թե այո, զորակոչային ամիսներին ստացել եմ մինչեւ 6000 լիտր բենզին, իսկ սովորական ամիսներին ստացածս բենզինը չի գերազանցել 5000 լիտրը:

Դատարանում նա պնդեց իր երկրորդ ցուցմունքը, բայց անընդհատ կրկնում էր, որ հիշողության հետ խնդիրներ ունի: Դատավոր Պապոյանն այդպես էլ չստացավ իր այն հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ Սեդրակյանը նախաքննության փուլում՝ առաջին հարցաքննության ժամանակ, կոնկրետ թվերով հիշել է, թե դրանից 2 տարի առաջ ինչքան բենզին է ստացել, իսկ արդեն երկու-երեք ամիս անց «լավ չի հիշում» ամիսների վաղեմության իրադարձությունները, մասնավորապես՝ 2011թ. մայիսին ստացած բենզինի քանակը: 

Ստեփան Սեդրակյանը դատարանում հայտարարեց, թե հարցաքննության ժամանակ քննիչն իրեն թվերի հետ կապված ուղղորդել է, հետո էլ պնդեց, որ այդպիսի բան չի եղել. ինքը գրել եւ հիմա էլ ասում է այն, ինչ վերհիշում է: Մասնավորապես, ըստ վկայի՝ ծառայություն իրականացնելիս ինքն անձամբ օրական ծախսել է 30-35 լ բենզին, սակայն Կարախանյանից ստացած բենզինից ամսական 600 լիտրն է պահել իրեն, մնացածը բաժանել է երկու տեղակալներին (ամսական 400-ական լիտր) եւ տեսուչներին (ամսական 70-90-ական լիտր): Մեղադրող Հ. Հարությունյանը նկատեց, թե ստացվում է, որ անձամբ նա ամսական սպառել է նվազագույնը 900 լիտր բենզին, փոխարենը ստացել է 600 լ:

«Քանի որ հավելավճարներ շատ եմ ստանում, օրական 20 լիտր բենզին իմ գրպանից եմ լցրել»,- ասաց Սեդրակյանը: Մարգար Օհանյանը խնդրեց, որպեսզի վկան տրամադրի այն բենզալցակայանների անունններն ու հասցեները, որտեղից օրական 20 լիտր բենզին է լցրել իր գրպանից: Վկան կոնկրետ պատասխան չկարողացավ տալ, հետո հստակեցրեց, թե ոչ թե օրական, այլ ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ է իր գրպանի հաշվին բենզին գնել:

«Ստացվում է, որ օրական ձեր մեքենան 30-35 լ բենզին է ծախսել, բայց Դուք ամսվա մեջ, չգիտես ինչպես, բավարարվել եք ընդամենը 620 լիտր բենզինով՝ 600-ը ստացել եք, 20-ը ձեր գրպանից լիցքավորել»: Հարցին ի պատասխան ՝ վկան ասաց. «Այո, իմ մեքենան շատ բենզին է ծախսում»:

Նախաքննության ընթացքում վկա Սեդրակյանը քննիչին ասել է, որ բենզինի սակավության առնչությամբ Կարախանյանին բազմիցս դժգոհություն է հայտնել, վերջինս էլ ասել է, թե ստորագրված, բայց պակաս ստացված բենզինը ընթացքում կլրացվի: Իսկ արդեն դատարանում վկան նշեց, որ շատ քանակի բենզինի դիմաց ստորագրելու, բայց քիչ ստանալու կապակցությամբ որեւէ մեկին չի դժգոհել, Կարախանյանի միայն ասել է, թե բենզինը ծառայությանը չի բավականացնում:

Մարգար Օհանյանը վկա Սեդրակյանին ասաց, որ վերջինս երբ ցանկացել է, զանգել է իր բջջային հեռախոսին կամ երբ ուզել է, հանդիպել են: «Եթե նման բան կար, ինչո՞ւ մեկ անգամ չասացիր, որ Կարախանյանն այդպիսի բան է անում»,- հարցրեց ՃՈ նախկին պետը:

«Չէ, չեմ ասել, իմ մեղավորությունն է դա»,- ասաց վկա Ստեփան Սեդրակյանը: 

Դատավարությունը կշարունակվի հունվարի 19-ին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter