HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Հայաստանից Ռուսաստան կապիկների ներմուծման արգելքի պատճառ են եղել կեղծված փաստաթղթերը և ԵԱՏՄ պահանջների խախտումը

Հունիսի 15-ին Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր, Россельхознадзор) ժամանակավոր սահմանափակումներ սահմանեց Հայաստանից կապիկների ներկրման համար:

«Նշված սահմանափակումները մտցվել են Հայաստանից նշված կենդանիների ներմուծման փաստաթղթային և ֆիզիկական վերահսկողության ժամանակ հաճախակի խախտումների պատճառով, որոնք հայտնաբերվել են Ռոսսելխոզնադզորի կողմից»,- նշված է ՌԴ վերահսկող մարմնի տարածած հայտարարության մեջ:

Ռոսսելխոզնադզորը, «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, մանրամասնել է արգելքի պատճառները: Այսպես, մայիսի 25-ին Ռուսաստան են տարվել երկու կապիկներ, որոնք ուղեկցվել են մայիսի 22-ին տրված անասնաբուժական սերտիֆիկատներով: Դրանցում նշվել է կենդանիների կարանտինացման ժամկետը՝ 30 օր, ինչը չի համապատասխանել իրականությանը, քանի որ նույն կենդանիները մայիսի 7-ին արդեն իսկ եղել էին Շերեմետևո օդանավակայանում, որտեղից հետ էին ուղարկվել Հայաստան՝ հայտնաբերված խախտումների պատճառով: Փաստորեն, միևնույն կենդանիների համար ձևակերպվել են նոր փաստաթղթեր, նշվել է ուրիշ արտահանողի անուն, և կենդանիները կրկին ուղարկվել են Ռուսաստան:

Կարանտինի սխալ ժամկետի նշումը միակ խախտումը չի եղել, որի պատճառով Ռուսաստանը որոշել է դադարեցնել կապիկների ներկրումը Հայաստանից:

«ԵԱՏՄ անասնաբուժական օրենսդրության նորմերի և կանոնների համաձայն՝ Հայաստանը, որպես ներմուծող երկիր, թույլատրելով պետական անասնաբուժական հսկողության կողմից վերահսկելի ապրանքի ներմուծումը, որը չի համապատասխանում միասնական անասնաբուժական պահանջներին, պետք է ապահովվի ներմուծված ապրանքի շրջանառությունն այնպես, որ բացառի դրա փոխադրումը [ԵԱՏՄ] անդամ-երկրի տարածք, որտեղ դրա ներմուծումն արգելված է»,- գրված է Ռոսսելխոզնադզորի պատասխանում:

Անասնաբուժական վերահսկողության ծառայությունը հայտնում է, որ Հայաստան կատարած այցի ժամանակ Ռոսսելխոզնադզորի մասնագետներին չեն ներկայացվել այնպիսի փաստաթղթեր, որոնք կհաստատեին Սուդանից կապիկներին Հայաստան ներմուծելու ժամանակ Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական պահանջների պահպանումը:

Բացի այդ, 2018թ-ի ապրիլին Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) Ռոսսելխոզնադզորին վստահեցրել է, որ ռուսական պատվիրակության 2017թ-ի այցից ի վեր Սուդանից կապիկների ներմուծում չի իրականացվել, և Ռուսաստան էկզոտիկ կենդանիների մատակարարման դեպքում այդ մասին կտեղեկացվի ռուսական վերահսկողական մարմինը:

«Այս կերպ, անասնաբուժական օրենսդրության հայտնաբերված խախտումներից հետո և պաշտպանելու համար Ռուսաստանի տարածքը առանձնապես վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից, որոնք ընդհանուր են մարդկանց և կենդանիների համար, Ռոսսելխոզնադզորը նպատակահարմար է համարել միջոցներ կիրառել՝ Հայաստանից Ռուսաստան կապիկների ներմուծման սահմանափակման ուղղությամբ», - հայտնել են ռուսական ծառայության տեղեկատվության բաժնից:

Հայաստանի ՍԱՊԾ-ն շտապել է տեղեկացնել, որ Ռուսաստանի սահմանած արգելքը վերաբերում է միայն կապիկների ներմուծմանը, սակայն այդպես էլ չի անդրադարձել արգելքի պատճառներին: «Հետք»-ի գրավոր հարցմանը ՍԱՊԾ-ն պատասխանել է, որ Հայաստան ներմուծված, այնուհետև Ռուսաստան փոխադրված կապիկները նույնականացված չեն եղել: Բացի այդ, ուղեկցող սերտիֆիկատում «եղել են որոշակի անհամապատասխանություններ երրորդ երկրներից ԵՏՄ տարածք ներմուծվող ենթահսկման բեռների միասնական անասնաբուժական պահանջների համեմատ»: ՍԱՊԾ-ն հավելում է, որ այդ անհամապատասխանությունները եղել են տեխնիկական բնույթի և շտկվել են՝ «երրորդ երկրի լիազոր մարմնի հետ տարված աշխատանքների արդյունքում»:

«Ներկայումս Ծառայության կողմից աշխատանքներ են տարվում Ռոսսելխոզնադզորի հետ ՀՀ-ից ՌԴ-ի տարածք կապիկների փոխադրման ժամանակավոր սահմանափակում կարգավիճակի վերացման ուղղությամբ»,- վստահեցնում է ՍԱՊԾ-ն:

Ռոսսելխոզնադզորի պատասխանից պարզ է դառնում, որ նշված կապիկներին Հայաստանից արտահանելու փորձ է արել Էդուարդ Խաչատուրյանը, որի նկատմամբ Ռուսաստանում ամիսներ առաջ քրեական գործ էր հարուցվել՝ խոշոր խարդախության մեղադրանքով: Խաչատուրյանը Մոսկվայի մերձակայքում մասնավոր կենդանաբանական այգի ունի և համագործակցում է ՌԴ Պոլիոմելիտի և վիրուսային էնցեֆալիտի Չումակովի անվան պետական հետազոտական ինստիտուտի հետ, որի փորձարկումների համար պարբերաբար կապիկներ է մատակարարում Ռուսաստան: Քրեական գործի նյութերի համաձայն՝ Խաչատուրյանի կողմից ինստիտուտին մատուցած ծառայությունների գինը գերազանցել է նմանատիպ ծառայությունների միջին շուկայական արժեքը 457 մլն ռուբլիով (մոտ 3.9 մլրդ դրամ):

Բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ 2017թ-ի ընթացքում Հայաստանից կապիկներ արտահանելու համար տվել է 3 հատ թույլտվություն՝ 60 կապիկ արտահանելու համար: Արտահանվել են 32-ը, իսկ մնացածի համար տրված թույլտվությունները «վերադարձվել են բնապահպանության նախարարություն՝ վավերականության ժամկետներն ավարտված լինելու պատճառով»:

32 կապիկները Հայաստան էին բերվել Սուդանից՝ 2016թ-ին: Խաչատուրյանը դրանք տեղափոխել է Մոսկվայի կազմի մեջ մտնող Դեսնա գյուղի իր առանձնատուն: Հետաքրքիր է, որ ՍԱՊԾ-ն ներկայացնում է այլ թիվ. 2017թ-ին Հայաստանից Ռուսաստան է փոխադրվել 35 կապիկ:

Տարբեր տարիների բնապահպանության նախարարության տրամադրած տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ 2010թ-ից ի վեր նախարարությունը Էդուարդ Խաչատուրյանին թույլտվություններ է տրամադրել մոտ 180 կապիկների արտահանման համար, ինչը այս խմբի՝ արտահանման թույլտվություն ստացած կենդանիների մոտ 50%-ն է: Վերջին անգամ 28 կապիկներ արտահանելու թույլտվություն Խաչատուրյանը ստացել է այս տարվա ապրիլի 10-ին:

լուսանկարում՝ Երևանի կենդանաբանական այգու կապիկներից մեկը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter